Սպիտակ տուն. «Չինաստանն օգտագործում է Վրաստանը ԱՄՆ մաքսատուրքերը շրջանցելու համար»
Չինաստանի դեմ ԱՄՆ մաքսատուրքերն ու Վրաստանը
Սպիտակ տան հրապարակած զեկույցի համաձայն՝ Չինաստանն օգտագործում է երրորդ երկրները, այդ թվում՝ Վրաստանը, ԱՄՆ սահմանած մաքսատուրքերը շրջանցելու համար։
Թրամփի վարչակազմի զեկույցում որպես Չինաստանի «ստվերային բեռնափոխադրման ցանցի» մասնակիցներ մատնանշվել են 40 երկրներ և տարածքներ։ Սպիտակ տունը նշել է, որ հնարավոր է՝ այդ երկրները ներգրավված են եղել ԱՄՆ առևտրային սահմանափակումները շրջանցելու գործում, մասնավորապես՝ Չինաստանի համար նախատեսված ապրանքներ տեղափոխելու և վերամշակելու միջոցով։
Հրապարակված զեկույցում երկրների տնտեսությունները բաժանված են 3 կատեգորիայի՝
Առաջին կատեգորիան ներառում է այն երկրներն ու առևտրային միավորումները, որոնք ստանում են Չինաստանի հետ կապված ապրանքների զգալի ծավալներ, բայց նաև ունեն դիվերսիֆիկացված արդյունաբերական շուկաներ: Սպիտակ տունն այս խմբում ներառում է Կանադան, Եվրամիությունը, Հնդկաստանը, Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Թայվանը:
Երկրորդ կատեգորիան ներառում է այն երկրները, որոնց բնորոշ է Չինաստանի հետ զգալի տնտեսական ինտեգրումը: Զեկույցի համաձայն՝ դրանց թվում են Բրազիլիան, Ինդոնեզիան, Մալայզիան, Թաիլանդը, Թուրքիան ու Վիետնամը:
Երրորդ կատեգորիան ներառում է Չինաստանի «երկրորդական թիրախները»: Սպիտակ տան տվյալներով՝ այս խումբը ներառում է համեմատաբար փոքր տնտեսությունները, այդ թվում՝ Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Շվեյցարիան, Պանաման, Կոլումբիան, Չիլին, Կամբոջան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Զեկույցի համաձայն՝ դեպի երրորդ երկրներ չինական ապրանքների ուղղորդումն այն մեխանիզմներից մեկն է, որոնց միջոցով ընկերությունները փորձում են խուսափել Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերից։
Սպիտակ տան կողմից հրապարակված այս զեկույցը ներկայացված է ԱՄՆ վարչակազմի ավելի լայն առևտրային քաղաքականության համատեքստում։ Դրա հիմնական նպատակներից մեկը Չինաստանից ներմուծման սահմանափակումների հանդեպ վերահսկողության խստացումն է, ինչպես նաև երրորդ երկրների միջոցով մաքսատուրքերի շրջանցման դեմ պայքարը։
2025 թվականի տվյալների համաձայն՝ Չինաստանից Վրաստան ներմուծված ապրանքների ծավալը կազմել է 1.98 միլիարդ դոլար, մինչդեռ դեպի ԱՄՆ վրացական արտահանման ծավալը կազմել է ընդամենը 120 միլիոն դոլար։
Չինաստանից Վրաստան ներմուծված ապրանքների ծավալը զգալիորեն գերազանցում է Վրաստանի կողմից ԱՄՆ արտահանված ապրանքների արժեքը։ 2025 թ․-ի տվյալներով՝ Չինաստանից Վրաստան ներմուծված ապրանքների ամենամեծ կատեգորիան ֆեռոհամաձուլվածքներն էին։
Նույն ժամանակահատվածում Վրաստանից ԱՄՆ արտահանվող հիմնական ապրանքներն էին էլեկտրաէներգիայի արտադրության սարքավորումներն ու մարդատար մեքենաները։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանից ներմուծումը կազմում է Վրաստանի և Չինաստանի միջև առևտրի զգալի մասը, մինչդեռ դեպի ԱՄՆ շուկա Վրաստանից արտահանման ծավալը մնում է համեմատաբար փոքր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց Չինաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանել և աստիճանաբար բարձրացնել դրանք 2025 թվականի փետրվարին։
2025 թվականի ապրիլին դրանք հասել էին 145%-ի։ Պեկինը Վաշինգտոնին պատասխանեց հայելային միջոցներով՝ ամերիկյան ապրանքների համար սահմանելով 125% մաքսատուրք։
Նույն թվականի մայիսին կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ն սահմանված մաքսատուրքերը 145%-ից իջեցրեց մինչև 30%, իսկ Չինաստանը՝ 125%-ից մինչև 10%։ Մինչև 2025 թվականը սահմանված այլ մաքսատուրքեր մնացին ուժի մեջ։
ԱՄՆ Կոնգրեսի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ չինական ապրանքների վրա ներկայումս գործում են տարբեր մաքսատուրքեր, որոնք սահմանված են ԱՄՆ մի շարք օրենքներով։ Այդ մաքսատուրքերից մի քանիսն ուղղված են անմիջապես Չինաստանի դեմ, իսկ մյուսները վերաբերում են տնտեսության առանձին ճյուղերի և ազդեցություն ունեն նաև Չինաստանի վրա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Չինաստանի դեմ ԱՄՆ մաքսատուրքերն ու Վրաստանը