«Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին
«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ասում է՝ Երևանը չի կարծում, թե 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։
Բիշքեկում կայացած հանդիպումից հետո ՌԴ նախագահն էր անդրադարձել թեմային և հայտարարել.
«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, թեկուզ վաղը կհեռանանք։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ կողքին ինչ-որ ռուսական ռազմական «թև» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»,- ընդգծել էր Պուտինը։
Փաշինյանն այսօր մի քանի անգամ վստահեցրել է՝ ոչ ինքը, ոչ էլ Հայաստանի որևէ ներկայացուցիչ երբեք չի բարձրացրել ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց։
Ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ քննարկած թեմաներին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին, երկաթուղու կոնցեսիային, ՀՀ-ում կառուցվելիք նոր ատոմակայանին։
- Ի՞նչ պայմանավորվեցին Փաշինյանն ու Պուտինը Բիշքեկում. հանդիպում ծայրահեղ լարվածության ֆոնին
- «Ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ, խաչմերուկ է»․ Փաշինյան
- Երևանն այլընտրանքներ է փնտրում․ կարծիքներ ռուսական գազի հնարավոր թանկացման մասին
Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել
Փաշինյանն անդրադարձել է վերջին ամիսներին ՀՀ-ՌԴ օրակարգի թիվ մեկ թեմային՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությանն ու ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքին։
«Իսկ ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավատարմության երդում են տվել, որ իրենք իրենց գոյության ողջ ընթացքում լինելու են ԵԱՏՄ անդամ»,- հարցրել է նա։
Միևնույն ժամանակ հիշեցրել է՝ միության կանոնադրության համաձայն՝ երկիրը պարտավոր է ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում անդամ երկրներին ծանուցել 6 ամիս առաջ։ Ասում է՝ Հայաստանը դեռևե նման մտադրություն չունի։ Սակայն առաջ է շարժվում այդ տրամաբանությամբ, միաժամանակ փորձում է իր դիրքորոշումն «ավելի հասկանալի ու ընդունելի» դարձնել նաև ՌԴ գործընկերների համար։
Լրագրողներից մեկը Փաշինյանին հարցեր ուղղելիս պնդել է, թե Պուտինի հետ երկխոսությունը «կոշտ» էր, Մոսկվան Երևանին «խիստ երկընտրանքի» առաջ է դնում՝ կամ ԵԱՏՄ, կամ ԵՄ։
«Ես էլ եմ խիստ երկընտրանքի առաջ դնում, ասում եմ՝ այսպես շարունակել չի կարելի, երկաթուղու կոնցեսիայի հարցը պետք է լուծվի։ Ինչո՞ւ վերնագիր չկա՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»։
Կարծում է՝ մամուլում նման վերնագրեր չկան, քանի որ ՀՀ քաղաքական մտածողությունը շարունակում է մնալ «ԽՍՀՄ Կենտկոմի տրամաբանության» մեջ, այն է՝ «վայ, Մոսկվայից զանգեցին, կոնյակ ճարեք վռազ»։
Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել։
Նրա փոխանցմամբ՝ երկրի Սահմանադրության համաձայն՝ վերազգային կազմակերպության անդամագրվելու համար պետք է անել հանրաքվե։ Դա, սակայն, կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ հարցն արդեն «բավարար հասունացած կլինի», մասնավորապես՝ երբ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած կլինի կամ առնվազն կունենա ճանապարհային քարտեզ։
Վարչապետի խոսքով՝ մինչ այդ հանրաքվե կազմակերպելը կնշանակի քաղաքացիներին հրավիրել ընտրատեղամաս, որտեղ ոչ հարց կա ձևակերպված, ոչ պատասխանի տարբերակներ։
Երկաթուղու կոնցեսիայի վաճառքը՝ լավագույն լուծում
Խոսելով «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա ճակատագրի մասին՝ Փաշինյանը նկատել է՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ այդ խնդիրը քննարկվել է։ Ասում է՝ ձևավորվել է ըմբռնում, որ «ընթացիկ իրավիճակը ․չի կարող երկար շարունակվել, պետք է որևէ ձևով այդ հարցը լուծել»։
«ՀՀ-ում էլ, ՌԴ-ում էլ կա այդ ըմբռնումը, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կոնցեսիայի իրավունքի վաճառքն է երրորդ և Հայաստանի ու ՌԴ համար ընդունելի կողմի։ Եթե անկեղծ ասեմ՝ ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է։ Մյուս տարբերակներն իրատեսական չեն թվում»,- շեշտել է վարչապետը։
