Ավելի քան 32 հազար դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ վիճակագրական տվյալներ
ՀՀ քաղաքացիության դիմումների աճ
«Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու դիմումների կտրուկ աճ է նկատվում։ 2025 թ․-ին դրանց քանակը գերազանցել է 32 հազարը, ինչը ՀՀ գոյության պատմության ողջ ընթացքի պատմական մաքսիմումն է»,- այսօր հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
Ղազարյանն ասում է՝ դրան նախորդած երկու տարիներին քաղաքացիության դիմումները եղել են 20 հազարից ավելի, իսկ ավելի վաղ՝ 7-8 հազար։
Պաշտոնյայի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հիմնական նպատակը ճամփորդական փաստաթուղթ ունենալն է։
«Տեսնում ենք՝ ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես՝ ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, ճամփորդական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, և հետո տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ»,- շեշտել է նա և հավելել՝ ՌԴ այն քաղաքացիները, որոնք դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, մեծամասամբ ազգությամբ հայեր են։
Ղազարյանը հերքել է պնդումները, թե Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը բարդ է։ Ասում է՝ ազգությամբ հայերի համար պահանջները «զրոյական» են։
«Հնարավոր է՝ առկա են վարչարարական բարդություններ, այսինքն՝ մարդը չունի բավարար փաստաթղթեր ազգության հիմքերն ապացուցելու համար, մի տվյալը սխալ է, մեկ այլ տվյալի հետ պետք է համադրել, ճշտել։ ՀՀ-ն ազգությամբ հայերին, ըստ էության, որևէ պահանջ չի առաջադրում»,- մանրամասնել է նա։
Ինքը՝ Ղազարյանը, ազգությամբ հայերի նկատմամբ պահանջներ չունենալը խնդրահարույց է համարում, առաջին հերթին, քաղաքացիության ինստիտուտի արժևորման տեսանկյունից։
«Առաջիկայում մենք նաև կներկայացնենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը կհասցեագրի այդ խնդիրները»,- նկատել է նա՝ առանց մանրամասներ հայտնելու։
Ասուլիսի ընթացքում Ղազարյանն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանն անդրադարձել են նաև միգրացիոն գործընթացներին, ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսությանը։
- ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
- «Աջակցություն հետընտրական ռիսկերը հաղթահարելու համար»․ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության մասին
- «ՀՀ եվրաինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան երկխոսության սառեցումն է»․ Փաշինյան
Սահմանահատումների՝ ելքերի և մուտքերի տարբերությունը դրական է
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը հիշեցրել է՝ նախորդ տարի ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերության «զգալիորեն դրական» ցուցանիշ էր արձանագրվել՝ 8660։
Այս տարվա առաջին կիսամյակում ելքերի և մուտքերի տարբերությունը 1347 է։
«Մուտքերը եղել են 871․409, իսկ ելքերը կազմել են՝ 870․062։ Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների առաջին կիսամյակի ցուցանիշների հետ, ապա անցյալ տարի թիվը եղել է -20 065, իսկ 2024 թ․-ին՝ -22 893»,- նկատել է Դավթյանը։
Ընդգծել է՝ սովորաբար ցուցանիշը բարելավվում է տարվա երկրորդ կիսամյակում՝ պայմանավորված աշխատանքային միգրացիայի ավանդական հոսքերով, որոնց դեպքում գարնան սկզբում արձանագրվում են ելքեր, իսկ աշնանը՝ մուտքեր։ Այդ առումով 2026 թ․-ի առաջին կիսամյակի սահմանահատումների տարբերությունը բնորոշել է որպես «բացառիկ ցուցանիշ»։
6059 անձի տրամադրվել է ժամանակավոր կացության կարգավիճակ
ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանն ասում է՝ Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է տրանզիտի և միգրանտներ ընդունող երկրի։
«Երկրորդ կարևորագույն միտումն այն է, որ օտարերկրացիների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է»,- նկատել է նա։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը տեղեկացրել է՝ մեկ տարով նախատեսված ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ներկայացվել է 9534 դիմում, որոնցից 6059-ը բավարարվել է․
«Նախորդ տարիների համեմատ արձանագրվել է դիմումների մոտ եռակի աճ, մոտ երեք անգամ էլ ավելացել է նմանատիպ դիմումների բավարարման ցուցանիշը»։
Դավթյանի խոսքով՝ համեմատաբար փոքր, բայց որոշակի աճ է արձանագրվել նաև երեք տարվա կացության դիմումների մասով։
«Եթե նախորդ տարիներին ցուցանիշը 1500-1700-ի շրջանակում էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով կազմել է 2085»,- նկատել է նա։
ԵՄ-ից վիզաների ազատականացման հետ կապված 53 հանձնարարական է ստացվել
Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝ Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում Եվրամիության հետ վիզաների ազատականացման ուղղությամբ։
Հիշեցրել է՝ 2026 թ․-ի մայիսին հայկական կողմը ստացել է գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բավականին դրական են գնահատվել ՀՀ կողմից արդեն իսկ կատարված քայլերը։
«Մեզ Եվրամիության կողմից ներկայացվել են 53 հանձնարարականներ, որոնք մեր տնային աշխատանքի նպատակով բաժանել ենք կոնկրետ գործողությունների։ Մանրամասնել ենք այդ հանձնարարականները, թե ինչ քայլեր պետք է իմպլեմենտացնենք, որպեսզի հասնենք դրանց կատարմանը»,- մանրամասնել է Ղազարյանը։
Ասում է՝ 53 հանձնարարականների հիման վրա մշակվել են 117 գործողություններ, որոնց կեսից ավելին արդեն արված է։
Վերոնշյալ հանձնարարականները վիզաների ազատականացման ծրագրի գործողությունների առաջին փուլի մաս են, դրանք վերաբերում են միայն օրենսդրության և քաղաքականության մշակմանը։
Ակնկալվում է, որ 2027 թ․-ի մեկնարկին կամ առաջին կիսամյակում հնարավոր կլինի ամփոփել առաջին փուլի գործողություններն ու արձանագրել դրական արդյունքներ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ քաղաքացիության դիմումների աճ