Դատարանը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսային կալանավորելու որոշում է կայացրել
Մայիսի 6–ին դատարանը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել։
Նա նախկին նախագահի շրջապատից առաջինը չէ, ով օրենքի հետ խնդիրներ ունի։ Քրեական գործեր են հարուցվել երկրի նախկին ղեկավարի եղբայրների և զարմիկների, ինչպես նաև Միքայել Մինասյանի հոր դեմ։ Սերժ Սարգսյանն, ի հերթին, մեղադրվում է ավելի քան մեկ միլիոն դոլարի բյուջետային միջոցների վատնման մեջ։
Նրա փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, եկամտի մասին կեղծ տեղեկությունների հայտարարագրման և հանցավոր ճանապարհով ստեղծած կարողության օրինականացման մեջ։
Քրեական գործը հարուցվել է դեռ մարտին, այն ժամանակ էլ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ենթադրություններ կան, որ նա Իտալիայում է։
Վերջին օրերին նախկին նախագահի փեսան իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի բնակիչներին հասցեագրված տեսաուղերձներ է հրապարակում։ Տնային միջավայրում՝ արտասահմանից նա խիստ քննադատում է այսօրվա իշխանություններին և խոսում հայրենիքին մատուցած իր ծառայությունների մասին։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ հայտարարություններ է արել Միքայել Մինասյանն, ու ի՞նչ են այդ մասին մտածում Հայաստանի քաղաքական գործիչները։
Մինասյանի առաջին ելույթը
Նախկին նախագահի փեսան հայտարարել է, որ ներկայիս իշխանությունները փորձել են իրեն հեռացնել քաղաքականությունից և համոզել հայրենիք չվերադառնալ, խոստանալով դրա դիմաց դադարեցնել նրա նկատմամաբ քրեական հետապնդումը։
Ըստ Միքայել Մինասյանի՝ իր հետ այդ հարցով հանդիպել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Սակայն ինքը հրաժարվել է այդ առաջարկից, քանի որ չի կարող «լավ վերաբերվել կեղծ և անպատասխանատու մարդկանց, ազգի դավաճաններին»։
Այս հայտարարությանն արձագանքել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մամուլի քարտուղարը։ Քրիստինա Մելքոնյանը առաջարկել է այս կապակցությամբ վերհիշել Արթուր Վանեցյանի հարցազրույցը, որում նա իր վերաբերմունքն էր արտահայտել Միքայել Մինասյանի նկատմամբ։
«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, քանի որ նա ինձ համար մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխանները տա ՀՀ օրենքի առաջ», — ասել էր Վանեցյանը 2019 թ–ի սեպտեմբերին՝ իր հրաժարականից հետո։
Վարչապետի մամուլի ծառայությունը Միքայել Մինասյանի հայտարարությունները դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանում։
Երկրորդ ելույթը
Այս տեսաուղերձում Մինասյանը պարզաբանել է, թե ինչու դեռևս Հայաստան չի վերադառնում։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետն արդեն վաղուց իր կալանավորման մասին որոշում է կայացրել։
«Իմ փոխարեն դուք կգայի՞ք` իհարկե, ոչ, բայց ես գալու եմ»։
Բացի այդ, նա խոստացել է իր հաջորդ ելույթներում վերլուծել այն սխալները, որոնք թույլ են տրվել Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ։
Ի՞նչ են ասում պատգամավորները
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Միքայել Մինասյանի հայտարարությունը «պրիմիտիվ հնարք է» համարում․
«Երբ որ դու գիտես, որ քո կողմից նախկինում արված այս կամ այն ապօրինության մասով եկել է արդարադատության առջև կանգնելու ժամանակը, դու դրանից մանևրելու համար սկսում ես քաղաքական՝ երբեմն դատարկաբանությունների մակարդակի հասնող հայտարարություններ կատարել՝ միայն այն բանի համար, որ հետո ասես՝ «այ, տեսեք, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում», չգիտեմ, անկախ նրանից՝ դու, ասենք, նախկին ղումարբա՞զ ես, որ ժողովրդի գումարներով կազինոներում, խաղատներում խաղադրույքներ ես կատարել, թե՞ բարձրաստիճան պաշտոնյա, որ, չգիտեմ, հարկային և ամենատարբեր սպեկուլյացիաներով դիզել ես միլիոններ»։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Մինասյանի հայտարարությունները նույնպես գնահատում է որպես իրեն արդարացնելու և ուշադրությունը շեղելու փորձ։ Սակայն ընդդիմադիր գործիչը վստահ է նաև, որ երկրի իշխանությունները պետք է պատասխանեն իրենց հասցեին հնչած հայտարարությանը։
Իսկ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չի վստահում տեսաուղերձում նկարագրված վարկածին․
«Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն, ինչ–որ առաջարկ կարող էին անել այն մարդու փեսային, որին ընդամենը մեկ տարի առաջ էին մերժել և մերժել էին ոչ միայն այդ մարդուն, այլև ողջ համակարգը, որի ամենավառ և առանցքային ներկայացուցիչը Միքայել Մինասյանն էր»։
Մինասյանի փաստաբանների հայտարարությունները
Փաստաբաններից մեկն արդեն մեկնաբանել է դատարանի որոշումը ֆեյսբուքյան իր էջում։ Միհրան Պողոսյանն այն «աբսուրդային և ցինիկ» է անվանել։ Նրա կարծիքով՝ փաստաթղթում պաշտպանության ներկայացրած փաստարկների վերլուծության նշույլ անգամ չկա։
Մյուս փաստաբանը հաղորդել է, որ իր վստահորդը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Ամրամ Մակինյանը պնդում է, որ դրամական միջոցների տեղափոխումը Միքայել Մինասյանի մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար որակվել է որպես փողերի լվացում։ Թե ինչ չափի գումարի մասին է խոսքը, Մակինյանը չի մատնանշել։
Ինչ վերաբերում է ապօրինի հարստացման և եկամտի հայտարարագրում կեղծ տվյալներին, ապա այստեղ, ըստ փաստաբանի, խոսքը «մեխանիկական» սխալի մասին է։
Ընդ որում, ըստ նրա, սխալն մի ընկերության աշխատակցինն է, որը պատասխանատու է եղել զբաղվել հայտարարագրման գործընթացով։ Եվ այդ մասին տեղյակ է նախաքննական մարմինը։ Պաշտպանները պահանջում են հարցաքննել սխալը թույլ տված աշխատակցին։
«Սակայն քննչական մարմինն ու դատախազությունը շատ լավ գիտեն, որ հարցաքննությունից հետո քրեական գործը կփլվի, նրանք չեն ուզում նրան հարցաքննել», — հայտարարել է փաստաբանը։