«TRIPP-ի համար վտանգավոր չէ»․ ՀՀ Աժ նախագահը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին
ՀՀ ԱԺ նախագահը ՝ Իրանի շուրջ և այլ զարգացումների մասին
«Ամենամեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեզ հետ որևէ ձևով կապ չունի։ Եվ հույս ունենք, որ Հայաստանի շահերին դա որևիցե ձևով չի դիպչի»,- Իրանում ընթացող պատերազմի մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա շեշտել է՝ Երևանին չի կարող չանհանգստացնել այն, ինչ տեղի է ունենում հարևան երկրում։ Սիմոնյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը ցավում է զոհերի համար և հույս ունի, որ լարվածությունը կտևի «հնարավորինս կարճ»։
Պաշտոնյայի գնահատմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են միասին խաղաղության եզրեր գտնել և ներկայիս լարվածության պայմաններում անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետությանը զերծ պահել խաղաղության գործընթացը հարվածի տակ դնող ինչ-որ գործընթացից»։
Հարցին՝ արդյոք Իրանի շուրջ զարգացումները և Մերձավոր Արևելքում լարվածությունը կարող են բացասաբար անդրադառնալ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրագործման վրա, Սիմոնյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ»։
Ճեպազրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական օրակարգի մի շարք հարցերի։
Մանրամասները՝ ստորև
- Ընտրակաշա՞ռք, թե՞ տնտեսական աճի արդյունք․ ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան
- «Հայոց եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի»․ եպիսկոպոսաց հավաքի արդյունքները
- «Պետք է այրել կամուրջները Ռոբերտ Քոչարյանի հետ»․ ՀՀ ԱԺ փոխնախագահը ընտրությունների մասին
«Այս պահին իրանահայերի հոսք չկա»
ԱԺ նախագահը խոսել է Իրանում բնակվող հայերի՝ ՀՀ տեղափոխվելու հնարավորության մասին և շեշտել՝ այս պահին նման իրավիճակ չկա։
«Ես տեղեկություն չունեմ, թե նման վտանգ կամ միտում կա։ Նման միտում չկար նաև 2025 թ․-ի հունիսին Իսրայելի ու Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ։ Բնականաբար, նման պարագայում մենք պլաններ ունենք, սակայն այս պահին նման հոսք չի եղել և չկա»,— նկատել է Սիմոնյանը։
«Կան երկրներ, որոնք կուզեն ՌԴ-ից գնել ՀՀ երկաթուղու կառավարման իրավունքը»
Խորհրդարանի խոսնակը հերթական անգամ հայտարարել է՝ Հայաստանի երկաթուղու հետ կապված հարցերը նախևառաջ քննարկվում են ռուսական կողմի հետ։
«Ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանք։ Միևնույն ժամանակ դա մեզ համար կենսական նշանակություն ունեցող պրոյեկտ է, որի հետ կապված մենք այլընտրանք չունենք չքննարկելու»,- արձանագրել է նա։
Մյուս կողմից Ալեն Սիմոնյանը նկատել է՝ կան երկրներ, որոնք հետաքրքրվել են և կուզենան Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը գնել Ռուսաստանից.
«Ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ: Բնականաբար, դրա մասին հետաքրքրություն, խոսակցություն կա: Այլ հարց է, թե վերջում ինչ որոշում կլինի»։
ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ Հայաստանի երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու վերաբերյալ որոշում չկա, բանակցությունները դեռ շարունակվում են:
Հայաստանի երկաթուղու կառավարումը երրորդ երկրի փոխանցելու հնարավորության մասին բարձրաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ՌԴ-ի կողմից երկաթուղու կառավարման բերումով Հայաստանը մրցակցային առավելության կորուստ է ունենում: Վերջերս Փաշինյանը նշել էր, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը կարող է ձեռք բերել Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամ որևէ երկիր։ Օրինակ էր բերել Ղազախստանը, ԱՄԷ-ն, Քաթարը։
2008 թվականից ի վեր հայկական երկաթուղիները հանձնվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը։ Այն «Ռուսական երկաթուղիներ»-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է։ Հայաստանը Ռուսաստանին խնդրել է հնարավորինս շուտ վերականգնել երկաթուղու՝ Թուրքիա և Ադրբեջան տանող հատվածները։ Այլ կերպ հնարավոր չի լինի ամբողջությամբ ապաշրջափակել Հայաստանը։
«Ռոբերտ Քոչարյանն անհանգստանալու բան ունի»
Իր վերջին ասւոլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իրենից լավ ոչ ոք չի կարող «այս ճգնաժամային իրավիճակից երկիրը հանել»։
Իշխող ուժի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Քոչարյանը չպետք է խոսի երկրի ղեկավարման մասին, քանի որ անհանգստանալու այլ բան ունի, մասնավորապես՝ Դաշնակցության (ՀՅԴ) հետ հատելո՞ւ է շեմը, հայտնվելո՞ւ է խորհրդարանում, թե՞ ամբողջ ընդդիմադիր ռեսուրսն այլ կուսակցություններ են վերցնելու:
Նշել է՝ 2021 թ․-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը շուրջ 21 տոկոս ձայն էր ստացել։ ԱԺ նախագահի համոզմամբ՝ ակնհայտ է, որ 2026 թ․-ին «21 տոկոսի առյուծի բաժինն այլևս Քոչարյանին ձայն չի տալու, տալու է այլ ընդդիմադիր կուսակցության»։
Կարծում է՝ առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար մրցելու են գործարարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը, որոնց իշխանություններն անվանում են «ռուսաստանցի և հայաստանցի օլիգարխներ»։
«Նրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար: Երկուսն էլ ձայն են տանելու «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից»,- նկատել է նա։
Միլիարդատեր Սամվել Կարապետյանը ներկա պահին տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Թեև նա առաջադրվել է վարչապետի թեկնածու, սակայն կա սահմանադրական արգելք․ Կարապետյանը ոչ միայն ՀՀ, այլև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։ Գագիկ Ծառուկյանը դեռևս չի հայտարարել, թե ով է լինելու իր գլխավորած ուժի վարչապետի թեկնածուն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ ԱԺ նախագահը ՝ Իրանի շուրջ և այլ զարգացումների մասին