ԵՄ և ՄԱԿ անդամ 50 երկրներ դատապարտել են Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա ՌԴ հարձակումները
50 երկիր դատապարտել է ՌԴ հարձակումները Ուկրաինայի վրա
ԵՄ-ի և ՄԱԿ-ի անդամ 50 պետություններ, այդ թվում՝ Վրաստանը, համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քաղաքացիական անձանց վրա հարձակումների սրացումը և Կիևում տեղակայված դիվանագիտական առաքելություններին ուղղված սպառնալիքները։
Հայտարարությունը տարածել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։ Փաստաթղթին աջակցել են Ուկրաինան, ԵՄ անդամ պետությունները և այլ գործընկեր երկրներ, այդ թվում՝ Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Վրաստանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերն իրականացրել են Ուկրաինայի վրա ամենախոշոր հարձակումներից մեկը։
Բացի այդ, նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
Հատկապես լուրջ վնասներ է կրել Կիևը, հարձակումը գնահատվել է որպես «ամենաավերիչներից մեկը» մինչ օրս եղած հարձակումներից։ Հայտարարության համաձայն՝ Ուկրաինայի այլ շրջաններ նույնպես զգալի վնասներ են կրել, հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։
Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Ռուսաստանի կողմից Բելայա ցերկով քաղաքի վրա հարձակմանը, որը, ըստ աղբյուրի, ներառել է միջուկային մարտագլխիկներ կրելու համար նախատեսված «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի օգտագործում։ Հայտարարության հեղինակները նշում են, որ միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ հրթիռների օգտագործումն «անընդունելի սրացում» է։
Երկրները դատապարտել են Ուկրաինայում քաղաքացիական անձանց, քաղաքացիական օբյեկտների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները և հայտարարել, որ նման գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։
Հայտարարությունը նաև կոչ է արել անհապաղ, ամբողջական և անվերապահ հրադադար հաստատել: Ստորագրող կողմերն ընդգծել են բոլոր ռազմագերիների փոխանակման, անօրինական կերպով կալանավորվածների ազատ արձակման և ներքին տեղահանված և արտաքսված քաղաքացիների, այդ թվում՝ ուկրաինացի երեխաների անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը։
Երկրները հայտարարել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է, և վերահաստատել են իրենց կոչը Մոսկվային՝ ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր զինված ուժերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։
Հայտարարության հեղինակները նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և հայտարարել, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ՌԴ կողմից ուկրաինական տարածքները բռնակցելու փորձն իրավական ուժ չունի։
Փաստաթուղթն աջակցություն է հայտնել Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների և այլ գործընկերների՝ պատերազմը դադարեցնելու ջանքերին։
Երկրները հայտարարությունն ամփոփել են՝ դատապարտելով Ռուսաստանի՝ Կիևում տեղակայված դիվանագիտական առաքելություններին և դեսպանատներին ուղղված սպառնալիքները և հավելել, որ նման գործողություններն անընդունելի են:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
50 երկիր դատապարտել է ՌԴ հարձակումները Ուկրաինայի վրա