«Շենքերը չէ, որ ստեղծում են խցանումներ»․ Երևանի քաղաքապետը՝ վարչապետի տիկնոջը
Երևանի քաղաքապետի արձագանքը Աննա Հակոբյանին
«Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում այդ խցանումները։ Հայաստանում ունենք տնտեսական աճ, ֆինանսական ներհոսքեր, մարդիկ ունեն ավել հնարավորություն և գնում են ավտոմեքենա»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այս կերպ քաղաքապետն անուղղակի կերպով արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ Օրերս Հակոբյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր մայրաքաղաքի խցանումներին։ Նա հայտարարել էր, որ Երևանը գնում է առօրյա կյանքի համար «ամենաunfriendly քաղաքը» դառնալու ճանապարհով։
Առաջին տիկինը հարցրել էր՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության, մեքենաների, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը «ինֆարկտի բույն» չդառնան։
«Կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է։ Ճիշտ է՝ ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալը։ «Թույլատրվում է»՝ մի կախարդական մակագրություն, որի համար այնքան քիչ ջանք է հարկավոր և որն այնքան մեծ ազդեցություն ունի»,- հայտարարել էր Հակոբյանը։
Քաղաքապետ Ավինյանի խոսքով՝ բազմաբնակարան շենքերի և բնակելի համալիրների կառուցման ռեկորդային՝ 108 շինարարական թույլտվություն տրվել է 2021 թ․-ին, այսօր հենց այդ շենքերն են շահագործման հանձնվում։ Դրանից հետո, ըստ նրա, նման ծավալի թույլտվություններ չեն տրվել։ Օրինակ՝ 2025 թ․-ին տրվել է ընդամենը 37 թույլտվություն։ Ասում է՝ թեմայի շուրջ կա բնական նյարդ, որն ինքն էլ ունի։ Կարևոր է համարում առկա խնդիրներն արձանագրելն ու փաստահեն լուծումների գնալը։
Տիգրան Ավինյանի պարզաբանումները, ըստ էության, չեն գոհացրել Աննա Հակոբյանին։ Նա դրանից հետո հերթական հրապարակումն է արել «աղետալի խցանումների» մասին և կին վարորդներին հորդորել չլինել հանդուրժող։
«Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս՝ մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են իրենց ուղեղներն աշխատեցնել այս իրավիճակը լուծելու համար»,- հայտարարել է նա։
Ի՞նչ էր հայտարարել Աննա Հակոբյանը, քաղաքապետ Ավինյանի առաջարկած լուծումը և ոչ միայն
- Երեխաները՝ առանց քարսիթի․ ինչո՞ւ ՀՀ-ում մանկական ավտոնստատեղերի օգտագործումը համատարած չէ
- Անշարժ գույքի գները Հայաստանում կրկին բարձրացել են. ՌԴ-ից արտագաղթի նոր ալիք և այլ պատճառներ
- «Տնտեսության և կենսամակարդակի աճ ՀՀ-ում կա, բայց մի փոքր ուռճացված»․ վերլուծություն
Վարչապետի տիկին․ «A կետից C կետ հասնելու համար տիեզերագնացի առողջություն է պետք»
Օրեր առաջ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր՝ մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է «տիեզերագնացի առողջություն»՝ ամուր սրտանոթային և նյարդային համակարգ։
Վստահ է՝ աշխարհի երեսին գոյություն ունի այն գիտությունը, գուցե մի քանի գիտություններ, որ հնարավորություն են տալիս հաշվարկել և վերլուծել, թե այս տեմպերով զարգանալու դեպքում 25 տարի հետո Երևանում քանի մեքենա կլինի և այսօր ինչ է պետք անել դրան պատրաստվելու համար։
Հակոբյանն առաջարկել էր՝ սնկի նման աճող շենքերին զուգահեռ կառուցել էստակադաներ, վերգետնյա, ստորգետնյա և շրջանցիկ ճանապարհներ։
«Այս գիտելիքի հետևից պետք է գնալ, դա ոչ ոք մի քանի միլիոն դոլորանոց նախագծի նման սկուտեղի վրա չի բերում, դնում սեղանին, որպեսզի մնա միայն «թույլատրվում է» մակագրությունը»,- նշել էր նա՝ նկատի ունենալով մայրաքաղաքում տրվող շինթույլտվությունները։
