«Անցում ոչ ճգնաժամային կառավարման»․ Փաշինյանը՝ գործադիրի նոր ծրագրի մասին
ՀՀ կառավարության 2026-2031 թթ․ ծրագիրը
Գործադիրն այսօր հավանություն է տվել Հայաստանի կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ նոր ծրագիրն ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության և Չորրորդ հանրապետության տեսլականի վրա։
«2026 թ․-ի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով, ի վերջո, հաղթել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ այն ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Հայաստանն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն»,- հայտարարել է Փաշինյանը։
Անդրադառնալով իր ղեկավարման 8 տարիներին՝ նկատել է՝ նախ COVID-19 համավարակի, ապա պատերազմի և հետպատերազմյան իրավիճակի բերումով իրականացվել է ճգնաժամային կառավարում։ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, ինչը հնարավորություն է տալիս «լիարժեք վերադառնալ 2018 թ․-ի թավշյա հեղափոխության օրակարգի չիրականացված հատվածին»։
«Մենք պետք է շարունակենք և նոր թափ հաղորդենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումներին»,- ընդգծել է Փաշինյանը։
Կառավարության ծրագրի համաձայն՝ վերոնշյալ բարեփոխումների խորացումը չափվելու է միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում ՀՀ առաջընթացով։
Հայաստանի կառավարության 2026-31 թվականների ծրագիրը հաջորդ շաբաթ քննարկվելու է Ազգային ժողովում։ Օրենսդրության համաձայն՝ խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո գործադիրը պետք է եռամսյա ժամկետում հաստատի նաև կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը:
Ստորև ներկայացնում ենք առաջիկա 5 տարիներին ակնկալվող ուղենիշային արդյունքներն ու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ամփոփ։
- Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում․ պաշտոնի խոստում Փաշինյանից բարձրակարգ մասնագետներին
- Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը՝ առանց կաթողիկոսի. կարևոր դրվագներ
- 64 մանդատ՝ իշխող ՔՊ-ին․ Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքները
Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում առաջիկա տարիներին
Կառավարության ծրագրում սահմանվել են նաև գործադիրի 2026-31 թթ․ գործունեության արդյունքում ակնկալվող ուղենիշային արդյունքները։ Դրանց շարքում են՝
- Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդումը և հետագա ինստիտուցիոնալացումը,
- ՀՀ շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանումը և հետագա զարգացումը, մասնավորապես՝ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ճանապարհով։
- Հայաստանի ապաշրջափակումը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա,
- ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը,
- ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումների խորացումը։
Առաջիկա 5 տարիների համար փաստաթղթում մատնանշված են նաև ակնկալվող այլ արդյունքներ, որոնք առնչվում են տնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներին, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառոււցվածքների զարգացմանը։
«Հավասարակշռված արտաքին քաղաքականություն»․ ո՞ւմ հետ Երևանը կխորացնի գործընկերությունը
2026-31 թվականներին Հայաստանի կառավարությունը վարելու է հավասարակշռված և հավասարակշռման (նույնն է, ինչ ավելի վաղ հայտարարվող բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը) արտաքին քաղաքականություն։
«Այն ցույց է տվել իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել ՀՀ արտաքին միջավայրը։ Արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջայնացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է»,- ասված է փաստաթղթում։
Ելնելով վերոնշյալ արձանագրումից՝ կարևոր նշանակություն է տրվում Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Մասնավորապես՝
Վրաստան
Շարունակվելու է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի հետևողական իրագործումը, որը ստեղծում է քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային համագործակցության զարգացման, տարածաշրջանային և համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի փոխշահավետ նոր հնարավորություններ։
Իրան
Շարունակվելու են Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանային ենթակառուցվածքների զարգացումը և Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց–Սև ծով):
Թուրքիա
Աշխատանքներ են տարվելու Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու և առնվազն 2 արդիական անցակետ գործարկելու, տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները վերագործարկելու և ընդլայնելու, երկկողմ և բազմակողմ առևտուրը խթանելու ուղղությամբ:
Ադրբեջան
ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու, պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակելու, երկու երկրների քաղհասարակությունների, գործարար համայնքների միջև շփումները և երկկողմ առևտուրն ակտիվացնելու ուղղությամբ:
Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում մատնանշվում է նաև Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի հետ «ռազմավարական գործընկերության խորացումը»։ Ռուսաստանի պարագայում խոսվում է «գործընկերային հարաբերությունների վերափոխման և խորացման» մասին։
Անդրադարձ է արվում նաև ՌԴ հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Մասնավորապես՝ մատնանշվում է ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցություն ծավալելու մասին․
«Շարունակվելու են աշխատանքները ԵԱՏՄ հիմնարար ազատությունների՝ աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան ապահովման, ինչպես նաև անդամ և դիտորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում շեշտվում է, որ շարունակվելու են ԵՄ–ի հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումն ու ինտեգրումը, ինչպես նաև աշխատանքները Եվրամիության ժողովրդավարության և օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական և այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ։
«Ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով»,- նշված է ծրագրում։
Հայաստանն էլ ավելի է խորացնելու գործընկերությունը Նահանգների հետ։ Շեշտվում է, որ շարունակվելու է ոլորտային համագործակցությունը՝ հիմնված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության և երկկողմ փոխըմբռնման հուշագրերի վրա։
«Իրագործվելու է TRIPP [«Թրամփի ուղի»] նախագիծը՝ առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ՝ ինտեգրելով Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում»,- ասված է ծրագրում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ կառավարության 2026-2031 թթ․ ծրագիրը