Երկու անձի մահվան դեպք ՀՀ խնամքի կենտրոնում․բացահայտում 7 ամիս անց
Մահվան դեպքեր Խարբերդի խնամքի կենտրոնում
Հայաստանում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ դեռևս ամիսներ առաջ՝ 2026 թ․-ի ապրիլին Խարբերդի խնամքի կենտրոնում գրանցվել է երկու խնամվողի՝ 24-ամյա տղամարդու և 35-ամյա կնոջ մահվան դեպք։ Լրագրողի փոխանցմամբ՝ հանցանքը բացահայտվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետևողական աշխատանքի արդյունքում։
Ոլորտային գերատեսչությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը չի հերքել հրապարակված տեղեկությունները։ Գերատեսչությունը «տարակուսելի» է որակել այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած դեպքի մասին հրապարակում է արվում նոյեմբերին։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ իր համար տարակուսելի է՝
- «նախարարությունն ամիսներ առաջ հանրությանը չի տեղեկացրել առնվազն երկու հաստատված դեպքերի մասին,
- մինչ օրս չեն հրապարակվել դեպքերի քննության արդյունքները, և պարզ չէ՝ արդյոք նախարարությունն ինքնուրույն ուսումնասիրություն իրականացրել է,
- չի ներկայացվում, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել հետագա մահվան դեպքերը կանխելու համար»։
«Եթե նախարարությունը դեռևս ապրիլին տեղեկացրել է իրավապահ մարմիններին, ապա անցած յոթ ամիսների ընթացքում ի՞նչ է արել հենց նախարարությունը՝ հաստատության մյուս բնակիչների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար»,- հարցնում է Հովսեփյանը։
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ վերջին տասը տարում միայն խնամքի հաստատություններում գրանցվել է մահվան 1543 դեպք, որից 131-ը՝ մանկատներում։
Կարծում է՝ ժամանակն է, որ ստեղծվի խնամքի հաստատություններում մահվան դեպքերի ուսումնասիրության և կանխարգելման անկախ, մասնագիտացված և հանրային վստահություն վայելող միասնական մեխանիզմ։
«Առաջնային հարցը պետք է լինի՝ ի՞նչ է պետք փոխել հաջորդ մարդու մահը կանխելու համար»,- արձանագրել է Հովսեփյանը։
Խարբերդի խնամքի կենտրոնը (նախկինում՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ։ Ի սկզբանե հաստատությունը նախատեսված է եղել 6-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար, սակայն այնտեղ խնամվում են նաև բազմաթիվ չափահաս սաներ։
2026 թ․-ի նոյեմբերի 12-ից մանկատունը վերանվանվել է խնամքի կենտրոն։ Կառավարության որոշմամբ հստակ սահմանվել է նաև, որ այստեղ կարող են շուրջօրյա խնամք ստանալ ոչ միայն երեխաները, այլև տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ մտավոր, հոգեկան և վարքային խնդիրներ ունեցող անձինք։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները, մեկնաբանություն
- «Անհամաչափ միջոցը մարդուն զրկեց կյանքից»․ կարծիքներ՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործչի մահվան մասին
- «Ուսուցիչ կոչվելու իրավունք չունի»․ ՀՀ դպրոցներից մեկում ֆիզիկական բռնության դեպք է գրանցվել
- «Դաստիարակվածներին համարում են խեղճ»․ պատանիների շրջանում բռնության դեպքերը ՀՀ-ում
Ի՞նչ է հաղորդվել դեպքի մասին
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկություններ է ստացել, որ ամիսներ առաջ գրանցվել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում բնակվող անձանց մահվան դեպք։
Հրապարակման համաձայն՝ խնամքի կենտրոնում կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են այդ կենտրոնի տնօրինությանը, որ այնտեղ բնակվող 5 անձինք առողջական ծանր վիճակում են․
«Չնայած մի քանի անգամ տրված նախազգուշացումներին, նրանք բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն զգուշացումներից երեք օր անց, ինչից հետո նրանցից երկու երեխայի կյանքը փրկել չի հաջողվել»։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ամիսներ առաջ գրանցված մահվան դեպքերի մասին քաղաքացուց հաղորդում է ստացվել նոյեմբերի 4-ին։