Ըստ նրա՝ երթևեկությունը պլանավորելու համար պետք է հաշվի առնել, թե առաջիկա տարիներին ինչպես կարող են փոխվել Երևանի բնակչության և մեքենաների թվաքանակները։
«Իսկ ի՞նչ կլինի, եթե առաջիկա հինգ տարվա ընթացքում 300-500 հազար մարդ վերադառնա հայրենիք՝ մշտական բնակության։ Իսկ եթե նրանցից 250 հազարն էլ սեփական մեքենայո՞վ գան։ Ի՞նչ ենք անելու, նույնքան մարդ պետք է հեռանա՞, որ փողոցներում տեղավորվենք»,- հարցրել էր Հակոբյանը։
«Լուծման տարբերակները կդրվեն հանրային քննարկման»․ քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ մայրաքաղաքի խցանումների խնդիրը կազմված է 3 հիմնական բաղադրիչից` մարդատար ավտոմեքենաների քանակի աճ, վարելու մշակույթ և հանրային տրանսպորտին արտոնություն տալու անհրաժեշտություն։
Նրա խոսքով՝ առաջիկայում հանրային քննարկման կդրվեն փաստացի լուծումների տարբերակները։ Ավինյանը թվարկել է դրանցից մի քանիսը՝
- ամբողջապես առանձնացնել ավտոբուսների համար նախատեսված գծերը,
- գործադրել շարունակական մեխանիզմներ երթևեկության վրա ազդող խախտումները նվազեցնելու համար,
- մտցնել հստակ և առողջապահական հիմքով սահմանափակումներ մարդատար ավտոմեքենաների համար։
Խոսելով մարդատար մեքենաների մուտքի սահմանափակման մասին՝ քաղաքապետը շեշտել է, որ խոսքը չի գնում մարզերից Երևան եկող մեքենաների մասին, այլ վերաբերում է քաղաքում մեքենաների քանակի նվազեցմանը։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ խցանումների հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի աճն է։ Ասում է՝ անհրաժեշտ է առավելության տալ հանրային տրանսպորտին։
Ըստ նրա՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի կառուցումը և Նորագավիթի էստակադայի շինարարությունը որոշակիորեն կկարգավորեն երթևեկությունը, սակայն չեն վերացնի խցանումները։
Կարծում է՝ նոր կառուցված ճանապարհները կարճ ժամանակ անց կրկին կհայտնվեն խցանումների մեջ, եթե չլինեն սահմանափակումներ, առանձնացված գծեր և խիստ տուգանքներ։
Քաղաքապետն անդրադարձել է նաև բնապահպանական և առողջապահական գործոններին։ Ըստ Ավինյանի՝ կա շատ կոնկրետ աղտոտիչ՝ ազոտի երկօքսիդը, որի մակարդակը Երևանում տարեցտարի առաջանցիկ տեմպերով աճում է հենց մեքենաների պատճառով։ Նշել է, որ դա ուղիղ կապված է թոքային և շնչառական հիվանդությունների հետ։
«Ամենավտանգավորն այն է, որ այդ խնդիրներն առաջին հերթին երեխաներին են վերաբերում»,- արձանագրել է Ավինյանը։
Առաջին տիկնոջ կոչը վարորդներին
Ավինյանի մեկնաբանություններից կարճ ժամանակ անց Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ մարդիկ իրեն շնորհակալություն են հայտնում խնդրին անդրադառնալու համար և նշում, թե «վերջապես մեկը համարձակություն ունեցավ այս մասին խոսել»։
«Ամեն օր հարյուր հազարավոր մարդիկ տառապում են Երևանի խցանումների մեջ, և ստացվում է, որ դրանից դժգոհելը համարձակությա՞ն հարց է»,- հարցրել է նա։
Հակոբյանը կին վարորդներին հորդորել է լինել չհանդուրժող, իսկ տղամարդ վարորդներին՝ ավելի համարձակ։ Կին վարորդներին առաջարկել է նաև աղմկող իրեր պահել մեքենայում և խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձացնել։
Նրա գնահատմամբ՝ պետական կառույցները երբեք չեն լսում այն դժգոհությունը, որը «համարձակություն չունի հնչելու»։
«Թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր․ այ եթե անցած 30 տարում Հայաստանի տնտեսությունը համաչափ զարգանար և ավտոմեքենաների քանակն աստիճանաբար ավելանար, ոչ թե երկրաչափական պրոգրեսիայով, Հայաստանի մայրաքաղաքում այսօր այս վիճակը չէր լինի»,- ամփոփել է Աննա Հակոբյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Երևանի քաղաքապետի արձագանքը Աննա Հակոբյանին