Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի․ ի՞նչ է հայտնի
ԵՄ նոր առաքելություն Հայաստանում
Նախնական երկու տարի ժամկետով Հայաստանում կտեղակայվի ԵՄ նոր առաքելություն՝ կրկին քաղաքացիական։ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը նման որոշում է կայացրել ապրիլի 21-ին։ Պաշտոնական Երևանն այդ հարցով Բրյուսելին էր դիմել 2025 թ․-ի դեկտեմբերին։
ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ որոշման նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը:
Փաստաթուղթը դեռևս չի հանրայնացվել, սակայն հայտնվել է «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ։ Ըստ աղբյուրի՝ առաքելությունը կոչվելու է «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ Այն սկսելու է գործել առաջիկա ամիսներին և ունենալու է 20-30 ներկայացուցիչներ, որոնք աշխատելու են մայրաքաղաք Երևանում։
Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի համապատասխան նախարարություններին և կառույցներին տրամադրվելու է ռազմավարական խորհրդատվության «հիբրիդային սպառնալիքներին, մասնավորապես՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը, կիբերհանցագործություններին, ինչպես նաև ընտրական և քաղաքական համատեքստում ապօրինի ֆինանսական հոսքերին հակազդելու համար»։
«Ազատությունը» շեշտում է, որ նոր առաքելության հիմնական մտահոգությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն է։ Միաժամանակ նկատում է, որ փաստաթղթում նման ուղիղ արձանագրում չկա։
«Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից՝ առանց արտաքին ճնշման»,- ասված է փաստաթղթում։
Հայաստանի իշխող ուժի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքել է հարցին, թե ինչու ՀՀ-ն չի բացահայտում հիբրիդային սպառնալիքների աղբյուրները, իսկ Եվրամիությունից պարբերաբար սլաքներն ուղղում են դեպի Ռուսաստան։ Նա նշել է, որ սպառնալիքների վերաբերյալ ՀՀ և ԵՄ պատկերացումները նույնն են, սակայն որակումները կարող են լինել տարբեր։
«Կան որոշ երևույթներ, որոնց մասին խոսելիս ես չեմ օգտագործի նույն բառապաշարը, ինչ կարող է օգտագործել Կայա Կալասը, որովհետև ես այլ դիրքում եմ գտնվում, այլ ռեսուրսներ ունեմ, որոնք պետք է ծախսեմ խոհեմաբար, ողջամտորեն, որպեսզի նոր սպառնալիքներ չբերեմ ՀՀ և եղածն էլ չեզոքացնեմ»,- Civilnet-ի եթերում հայտարարել է իշխանական պատգամավորը։
ՀՀ-ում 2023 թ․-ից տեղակայված է Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի մանդատը կավարտվի 2027 թ․-ի սկզբին։ Առաքելության նպատակը սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելն է։ Այն ունի ավելի քան 200 անդամ, որոնք պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում և այդ մասին զեկույցներ ներկայացնում Բրյուսել։
- «ՀՀ-ԵՄ գործընկերության նոր էջ»․ Բրյուսելում ռազմավարական օրակարգ է հաստատվել
- «Պատմական պահ»․ ԵՄ-ն Հայաստանին հանձնեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
- ՀՀ-ում Եվրամիության ներդրումները կհասցվեն 2.5 միլիարդ եվրոյի․ եռակողմ հանդիպում Բրյուսելում
- ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկ ՀՀ-ում․ Եվրոպայի դիրքորոշումը դեռ հայտնի չէ
Ի՞նչ է հաղորդել Երևանը
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը։ Գերատեսչությունից հիշեցրել են՝ այն կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է։
Հաղորդագրությունում սուղ տեղեկություններ են ներառված։ Թվարկված են այն ուղղությունները (ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքար), որոնց հետ կապված է լինելու առաքելության անդամների աշխատանքը։
«Առաքելությունն իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը»,- ընդգծել են ԱԳՆ-ից։
«Բրյուսելն ուզում է կրկնել Մոլդովայի հաջողված փորձը»․ մանրամասներ
Անանուն մնալու պայմանով Եվրամիության մի քանի դիվանագետներ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են՝ Բրյուսելը հույս ունի կրկնել այն, ինչը հայտնի է որպես «Մոլդովայի հաջողված փորձ»։