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը»,- գրել է Tert.am-ը:
Դեպքի առթիվ Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը)։ Կատարվում է նախաքննություն։
«Նման կենտրոններում հնարավոր են մահվան դեպքեր»․ նախարարության պարզաբանումը
«Խարբերդի խնամքի կենտրոնում բնակվում են տարբեր, այդ թվում՝ ծանր առողջական խնդիրներով անձինք և նման կենտրոններում ցավալիորեն հնարավոր են մահվան դեպքեր»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։
Նրա փոխանցմամբ՝ նման դեպքերում սահմանված կարգով անհապաղ տեղեկացնում են իրավապահ մարմիններին։
«Տեղի ունեցածի բոլոր մանրամասները անմիջապես փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Տեղի կունենա պատճաշ քննություն և դեպքի բոլոր մանրամասները կպարզաբանվեն»,- նշել է Կոստանյանը։
Անդրադառնալով խնամքի կենտրոնում մատուցվող ծառայություններին՝ նկատել է՝ կենտրոնում գործում է 24-ժամյա բուժծառայություն՝ հերթապահ բժիշկների և բուժքույրերի միջոցով, ովքեր «կազմակերպում են պատշաճ բժշկական օգնության տրամադրումը, ինչպես տեղում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, պացիենտին հասպիտալացնելիս»։
Վստահեցրել է՝ նշված 2 անձանց պարագայում ևս բուժանձնակազմը տեղում ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները, այնուհետև «առանց ուշացման տեղափոխել բժշկական կենտրոն»։
Փորձագիտական կարծիք
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Մուշեղ Հովսեփյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախարարությունը չի անդրադարձել պնդմանը, որ «բժիշկները երեք օր շարունակ ահազանգել են տնօրինությանը բնակիչների առողջական ծանր վիճակի մասին»։
«Իրավապահ մարմիններին տեղեկացնելը նախարարությանը չի ազատում իր ենթակայությամբ գործող հաստատությունում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներն ուսումնասիրելու, համակարգային խնդիրները բացահայտելու և դրանց կրկնությունը կանխելու պատասխանատվությունից»,- ընդգծել է նա։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ եթե նույնիսկ որևէ հանցակազմ չհայտնաբերվի, դա դեռևս չի նշանակում, թե պետությունը կատարել է մարդու կյանքի իրավունքի պաշտպանության իր բոլոր պարտավորությունները։
Որպես օրինակ՝ Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ-ի՝ «Վալիդիթի հիմնադրամը՝ Թ. Ջ.-ի անունից ընդդեմ Հունգարիայի» գործով 2024 թ․-ի վճռից։
Նրա փոխանցմամբ՝ թեև դիահերձման արդյունքում պարզվել էր, որ հաստատությունում պահվող անձի մահվան անմիջական պատճառը թոքաբորբն էր, որի կապակցությամբ նա բուժում էր ստացել հիվանդանոցում, ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ «հենց իշխանությունները պետք է հաշվետու լինեին տիկին Թ.Ջ.-ին տրամադրված խնամքի համար և ապացուցեին, որ խնամքի հաստատությունում նրա կյանքը պատշաճ կերպով պաշտպանված էր»։
Շեշտում է՝ արդյունքում ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է կյանքի իրավունքի խախտում։
Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ խնամքի հաստատություններում մահվան դեպքերի մասին խոսելիս արդեն հոգնեցնող են պնդումները, թե «մարդիկ առողջական ծանր խնդիրներ են ունեցել», «հաստատություններից դուրս էլ են մարդիկ մահանում» և այլն։
«Մարդկանց առողջական ծանր վիճակը չի նվազեցնում պետության պատասխանատվությունը։ Ընդհակառակը՝ պետությունից պահանջում է նրանց կյանքի պաշտպանության առավել բարձր երաշխիքներ»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Մահվան դեպքեր Խարբերդի խնամքի կենտրոնում