Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան է վերադառնում։ Նա տոմս է գնել հոկտեմբերի 2-ի համար
Վրաստանի իշխանության գլխավոր ընդդիմադիր գործիչ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաղորդել է, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան հայրենիք է վերադառնում։
Վրաստանի իշխանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Վրաստանում նա հեռակա դատապարտվել է Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հանցանշաններ թաքցնելու և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի կազմակերպման համար։ Վրաստանի օրենսդրությունը դատապարտվածներին և դատվածություն ունեցողներին արգելում է պետական ծառայության անցնել։ Մեծ է հավանականությունը, որ Սաակաշվիլին կալանավորվելու է հենց օդանավակայանում։
Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել Facebook-ում, իսկ մեկնաբանություններում տեղադրել է Կիև-Թբիլիսի չվերթի ավիատոմսի պատճենը։ Սաակաշվիլին Թբիլիսի է ժամանելու հոկտեմբերի 2-ին, ժամը 23:05, իր մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ։
Սաակաշվիլիի խոսքով՝ երկրի ճակատագիրը կանխորոշելու են հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և ինքը չի կարող անտեսել այդ գործընթացը։
«Մենք բոլորս պետք է գնանք ընտրությունների և քվեարկենք, արձանագրենք մեր դիրքորոշումը։ Հենց ընտրատեղամասերը փակվեն, մենք պետք է դուրս գանք մեր քաղաքների և գյուղերի կենտրոններ և միասին պաշտպանենք մեր հաղթանակը։
Վճռվում է Վրաստանի ճակատագիրը, մեր գոյության ճակատագիրը, ես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից»։
Օգոստոսի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայում հանդիպել էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Հանդիպումից մեկ օր առաջ Ղարիբաշվիլին հայտարարություն էր արել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին։
«Մենք փողկապների մեծ հավաքածու ունենք՝ նրան դիմավորելու և բանտում հարմարավետություն ապահովելու համար», — ասել է Ղարիբաշվիլին։
Միխեիլ Սաակաշվիլին ներկա պահին Ուկրաինայի քաղաքացի է։ Ուկրաինայի նախագահը 2020 թ․-ի մայիսին նրան նշանակել է Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
Միխեիլ Սաակաշվիլիի նախորդ հայտարարությունն այն մասին, որ Վրաստան է վերադառնում, նա արել էր անցյալ տարվա օգոստոսի 27-ին։
Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 2-ին։ Ընդդիմությունը հույս ունի, որ, այս ընտրություններում հաղթանակ տանելով, կարող է հասնել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։