Մեջբերումից պարզ է դառնում, որ խոսքն ընտրությունների մասին է։ Ի տարբերություն ՀՀ-ի՝ Մոլդովա առանձին առաքելություն չէր ուղարկվել, սակայն պետական կառույցներին տրամադրվել էին ներկայացուցիչներ՝ ընտրությունների հետ կապված ռուսական ապատեղեկատվությունը բացահայտելու համար։ Արդյունքում 2025 թ․-ին կայացած խորհրդարանական ընտրություններում եվրոպամետ ուժերին հաջողվել էր պահպանել իշխանությունը:
«Առաքելությունը պետք է բարձրացնի Հայաստանի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ համապատասխան անվտանգության ոլորտի կառույցներին տրամադրելով ռազմավարական խորհրդատվություն, ինչպես նաև գործառնական մակարդակի աջակցություն»,- կարծում են ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում։
Նոր առաքելության աշխատանքները պետք է կազմակերպվեն ՀՀ կառավարության ընդհանուր մոտեցման համաձայն և «համանման մտածողություն ունեցող այլ դերակատարների հետ սերտ համակարգմամբ»։
Այն պատրաստվում է աջակցել նաև՝
- խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր սահմանադրական հանրաքվեին,
- հետագա ՏԻՄ ընտրություններին։
Կարծիք
Հայաստանի իշխող ուժի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի փոխանցմամբ՝ ԵՄ նոր առաքելությունը ՀՀ է գալիս՝ լուծելու միջնաժամկետ խնդիրներ․
«Այնպես չէ, որ հիբրիդային սպառնալիքներն ընտրություններից հետո ավարտվելու են։ Ողջամտորեն կարծում ենք, որ էլի ինչ-որ դրսևորումներ դրանք կունենան»։
Եղոյանը չի մատնանշել, թե որ երկրներից են գալիս այդ սպառնալիքները։ Նկատել է՝ Երևանը Բրյուսելից աջակցություն չէր խնդրի, եթե «ոսկերչական ճշգրտությամբ» իմանար՝ որտեղից, երբ, ում միջոցով, ինչ ծավալով, ինչ նպատակով և ինչ ծախսերով է դա տեղի ունենում։
«Աղբյուրներն էլ շատ բազմազան կարող են լինել և մի քանի պատնեշով թաքնված։ Կարող է գալ մի տեղից, պոչը գնա, վերջանա մեկ այլ տեղում»,- նկատել է նա և օրինակ բերել ՀՀ և երկրի վարչապետի մասին ապատեղեկատվություն տարածող թուրք լրագրողին, ով Դոնբասից էր։
Հիշեցրել է՝ սպառնալիքները կոչվում են հիբրիդային, քանի որ այդտեղ համակցված են տարբեր գործիքներ՝ «ինֆորմացիոն զորատեսակներ»։
Պատգամավորի խոսքով՝ առկա սպառնալիքների և դրանք գեներացնող երկրների մասին Հայաստանի և Եվրամիության որակումները կարող են տարբերվել, քանի որ տարբեր են նաև «դիրքերն ու ռեսուրսները»․
«Բոքսի ռինգում չենք, որ ասենք՝ տես, նա հարվածում է, մի հատ էլ դու հարվածիր։ Մենք հաղթում ենք, եթե գործում ենք խոհեմաբար և չեզոքացնում ենք վտանգը, ոչ թե անընդհատ բարձրաձայնում ենք, թե որ վտանգն ենք չեզոքացնում»։
Նրա գնահատմամբ՝ ԵՄ-ից հնչող հայտարարությունները ՀՀ համար նոր սպառնալիքներ չեն ստեղծում։
«Դա այն ոսկե միջինն է, որն օգտագործելով մենք կարող ենք առկա վտանգները չեզոքացնել, այն բալանսն է, որը չափի մեջ է»,- պարզաբանել է նա։
Իշխանական պատգամավորը ՀՀ-ՌԴ «հին հարաբերությունների հարացույցից» բխող հարց է որակել այն, թե արդյոք նման աջակցող խմբերի տեղակայումը Հայաստանը չի դարձնի «ՌԴ-Արևմուտք պրոքսի պատերազմի հարթակ»։
«ՀՀ-ն՝ որպես անկախ, սուվերեն պետություն Ռուսաստանի հետ շփման շատ մեծ փորձ չունի»,- ընդգծել է նա և հավելել, որ դրանից ելնելով միջպետական հարաբերությունները տարբեր կերպ են մեկնաբանվում։
Օրինակ է բերել Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումն ու նկատել՝ կախված հարաբերությունները քննարկելու ձևաչափի և որակի դիտանկյունից մարդիկ այն որակում էին «վտանգավոր կամ սովորական»։
Չի բացառել, որ առանձին դեպքերում կարող է լինել «ինչ-որ խոսակցություն, չհասկացվածություն»՝ այնպես, ինչպես բոլոր պետությունների միջև։
«Պետք չէ ամեն ինչ լցնել մեկ զամբյուղի մեջ։ Մեր հարաբերությունները շատ բազմաշերտ են, և ոչ միայն ՌԴ հետ։ Այնպես չէ, որ մի տեղ կա խնդիր, վերջ, ապոկալիպտիկ քննարկումներ են գնում։ Միջպետական մակարդակի խոսակցություններ են, որոնց մեր ականջը նախկինում սովոր չի եղել»,- հայտարարել է Եղոյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵՄ նոր առաքելություն Հայաստանում