Պատասխան ՌԴ սահմանափակումներին․ Հայաստանի կառավարությունը կաջակցի հայ արտահանողներին
Աջակցության ծրագիր հայ արտահանողների համար
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծումը սահմանափակելու պատճառով Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը։ Նպատակը հայկական արտադրանքի մրցունակության բարձրացումն է։
Ընդունված որոշման համաձայն՝ արտահանված արտադրանքի համար հայ տնտեսվարողներին կտրվի դրամական փոխհատուցում։
«Ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար սահմանվել է 770 դրամ, լոլիկի 1 կիլոգրամի համար՝ 275 դրամ, պղպեղի՝ 400 դրամ և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ աջակցություն»,- նիստի ընթացքում տեղեկացրել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ վերադաձվելու է նաև ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Միաժամանակ նշել էր, որ հաջորդիվ կներկայացվի նաև մրգի արտահանման սուբսիդավորման ծրագիրը։
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՌԴ-ն սահմանափակումներ է կիրառել պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։ Միաժամանակ արգելել է ՀՀ-ից ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Որպես պատճառաբանություն մատնանշվում է որակական անհամապատասխանությունը։
Հայ փորձագետներն ու պաշտոնյաները խնդիրը դիտարկում են նախընտրական տրամաբանության մեջ և ակնկալում, որ ընտրություններից՝ հունիսի 7-ից հետո այն կկարգավորվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ հունիսի 1-ին՝ իր ծննդյան օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են․ «Ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ, հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»։
Մինչ այդ Հայաստանին օգնության ձեռք կմեկնի Եվրամիությունը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստում է ՀՀ-ին աջակցելու հատուկ փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով անհապաղ ֆինանսական աջակցություն։ Տեղեկացրել է, որ ձեռնարկվելու են նաև միջոցներ որոշ հայկական ապրանքների առևտուրը դյուրացնելու ուղղությամբ։
«Վաղը Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկներից բաղկացած բեռ, և դրան կհետևեն նոր մատակարարումներ»,- արձանագրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Աջակցության ծրագրի մանրամասները, ՌԴ սահմանափակումների մասին Երևանի և Մոսկվայի վերջին հայտարարությունները
- «Հակված չենք լարվածության»․ Երևանի արձագանքը Մոսկվայից հնչող հայտարարություններին
- Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են աջակցություն ստանալ․ ծրագրի մանրամասները
Թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումից կարող են օգտվել բացառապես ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք։
Արտադրանքի արտահանումը պետք է իրականացված լինի 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
«Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն ծաղիկ»,- հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Նրա փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում միջոցառման ժամկետը կարող է վերանայվել։
Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ փոխհատուցում ստանալու համար տնտեսվարողները պետք է էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում ներկայացնեն հուլիսի 1-ից հետո։ Դիմումին պարտադիր պետք է կցված լինի 2 փաստաթուղթ՝
- ապրանքի տարանցման հայտարարագիր կամ ապրանքների հայտարարագրերի պատճեններ,
- հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ ապրանքագիր)։
Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է մտցվել նաև մեկ այլ՝ 2025 թ․-ի փետրվարից ուժի մեջ մտած «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ։ Այդ որոշման համաձայն՝ կառավարությունն աջակցում է դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ ապրանք արտահանող տնտեսվարողներին։
Եթե մինչ այս որպես ապրանք էր դիտարկվում միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, ապա այժմ որոշումը կտարածվի նաև գյուղատնտեսական արտադրանք համարվող մշակաբույսերի վրա (թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ)։
