«Երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թ․-ին»․ ՀՀ փոխարտգործնախարարը՝ TRIPP-ի մասին
ՀՀ փոխարտգործնախարարը՝ TRIPP-ի մեկնարկի մասին
Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հայ-ամերիկյան TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին, լինելու է «բավականին մեծ շինարարական տարի»։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Երկաթգիծը պարզ է, թե ինչ ուղեգծով պետք է անցնի։ Այս պահին որոշակի մաքրման աշխատանքներ են իրականացվում տարածքը նախապատրաստելու համար։ Սա արվում է, որպեսզի մյուս տարի արդեն սկսենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները»,– նկատել է նա։
TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկն ազդարարվել էր ընդամենը երկու օր առաջ՝ նոյեմբերի 23-ին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էին եկել ուղերձներով։ Հրապարակվել էր նաև կարճ տեսանյութ ՀՀ հարավից՝ Սյունիքի մարզից։
Կադրերում երևում է, որ տեխնիկայի միջոցով տարածքի մաքրման և հարթեցման աշխատանքներ են իրականացվում Մեղրիի երկաթուղային թունելի մուտքի մոտ։
Անդրադառնալով երկաթուղու տեխնիկական պարամետրերին՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ նախնական տարբերակն արդեն կա.
«Մյուս տարվա սկզբին հետազոտություն իրականացնող կազմակերպությունն արդեն կամփոփի և վերջնական կտրամադրի մեզ արդյունքները, որտեղ նաև ինժեներական լուծումները հստակ կլինեն, թե կոնկրետ ինչ պետք է անենք»։
Հարցազրույցում Կոստանյանն անդրադարձել է նաև մի շարք այլ թեմաների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ էներգետիկ համակարգի փոխկապակցմանը, Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններին։
ՀՀ հարավով անցնող «Թրամփի ուղին» (TRIPP) Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն է։ Բացի այդ, այդ ճանապարհն Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Նախատեսվում է, որ ՀՀ տարածքով անցնող շուրջ 43 կիլոմետրանոց հատվածը կներառի երկաթուղի, ավտոմայրուղի, էներգետիկ ենթակառուցվածքներ և թվային կապուղիներ։
Հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանը վավերացրեց «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Այդ փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն», որն էլ զբաղվելու է նախագծի մշակմամբ և իրականացմամբ։ Սկզբնական ժամանակահատվածում զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ավարտից հետո՝ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու պարագայում Հայաստանի բաժնեմասը կդառնա 49%։
- Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը
- «Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
- TRIPP+ հիմնադրամի ղեկավարը Հայաստանում է․ ի՞նչ է քննարկվել
- «Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար
Նախապատմություն․ Թրամփի և Փաշինյանի ուղերձները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը բնորոշել էր որպես «աներևակայելի ուրախալի առիթ» և նշել, որ շատ հպարտ է դրանով։ Հիշեցնելով 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի մասին՝ Թրամփն ընդգծել էր՝ այսօր շարունակում ենք մեր առաջընթացը «Թրամփի ուղի» նախագծի և բոլորովին նոր՝ «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության մեկնարկով։
«Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների և էներգետիկ հոսքերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովել, որ այն ունենա մեծ, մեծ հաջողություն»,- ասել էր ԱՄՆ նախագահը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը TRIPP-ը որակել էր որպես անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագիր։ Ըստ նրա՝ այն ունենալու է՝
- «բացառիկ նշանակություն ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում․
էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, ՀՀ գործարար միջավայրի զարգացմանն ու ներդրումների խթանմանը, - հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն․
լրացուցիչ կենսունակություն է հաղորդելու Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք-Արևելք կապակցվածությանը»։
Փաշինյանն ընդգծել էր՝ «Թրամփի ուղու» իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում․
«Այն բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը»։
Ի՞նչ է հայտարարել ԱԳՄԱ փոխնախարարը
«TRIPP-ը համաշխարհային նշանակություն է ունենալու, այդ թվում՝ Միջին միջանցքում»
Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամեն նախագծի մեկնարկի առիթով չէ, որ ԱՄՆ նախագահը հատուկ ուղերձ է հղում։ Նրա դիտարկմամբ՝ դա
- ցույց է տալիս նախագծի կարևորությունը ոչ միայն ՀՀ, այլև ԱՄՆ-ի համար,
- վկայում է ԱՄՆ շարունակվող հանձնառության մասին՝ ներգրավված լինելու տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացում։
«Վերջին մեկ տարվա բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ TRIPP-ը գլոբալ, համաշխարհային նշանակություն է ունենալու թե՛ Միջին միջանցքի կոնտեքստում, թե՛ շատ ավելի մեծ լոգիստիկ քարտեզների մեջ, և վստահաբար իր տեղը գտնելու է թե՛ TRIPP-ը, թե՛ Նախիջան-ՀՀ երկաթուղային միացումը, որը պետք է տեղի ունենա»,- ասել է նա։
