«Կերտելով ապագան». Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը
Եվրոպական քաղաքական համայնքը Երևանում է
Հայաստանի մայաքաղաքում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Այն անցնում է «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել 50 պատվիրակությունների շուրջ 500 անդամներ, այդ թվում՝ ՆԱՏՕ,-ի ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ: Պետական այցով ՀՀ-ում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Գագաթնաժողովն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ներկա են նաև ՀՀ-ի հարևան երկրների ներկայացուցիչները՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացել է առցանց՝ տեսակապով:
Գագաթնաժողովին զուգահեռ Երևանում մի քանի բողոքի ակցիաներ էին ընթանում: Քաղաքացիները պահանջում էին ապահովել անհետ կորածների հայտնաբերումը, Բաքվում պահվող 19 հայ գերիների վերադարձը, ինչպես նաև իրական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, երկու երկրները սերտորեն համագործակցում են այն ամրապնդելու և ինստիտուցիոնալ դարձնելու համար:
Ուրախությամբ արձանագրել է՝ թեև տեսակապով, բայց առաջին անգամ Ադրբեջանի նախագահը մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման: Հույս է հայտնել, որ հնարավորություն կունենա այցելելու Ադրբեջան 2028 թ.-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 12–րդ գագաթնաժողովին։
«Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որոնք փորձում են խաթարել գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին»,-վստահեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պանելային քննարկման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Մակրոնի բնորոշմամբ՝ 8 տարի առաջ ոչ ոք ՀՀ չէր գա, քանի որ «այս սեղանի շուրջ շատ երկրներ այս երկիրը դիտում էին որպես Ռուսաստանի իրական արբանյակ»:
«Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց իր երկիրը պաշտպանել Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է և շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
ԵՔՀ գագաթնաժողովի կարևոր դրվագներն ու ելույթները՝ հակիրճ
- Երևանում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները։ Տեսանյութեր, լուսանկարներ
- Ի՞նչ են մտածում երևանցիները ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին․ տեսահարցում
- «Ակնարկ դժգոհության մասին»․ ՀՀ ԱԳ նախարարը չի մեկնել Թուրքիա
Ի՞նչ հարցեր են ներառված գագաթնաժողովի օրակարգում
Գագաթնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երևանյան քննարկումները կենտրոնանալու են ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի զարգացման, տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա, անդրադարձ է արվելու նաև տարածաշրջանային մարտահրավերներին.
«Մասնակիցները կփոխանակեն մտքեր այն մասին, թե սերտ համագործակցությունն ու համակարգված գործողություններն ինչպես կարող են նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից տեղեկանում ենք, որ քննարկվելու են «կենսական թեմաներ»՝ սկսած հիբրիդային սպառնալիքներից և ժողովրդավարական դիմադրողականությունից մինչև կապակցվածություն և էներգիա։
Քննարկումների օրակարգի մասին լրագրողներին մանրամասներ են հայտնել նաև գագաթնաժողովի հյուրերը:
Մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ նախատեսվում են հանդիպումներ՝ ուղղված Ուկրաինային աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցերին։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է՝ քննարկելու են Եվրոպայի անկախությունը, մասնավորապես՝ էներգետիկ անկախությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև մատակարարման հուսալի շղթաները:
«Այս գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: Մենք խոսում ենք կապակցվածության մասին, բայց նաև դիմակայունության մասին՝ ի դեմս մեր առջև ծառացած մարտահրավերների»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան տեղեկացրել է, որ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: Դրանք, ըստ նրա, ոչ թե հեռավոր վտանգներ են, այլ իրական սպառնալիքներ ժողովրդավարության համար:
«Պատերազմներ ընթանում են ոչ միայն գետնի վրա, այլև թվային տիրույթում։ Եվ դրանք խաթարում ու թիրախավորում են մեր հասարակության ամենախոցելի հատվածները»,- ընդգծել է Մեցոլան:
Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թ.-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ։ Այն միջկառավարական կազմակերպություն է, որը նախատեսված է «Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների համար»։ Համայնքի մաս են ԵՄ անդամ 27 երկիր, Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ չհանդիսացող 19 երկրներ:
Համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին: Այնուհետև գագաթնաժողովներ են կայացել Մոլդովայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Հունգարիայում, Ալբանիայում, Դանիայում։
«Պատմական գագաթնաժողով է». Եվրոպական խորհրդի նախագահ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան իր ելույթում արձանագրել է՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը պատմական է 3 պատճառով՝
- առաջին անգամ է, որ գագաթնաժողովը անց է կացվում Հարավային Կովկասում,
- գագաթնաժողովը հնարավոր է դարձել ՀՀ և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի շնորհիվ,
- առաջին անգամ մասնակցում է ոչ եվրոպացի գործընկեր՝ Կանադայի վարչապետը:
Կոշտան շեշտել է՝ ԵՔՀ-ն միտված է ոչ միայն ընդհանուր եվրոպական սկզբունքների՝ խաղաղության և բարգավաճման վրա հիմնված տեսլականի ձևավորմանը, այլև այդ տեսլականը իրականություն դարձնելուն, մասնավորապես՝ էներգետիկայի, փոխկապակցվածության և ժողովրդավարական դիմակայության ուղղություներով.