Տրամադրվող աջակցությունը ենթադրում է ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքի փոխհատուցում։
Երևանի և Մոսկվայի վերջին հայտարարությունները
ՌԴ փոխվարչապետ․ «Որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման նկատմամբ»
«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման նկատմամբ։ Ընթանում է սովորական, բնականոն աշխատանք՝ կապված այն հանգամանքի հետ, որ հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է հայտնվել, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում որոշ հարցեր են առաջանում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Կարծում է՝ Ռուսաստանի կողմից կիրառվող միջոցառումները վերահսկողական գործընթացի մաս են։
Օվերչուկի պնդմամբ՝ նոր բերքի ստուգումները նպատակ ունեն պաշտպանել սպառողներին և կանխել հնարավոր ռիսկերը։
«Մենք պետք է պաշտպանենք Ռուսաստանի սպառողներին։ Նոր բերք է ստացվել, պետք է տեսնենք, թե ինչ են բերում մեզ՝ կան վնասատուներ, հիվանդություններ, ինչը կարող է վտանգ ներկայացնել ինչպես սպառողների, այնպես էլ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է»,- հայտարաել է ՌԴ փոխվարչապետը։
Մեկ այլ հարցազրույցում Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ հանդեպ ստանձնած պարտավորությունները, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրամիություն։
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը, իր հերթին, անդրադարձել է ռուսական շուկայում հայկական արտադրանքի փոխարինման հնարավորությանը։
«Այն, ինչ մենք կկորցնենք ՀՀ-ում, իհարկե, կփոխարինենք, այդ թվում՝ Ադրբեջանից մատակարարվող արտադրանքով»,- շեշտել է Տիտովն ու հավելել, որ Ադրբեջանը կարող է ավելի մեծ ծավալներ մատակարարել, քան Հայաստանը։
Փաշինյան․ «ԵԱՏՄ շրջանակում ՀՀ համար խնդիրներ է ստեղծում պատերազմի եռագլուխ կուսակցությունը»
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու մեջ է մեղադրել «պատերազմի եռագլուխ կուսակցությանը»։
Իշխող ուժն այդպես է անվանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երեք ուժերի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։
Պնդել է՝ այսօր «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ԵԱՏՄ-ի շրջանակներում ինչ-որ կապերով ընտրությունների ժամանակ իրենց երկրի համար խնդիրներ է ստեղծում։
«Հասկանալով, որ ընտրություններում ձախողվել են և շրխկալով պարտություն են կրելու՝ նրանք ԵԱՏՄ-ի շրջանակներում լրտեսի նման զանգում են, գնում են, այնտեղ ինչեր են անում՝ մեր երկրի համար խնդիրներ ստեղծելու»,- հայտարարել է Փաշինյանը։
«Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու»․ ՀՀ արտգործնախարար
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ռուսաստանի սահմանափակումներն ունեն իր համար «անհասկանալի և ոչ հիմնավոր պատճառներ»։
«Մենք շատ կառուցողական, գործընկերային մթնոլորտում՝ աշխատանքային քննարկումներով կհարթենք այդ խնդիրները Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ Միրզոյանը նկատել է, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է տվել նոր կապեր, նոր շուկաներ բացահայտել հայ արտադրողների համար։ Ասում է՝ երբ լինեն կնքված գործարքներ, կառավարությունը կհայտարարի ձեռքբերված պայմանավորվածությունների մասին․
«Բազմաթիվ գործընկերներ՝ ԵՄ երկրներից, արաբական երկրներից, մեր անմիջական հարևանությամբ՝ Թուրքիայում, հետաքրքրված են մեր արտադրողների հետ նոր համագործակցություն ձևավորելով։ Արդեն իսկ ծաղիկի խմբաքանակ կա, որ մեկնել է բոլորովին նոր շուկա և այնտեղ սպառվում է»։
Վստահեցրել է՝ կառավարությունը խնդրի հետ մենակ չի թողնելու քաղաքացիներին։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև քաղաքացիների արձագանքներին և մեջբերել դրանցից մեկը։
«Մի ելակ արտադրող այսօր մոտեցել է ինձ և ասում է հետևյալը․ «Պարոն Միրզոյան, մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու»»,- հայտարարել է նախարարն ու հավելել, որ հիանում է ժողովրդի իմաստությամբ, քաջությամբ և ամրությամբ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Աջակցության ծրագիր հայ արտահանողների համար