Խոսելով ընթացող աշխատանքների մասին՝ Կոստանյանը նշել է՝ շուտով ֆորմալ առումով Հայաստանում կգրանցվի «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերությունը, ինչից հետո պետք է ստեղծվեն նաև դուստր կազմակերպություններ։
Նրա փոխանցմամբ՝ դրանցից յուրաքանչյուրը պատասխանատու կլինի TRIPP-ի առանձին հաղորդուղիների՝ երկաթուղու, ճանապարհի, էլեկտրագծերի և այլնի համար։
«Պետք է նաև ԱՄՆ գործընկերների հետ հասկանալ յուրաքանչյուր դուստր կազմակերպության տնտեսական մոդելը, համապատասխան աշխատանքներ տանել միջազգային ներդրողների, ֆինանսական ինստիտուտների հետ»,- մանրամասնել է նա։
Շեշտել է՝ «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերությունը ղեկավարելու է TRIPP նախագիծը, իսկ ՀՀ–ն ներգրավվելու է առանձին կազմակերպությունների, որոնք գետնի վրա կիրականացնեն բուն կառուցման աշխատանքները։
Անդրադառնալով կարծիքներին, թե Երևանը հայ-ամերիկյան նախագիծը չպետք է քննարկի Բաքվի հետ՝ Կոստանյանը նշել է՝ նման քննադատության տրամաբանությունը դժվար է հասկանալ, այն «անհիմն է ու բթացած»․
«Հաշվի առնելով այն, որ մեր անմիջական հարևանի տարածքից են այդ ենթակառուցվածքները մտնելու ՀՀ և դուրս գալու ՀՀ-ից, առաջին հերթին, Ադրբեջանի հետ պետք է շփվենք այս մասով»։
Ասում է՝ անհրաժեշտություն կա Բաքվի հետ քննարկել տեխնիկական պարամետրերից՝ երկաթուղու լայնությունից, բեռների ծավալներից մինչև ավելի մեծ սինխրոնիզացիային առնչվող հարցեր։
«Եթե նպատակն է նաև արագություն ապահովել ավելի մեծ՝ Միջին միջանցքի շրջանակներում, ապա քննարկումներ պետք է լինեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Կենտրոնական Ասիայի երկրների, ԵՄ գործընկերների հետ այն մասին, թե ինչպիսի տեխնիկական բազա ենք ապահովում»,- մանրամասնել է նա։
2026 թ․-ի նոյեմբերի 7-ին ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հաղորդեց «Թրամփի ուղի» բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ (ՀՀ, ԱՄՆ, Ադրբեջան) տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկի մասին․
«Կողմերը պայմանավորվել են գործարկել եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով»,- ասված էր հաղորդագրությունում։
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ քննարկում ենք էներգետիկ համակարգերի փոխկապակցման հարցը»
Վահան Կոստանյանի փոխանցմամբ՝ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ քննարկում է, այսպես կոչված, «կղզային մեթոդով» էներգետիկ համակարգերի փոխկապակցման հարցը։
Շեշտել է՝ Թուրքիայի էներգետիկ համակարգը եվրոպական էներգետիկ համակարգի մաս է։ Հետևաբար, հեռանկարում համակարգերի սինխրոնիզացիայի համար Հայաստանը պետք է իր էներգետիկ համակարգը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին։
«Հենց եվրոպական էներգետիկ ցանցը պիտի այդ համաձայնությունը տա, որ տեղի ունենա սինխրոնիզացիան»,- հայտնել է նա։
Փոխնախարարի գնահատմամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ լրացուցիչ էներգետիկ կապերի ստեղծումը կբարձրացնի ՀՀ էներգետիկ համակարգի դիմակայունությունը։
Հիշեցրել է՝ այդ ուղղությամբ արդեն իսկ կան մեկնարկած ծրագրեր Վրաստանի և Իրանի հետ։
Եվրոպական էներգետիկ ցանցի հետ Հայաստանի էներգետիկ համակարգի հնարավոր սինխրոնիզացիայի կոնկրետ ժամկետներ, սակայն, Կոստանյանը չի մատնանշել։
2026 թ․-ի հոկտեմբերի 8-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել էր, որ Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին:
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում «կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ»։
«Ռուսաստանի հետ կամուրջներ այրելու միտում չունենք»
Կոստանյանն անդրադարձել է նաև դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգին՝ նշել, որ այն նվիրված է լինելու վերջին ժամանակաշրջանում հայ–ռուսական հարաբերություններում կուտակված խնդիրների վերանայմանը։
Նրա բնորոշմամբ՝ վերանայումը միտված է լինելու բացառապես «հարաբերություններն առողջացնելուն և առաջ նայելուն»․
«Մենք որևէ կերպ միտում չունենք խզելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, կամ ճգնաժամ ստեղծելու, կամուրջներն այրելու։ ՌԴ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր լինել»։
Փոխնախարարը հույս է հայտնել, որ ՌԴ գործընկերները նույն տրամաբանությամբ են մոտենում երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստմանը, և մոսկովյան քննարկումները տեղի կունենան գործընկերային մթնոլորտում։
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելի Ռուսաստան։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում Փաշինյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ կառավարությունների ղեկավարների հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ փոխարտգործնախարարը՝ TRIPP-ի մեկնարկի մասին