ՀՀ-ում քննարկում են ընտրակաշառքի դեմ պայքարի նոր մեխանիզմների ներդրման հարցը
Ընտրակաշառք բաժանելու սահմանափակումներ ՀՀ-ում
Հայաստանում շարունակվում են հետընտրական զարգացումները։ 4 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները պատրաստվում են առաջիկա օրերին Սահմանադրական դատարանում վիճարկել խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մեծամասնություն, բայց ոչ սահմանադրական։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ Ընդդիմադիրները պնդում են՝ իշխող ուժը «համատարած խախտումներ» է թույլ տվել, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառման տեսքով։ Իշխող ուժը հերքում է այդ մեղադրանքներն ու հայտարարում՝ ընդդիմությունը ձայներ է ստացել բացառապես ընտրակաշառքի արդյունքում։
Հետընտրական զարգացումների ֆոնին Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես է եկել օրենսդրական խստացումների առաջարկով։
Չի բառացել «հանցավոր սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու» տարբերակը։
«Պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող ուժերը չունենան որևէ շանս ՀՀ-ում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պնդել՝ ՀՀ լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել էր ընտրակաշառք տալու և վերցնելու պատժաչափի ավելացման մասին։
Իշխող ուժը մտադիր է նաև արտահերթ նիստում քննարկել մեկ այլ նախաձեռնություն, ըստ որի՝ այսուհետ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան բացառապես այն քաղաքացիները, որոնք ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակվել են Հայաստանում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հանրային» հեռուստաընկերության եթերում պնդել է՝ քաղաքացիներն են պահանջել նման սահմանափակումներ մտցնել։ Ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՏԻՄ օրենքում արդեն իսկ կա նման կարգավորում։
«Զարմանալի է, որ ՏԻՄ-ում մենք ունենք կարգավորում, բայց համապետականում չունենք։ Կարծում եմ՝ նաև օրենսդրությունների սինխրոնացում տեղի կունենա»,- հայտարարել է Կոնջորյանը։
Իշխող ուժի հետընտրական նախաձեռնությունների մասին՝ հակիրճ
- 64 մանդատ՝ իշխող ՔՊ-ին․ Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքները
- Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից
- Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
«Միայն քաղաքացիությունը բավարար չէ»․ 6 ամիս բնակության պահանջ
Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու, օրակարգային հարցերից մեկն էլ լինելու է ՀՀ-ում ընտրություններին մասնակցելու պայմանի սահմանումը․
«Այն քաղաքացիները, ովքեր ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս գտնվել են Հայաստանում, կկարողանան գնալ և մասնակցել ընտրություններին և որոշել մեր պետության ճակատագիրը»։
Տեղեկացրել է՝ նախագիծն այժմ շրջանառվում է։ Կոնջորյանի խոսքով՝ վերջին շրջանի հասարակական-քաղաքական քննարկումների արդյունքում նկատել են, որ կա օրենսդրական կարգավորման կարիք։
Միայն քաղաքացիություն և ՀՀ անձնագիր ունենալն, ըստ նրա, բավարար չէ։ Ասում է՝ քաղաքացին պետք է «օրգանական կապի» մեջ լինի պետության հետ, իր շահերի կենտրոնը լինի Հայաստանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ եթե քաղաքացու շահերի կենտրոնը ՀՀ-ն չէ, տևական ժամանակ չի ապրում հայրենիքում, ապա ստացվում է՝ նա «իր մաշկի վրա չի զգալու» ընտրության հետևանքները։
«Հայաստանի մյուս քաղաքացիներն ասում են՝ լավ դե, ինչքանո՞վ է արդար, չէ՞ որ իր շահերի կենտրոնը ՀՀ-ն չէ։ Եվ դրա ամենավառ օրինակները եղան նաև ընտրությունների ժամանակ, երբ տարբեր քաղաքացիներ, ովքեր եկել էին արտերկրից, ասում էին՝ դե, մենք ընտրում ենք, գնանք, մեզ չեն հետաքրքրում հետևանքները»,— հիշեցրել է Կոնջորյանը։