«Վստահ եմ, որ այսօր և հաջորդող գագաթնաժողովներին ԵՔՀ-ն կդառնա գործողությունների հիմնական խթանը. գործողություններ, որոնք միտված կլինեն աջակցելու Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին ու միաժամանակ կապահովեն եվրոպական կոալիցիայի ստեղծումը թմրանյութերի դեմ պայքարի գործում»:
Անտոնիու Կոշտան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կայացրած խիզախ քաղաքական որոշումների համար, որոնք Հայաստանն ավելի են մոտեցրել Եվրամիությանը։
«Համատեղ հայտարարության ընդունում նախատեսված չէ». ՀՀ փոխարտգործնախարար
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Հանրային» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում քննարկվելու են ՀՀ-ի համար ազգային կարևորություն ունեցող, ինչպես նաև եվրոպական մասշտաբով հետաքրքիր թեմաներ: Նրա փոխանցմամբ՝ հիմնական ուղղություններն են՝
- հիբրիդային վտանգներ և ժողովրավարական դիմակայունություն
- հաղորդակցություն,
- կանաչ փոխակերպում և էներգետիկա:
Կոստանյանի բնորոշմամբ՝ այսօր ՀՀ-ն «Եվրոպայի սիրտն է», քանի որ Երևանում է անցկացվում եվրոպական մայրցամաքի հիմնական միջոցառումներից մեկը: Ակնկալում է, որ գագաթնաժողովը կբարձրացնի ՀՀ տեսանելիության մակարդակը:
Փոխարտգործնախարարը շեշտել է՝ ի տարբերություն այլ գագաթնաժողովների՝ այս դեպքում մասնակից երկրների համատեղ հայտարարության ընդունում նախատեսված չէ.
«Շատ հաճախ, երբ տարբեր պատվիրակություններ կենտրոնանում են տեքստերի համաձայնեցման վրա, ժամանակ ուղղակի չի մնում բաց և անկեղծ երկխոսություն ծավալելու և քննարկումներ ունենալու»։
Փաշինյան. «Առաջին գագաթնաժողովի ժամանակ իրավիճակը փոխող որոշում ենք կայացրել»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կարևորել է ԵՔՀ ձևաչափն ու հիշեցրել՝ 2022 թ.-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում ինքն ու Ադրբեջանի նախագահը կայացրին «իրավիճակը փոխող որոշում»՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի 1991 թ.-ի հռչակագրի վրա:
«Այդ փոխըմբռնման հիման վրա իրատեսական հնարավորություն ստեղծվեց խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդգծվեց ապագա խաղաղության ճարտարապետությունը և հանգեցինք անցյալ տարվա օգոստոսի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովին»,- նկատել է նա
Փաշինյանի խոսքով՝ այժմ ընթանում են «Թրամփի ուղի» ծրագրի իրագործման ճանապարհով.
