Փողոցային հարցում Վրաստանում ընդդիմության արգելքի շուրջ
Պետությունը պե՞տք է իրավունք ունենա արգելելու քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ Այս հարցին պատասխանել են Թբիլիսիի բնակիչները։
Համատեքստ
Հոկտեմբերի 21-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսեց քննել 5 ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած հայցը։
Հայցում, որը ստորագրել են «Վրացական երազանք»-ի 88 պատգամավորներ, պնդում է արվում, որ այդ կուսակցությունները խախտել են Սահմանադրության 23-րդ հոդվածը, որն արգելում է այն քաղաքական կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը, որոնք նպատակ ունեն տապալել կամ բռնի կերպով փոխել երկրի սահմանադրական կարգը։
Ընդդիմադիր կուսակցությունների արգելքը սովորական սահմանադրական հայց չէ։ Դատարանի վճիռը կորոշի, թե վերջնարդյունքում ինչպիսի երկիր կդառնա Վրաստանը։ Հետևաբար, գործը հսկայական ուշադրության է արժանանում։
Թբիլիսիի բնակիչների մեծ մասը լրագրողներին ասել է, որ քաղաքական կուսակցությունների արգելքն անընդունելի է մի երկրի համար, որը ձգտում է ժողովրդավարական լինել: Նրանք ընդգծել են բազմակուսակցական համակարգի և ժողովրդի ընտրության իրավունքի կարևորությունը:
Շատերը ներկայիս իրավիճակը դիտարկել են որպես քայլ բռնապետության ուղղությամբ: Նրանք հիշել են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և նույնիսկ Խորհրդային Միությունը:
Հարցվածներից մեկը կրկնել է վրացական քարոզչական ալիքներով արված այն պնդումը, որ ընդդիմությունը փորձել է այրել խորհրդարանը և հեղաշրջում իրականացնել, ուստի նրա գործունեությունը պետք է արգելվի:
Մեկ այլ հարցված պատասխանել է, որ կուսակցությունների արգելքի հարցը կարող է դառնալ քննարկման առարկա, բայց միայն այն դեպքում, եթե գործընթացը արդար և թափանցիկ լինի:
Շատ անցորդներ ձեռնպահ են մնացել պատասխանելուց և փորձել են խուսափել նկարահանվելուց, ինչը լիովին կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ փողոցում զբոսնող մարդիկ սովորաբար խուսափում են քաղաքական բնույթի հարցերից: