Ուզբեկստանից մինչև ԵՄ․ ո՞ր երկրներ են հասել հայկական ապրանքները ՌԴ սահմանափակումներից հետո
ՀՀ արտահանման աշխարհագրության փոփոխություն
Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել Եվրամիություն արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը։ Առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման համաձայն՝ կազատականացվի դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերը ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։
Եվրամիությունը նման որոշում է ընդունել Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների համար կիրառված սահմանափակումների ֆոնին։
Դեպի ԵՄ երկրներ հայկական ծագման ապրանքների արտահանման աճ է արձանագրվել դեռևս նախքան ԵՄ կողմից արտոնյալ ռեժիմի սահմանումը։ 2026 թ․-ի հունվար–հունիս ամիսներին հայկական ծագման ապրանքների արտահանումը գերազանցել է 516 մլն դոլարը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է ավելի քան 80%։
Մինչ հայտնի կդառնան արտոնյալ ռեժիմի սահմանման առաջին արդյունքները, հայկական Factor TV-ն ուսումնասիրել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներն ու պարզել՝ ավանդաբար Ռուսաստան արտահանվող ապրանքներն արտահանվել են Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Ուկրաինա և Իրաք։
- Հայաստանի արտահանման նոր քարտեզը․ ԵՄ սահմանած արտոնյալ ռեժիմի մասին
- ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
- Պատասխան ՌԴ սահմանափակումներին․ Հայաստանի կառավարությունը կաջակցի հայ արտահանողներին
- Տնտեսությունը՝ ազդեցության լծակ․ ընտրություններից առաջ ՌԴ-ն ճնշում է Հայաստանին
Արտահանման ավելի քան 94%-ը բաժին է ընկել 3 երկրի
ՍԱՏՄ ներկայացրած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսին արտահանման ավելի քան 94%-ը բաժին է ընկել Ուզբեկստանին, Վրաստանին և Ուկրաինային, մասնավորապես՝
- մրգերի արտահանման մոտ 48%-ն իրականացվել է Ուզբեկստան,
- շուրջ 34%-ը՝ Վրաստան,
- մոտ 12%-ը՝ Ուկրաինա։
Հուլիսին առաջին տեղում արդեն Վրաստանն է, որին բաժին է ընկնում արտահանման մոտ 35.3%-ը։
Վրաստանին հաջորդում է Ուզբեկստանը՝ 21%, ապա Ղազախստանը՝ 13.06%, Ուկրաինան՝ 10.5%, և Իրաքը՝ մոտ 8.2%։
Ուշագրավ է, որ 2025թ․ հունիսին միայն դեպի ՌԴ արտահանվել է ելակի և դիտարկված մրգերի 86.7%-ը, հուլիսին՝ 87.2%-ը։
Պետությունը փոխհատուցել է շուրջ 3.96 մլրդ դրամ
Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Հայաստանի կառավարությունը գործարկել է հայ արտահանողներին աջակցող ծրագրեր։
Դրանց շրջանակում նախատեսվում է սուբսիդավորում և դրամական փոխհատուցում, այդ թվում այլ շուկաներ արտահանման մաքսատուրքերի։
Հունիս-հուլիս ամիսներին ելակի, ծիրանի, կեռասի, սալորի, նեկտարինի և դեղձի արտահանման համար պետությունը փոխհատուցել է շուրջ 3.96 մլրդ դրամ։
Կառավարությունը փոխհատուցել է հունիս-հուլիս ամիսների արտահանման ծավալի մոտ 90%-ը․
«Ելակի, ծիրանի, կեռասի, սալորի, նեկտարինի և դեղձի արտահանումը կազմել է շուրջ 16 հազար 752 տոննա, իսկ պետական փոխհատուցում տրամադրվել է 15 083 տոննայի համար»։
Աջակցության ծրագրերը շարունակվել են նաև օգոստոսին։ Այդ ամսվա արտահանումների և մթերումների աջակցության համար նախատեսվել է շուրջ 4.52 մլրդ դրամ։ Այդ գումարը, սակայն, ներառել է ոչ միայն թարմ մրգերը, այլև բանջարեղենը, ծաղիկները և այլ ապրանքներ։
Ավելի քան 80%-ը բաժին է ընկել ծիրանին ու կեռասին
Factor TV-ի փոխանցմամբ՝ հունիս և հուլիս ամիսների տվյալները միասին դիտարկելու դեպքում պատկերը հետևյալն է՝ մրգերի արտահանման համար հատկացված 3 մլրդ 961 մլն դրամի 81%-ը բաժին է ընկել ընդամենը 2 պտղատեսակի՝ ծիրանին և կեռասին՝
- ծիրանի համար տրամադրվել է շուրջ 1.86 մլրդ դրամ,
- կեռասի համար՝ մոտ 1.338 մլրդ դրամ։
Բացի այդ, ելակի համար հունիս-հուլիսին վճարվել է շուրջ 226.8 մլն դրամ, դեղձի համար՝ 251 մլն, նեկտարինի համար՝ 175.4 մլն, սալորի համար՝ մոտ 110.5 մլն դրամ փոխհատուցում։
Ընդգծենք, որ փոխհատուցումը Հայաստանից արտահանված յուրաքանչյուր կիլոգրամի համար չի տրամադրվում ավտոմատ կերպով։
Տնտեսվարողը նախ դիմում է Էկոնոմիկայի նախարարություն, ներկայացնում արտահանումը հաստատող մաքսային կամ տարանցման հայտարարագրերն ու հաշիվ-ապրանքագիրը։ Նախարարությունն ուսումնասիրում է դիմումը և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տրամադրում փոխհատուցում՝ ըստ ապրանքատեսակի։
Կառավարության ընդունած որոշումների համաձայն՝ 1 կգ ելակի համար սահմանվել է 770 դրամ փոխհատուցում, 1 կգ ծիրանի համար՝ 200 դրամ, 1 կգ նեկտարինի համար՝ 250 դրամ, 1 կգ կեռասի համար՝ 400 դրամ։
Որոշ մրգերի դեպքում փոխհատուցման չափը մոտ է եղել մրգի վաճառքի միջին գնին։
Օրինակ՝ հունիս ամսին ելակի 1 կգ-ի իրացման միջին գինը կազմել է 933 դրամ, աջակցությունը՝ 770 դրամ/կգ։
Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած գները արտադրողների իրացման միջին ցուցանիշներն են և պարտադիր չէ, որ համընկնեն արտահանողների՝ ապրանքների ձեռքբերման փաստացի գների հետ։
«Այս համեմատությունը ցույց է տալիս պետական աջակցության հարաբերական մեծությունը, բայց չի բացահայտում արտահանողների տրանսպորտային, մարքեթինգային և այլ ծախսերը, շահույթը կամ արտաքին շուկայում վաճառքի գները»,- ասված է հրապարակման մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ արտահանման աշխարհագրության փոփոխություն