«Դա կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ՝ արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս, որն էապես կնպաստի մատակարարման միջազգային շղթաների կայունության»:
Հիշեցրել է՝ Պրահայում կազմակերպված գագաթնաժողովի շրջանակում է տեղի ունեցել նաև իր և Թուրքիայի նախագահի առաջին երկկողմ հանդիպումը:
Ըստ Փաշինյանի՝ այս գագաթնաժողովը կարևոր է նաև միջազգային համատեքստի համար, հատկապես՝ հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող և բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։
«Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների և խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար նույնպես»,- ամփոփել է նա:
Ալիև. «Ստեղծում ենք հենք առևտրային կապերի համար»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության մեջ: Հիշեցնելով 2025 թ.-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի և խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին՝ ընդգծել է.
«Մեզ համար, և վստահ եմ՝ մեր հայ գործընկերների համար, խաղաղությունն արդեն իրականություն է»:
Ալիևի խոսքով՝ Բաքուն վերացրել է դեպի ՀՀ տարանցման սահմանափակումները, ինչի արդյունքում մի քանի հազար տոննա բեռ է հասել Հայաստան, մատակարարվել է նաև ադրբեջանական նավթամթերք: Սա, ըստ նրա, ստեղծում է հիմք առևտրային հարաբերությունների համար: Մատնանշել է նաև փոխկապակցվածության հետ կապված ձեռքբերումները:
«Թրամփի ուղին» անցնելու է ՀՀ-ով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մաս»,- հայտարարել է նա:
Ալիևի գնահատմամբ՝ Երևւանն ու Բաքուն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները, իսկ Եվրախորհրդարանն ու ԵԽԽՎ-ն առաջնորդվում են երկակի ստանդարտներով:
Օրինակ է բերել, մասնավորապես՝ 2023 թ.-ին ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ու վերջին տարիներին Եվրախորհրդարանի ընդունած 14 բանաձևերը: Հերթական անգամ պնդել է՝ Բաքուն պարզապես «վերջ է դրել անջատողականությանը պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Ադրբեջանի նախագահի պնդումներին արձագանքել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան.
«Եվրոպական խորհրադարանի բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրա արդյունքները կարող են անհարմար լինել շատերի համար։ Բայց մենք երբևէ չենք փոխում մեր աշխատակարգն ու այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք,- նկատել է Մեցոլան:
Զելենսկի. «Պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարևորել է այն հանգամանըք, որ ՀՀ-ն հանդես է գալիս եվրոպացիների հետ միասին: Նշանակալի փաստ է համարել նաև իր այցը Երևան: ՀՀ-ին և Ադրբեջանին մաղթել է կայուն, համապարփակ և տևական խաղաղություն:
Զելենսկու փոխանցմամբ՝ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմը շարունակում է լինել նույնքան կատաղի, որքան նախկինում.
«Այս ամառը լինելու է պահը, երբ Պուտինը պիտի որոշի, թե ինչ պիտի անի հետո՝ պիտի ընդլայնի՞ պատերազմը, թե՞ պիտի անցում կատարի դիվանագիտության: Եվ մենք պիտի նրան մղենք դեպի դիվանագիտություն»:
Հիշեցրել է՝ մայիսի 9-ին Ռուսաստանում տեղի է ունենալու առաջին շքերթը առանց ռազմական տեխնիկայի ցուցադրման: Դա, ըստ նրա, ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, և պետք է շարունակել ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթներ ընդունել: Կարևորել է հատկապես ռուսական նավթին, ռազմարդյունաբերությանը, բանկային համակարգին վերաբերող պատժամիջոցների ընդունումը:
«Պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչ ենք անելու, եթե ՌԴ-ն վերջ չդնի այս պատերազմին: Մեզ անհրաժեշտ է շարունակական ճնշում և խաղաղություն: Իհարկե, համար առաջին բանը՝ պետք է գտնենք գործարկելի դիվանագիտական ձևաչափ։ Եվրոպան պետք է լինի սեղանի շուրջ ցանկացած բանակցությունների ժամանակ: Պետք է կապի մեջ լինենք ԱՄՆ-ի հետ, հասկանանք նրանց դիրքորոշումները, բայց լավ կլիներ մեկ ընդհանրական եվրոպական ձայն կազմել այն բանակցությունների ժամանակ, որ ունենալու ենք ՌԴ հետ»,- ամփոփել է Զելենսկին:
Գագաթնաժողովի բացման արարողության տեսագրությունը
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Եվրոպական քաղաքական համայնքը Երևանում է