Ընդգծել է՝ եթե «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» (իշխող ուժն այդպես է անվանում 3 ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը) հանկարծ ՀՀ-ում իշխանություն զավթեր և լիներ պատերազմ, այդ մարդը դրանից շատ առաջ արդեն լինելու էր արտերկրում։ Նա չէր գնալու պատերազմ, իր զավակները չէին գնալու պատերազմ, ինքը իր ունեցվածքը չէր կորցնելու, այդ բոլոր զոհողությունները կրելու էին ՀՀ քաղաքացիները, շեշտել է իշխող ուժի ներկայացուցիչը։
9 տարվա ազատազրկում՝ նախկին 7 տարվա փոխարեն․ ընտրակաշառքի պատժի խստացումներ
ԱԺ-ում կայանալիք արտահերթ նիստի մասին խոսել է նաև խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հայտնել է օրակարգում ներառված ևս մեկ օրենսդրական նախաձեռնության մասին։ Մասնավորապես՝ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները։
Սիմոնյանը տեղեկացրել է՝
- ընտրակաշառք վերցնելու համար նախկինում նախատեսված մինչև 7 տարվա ազատազրկման փոխարեն կսահմանվի մինչև 9 տարվա ազատազրկում,
- ընտրակաշառք տալու համար նախատեսված պատիժը ևս կխստացվի՝ մինչև 8 տարվա փոխարեն սահմանվելով մինչև 10 տարվա ազատազրկում։
Վստահեցրել է՝ սա ընտրակաշառք տվողների և վերցնողների դեմ կիրառվող միակ գործիքը չէ։
«Կլինեն այլ գործիքներ, նաև քաղաքական հետևանքներ կլինեն»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախատեսվող խստացումները դիտարկում է որպես քաղաքական դաշտը «ընտրակաշառատու սրիկաներից» մաքրելուն ուղղված քայլ։
«Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, հիմա այդ քննարկումներն են ընթանում, որ հետագայում ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով»,- նկատել է նա։
Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ներկա պահին ՀՀ օրենսդրությունն այդ մասով «բավականաչափ հստակ չէ, և ընտրակաշառատու սրիկաները կարողանում են մանևրել»։
Օրենսդրական փոփոխությունների առաջարկ Հակակոռուպցիոն կոմիտեից
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է Արդարադատության նախարարին՝ միջնորդելով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ առաջարկի համար հիմք են հանդիսացել 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները։
Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել հանցավոր սխեմաների կիրառման մեխանիզմներն ու դրանց կատարմանը նպաստող հանգամանքները։
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհաղորդվի նաև ընտրակաշառքի սեխմաներում ներգրավված կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու արգելքի նախագծի մշակման մասին։
«Բացահայտե՛ք ընտրակաշառքի սխեման»․ կոչ իրավապահներին
Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նկատել է՝ իր և ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ ինչ-որ մի «տասովշիկ» չէր կարող զարթնել և որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։
«Ակնհայտ է, որ նախ՝ այդ գումարները տվել են և տալուց հրահանգել են՝ սա քեզ փող, կգնաս, կմուծես, որպեսզի ընտրեն մեզ։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը։ Այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել և ուղղորդել այդ ընտրակաշառքները»,- շեշտել է Ռուբինյանը։
Իշխող ուժի ներկայացուցչի պնդմամբ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողները պետք է ձերբակալվեն։
«Ես կոչ եմ անում իրավապահներին բացահայտել այս սխեման»,- հայտարարել է Ռուբինյանը։
Նրա համոզմամբ՝ բավարար չէ ձերբակալել մի քանի հրահանգ կատարողներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև «սխեմայի բուրգի գլուխները»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ընտրակաշառք բաժանելու սահմանափակումներ ՀՀ-ում