Ինքը՝ Փաշինյանը, Բիշքեկում ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքում ունի հետևյալ տպավորությունը․
«Պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք կոնցեսիայի իրավունքը երրորդ՝ ընդունելի երկրի վաճառելու ուղղությամբ»։
ՀՀ երկաթուղային համակարգը 2008 թ․-ից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից։ Այն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Սակայն 2008 թվականից ի վեր հայկական բեռնափոխադրումները երկու անգամ կրճատվել են, որոշ երթուղիներ առհասարակ դադարել են գործել, իսկ պարտադիր ներդրումները մնացել են թղթի վրա։
Մոսկվան կներկայացնի նոր ատոմակայանի իր առաջարկները
Փաշինյանը տեղեկացրել է, որ այս ամիս ՀՀ է այցելելու «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Ասում է՝ ներկայացնելու է այն առաջարկները, որ այսօր ՌԴ-ն կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։
«Ես նախկինում էլ եմ ասել, որ ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ։ Մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,- շեշտել է նա։
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմն անհնար չի համարում որևէ մոդելի ընտրություն՝ լինի մոդուլյար ռեակտոր, թե ռուսական [«դասական» ատոմակայան], պարզապես փնտրում է լավագույն առաջարկը։
«Մենք երբեք չենք ասել, որ ռուսականը չի կարող լինել լավագույն առաջարկը, այդ թվում՝ մոդուլյարների մասով։ Այնպես չէ, որ ՌԴ-ն մոդուլյարների մասով առաջարկ չունի»,- պարզաբանել է նա և հավելել, որ կան մի շարք կարևոր գործոններ՝ գին, հետգնման ժամկետ, կառուցման ժամկետ, ֆինանսավորման սխեմաներ։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ աշխատանքներն ինտենսիվացնելու և որոշում կայացնելու կարիք կա։
Ասում է՝ Հայաստանն ի սկզբանե հակված էր փոքր մոդուլյար ռեակտորի տարբերակին, սակայն ցանկությունը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ։
Խնդիրն այն է, որ ոլորտի փորձագետներն ահազանգում են աշխարհում մոդուլային ատոմակայանների կառուցման փորձի պակասի և հնարավոր ռիսկերի մասին։
Վարչապետի փոխանցմամբ՝ եթե Հայաստանի որոշում կայացնելու պահին աշխարհում գործող կամ լիցենզավորված մոդուլյար ատոմակայան չլինի, կստեղծվի «անորոշ վիճակ» և շատ բարդ կլինի որոշում կայացնելը։
«Ո՞նց ենք որոշում կայացնելու, փորձադաշտ է, ինչ է ՀՀ-ն, որ մենք ասենք [ընտրենք մոդուլյարը]․․․ չենք էլ կարող կառուցել»,- պարզաբանել է նա։
Միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ զուգահեռ աշխատում են նաև գործող՝ Մեծամորի ատոմակայանի ժամկետը 2036 թվականից հետո ևս մեկ անգամ երկարաձգելու ուղղությամբ։
1977 թ․-ին շահագործման հանձնված ատոմակայանի ժամկետի երկարաձգման, վերազինման աշխատանքներում տարիներ շարունակ ներգրավված է եղել Ռուսաստանը։ Հայկական կողմը «Ռոսատոմ»-ին էր վստահել նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները։ Նոր ատոմակայանի կառուցման հարցը, սակայն, Երևանը քննարկում է տարբեր երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի։
ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եթե Հայաստանը հանկարծ վիզայի պահանջ սահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար, ապա «դրանք չի սահմանի մեր դեմ, այլ՝ սեփական քաղաքացիների»։ Զախարովայի գնահատմամբ՝ այդ որոշումը կանդրադառնա նաև ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում բազմաթիվ հարազատներ ունեն։
Այս հայտարարությունից առաջ, սակայն, պաշտոնական Երևանը ոչինչ չէր հայտնել ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հնարավորության մասին։
«Մենք բացարձակապես այդպիսի բան անելու մտադրություն ոչ ունենք, ոչ էլ երբևէ ունեցել ենք, ոչ էլ նման բան մեր մտքով անցել է»,- այսօր վստահեցրել է ՀՀ վարչապետն ու հավելել՝ նման պատճառ Երևանը չունի։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մեծ հաճույքով է ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին, իսկ նրանք դարձել են ՀՀ զբոսաշրջային առավելություններն առաջ մղող ակտիվ դերակատարներ։
«Հանրությունն էլ սիրով է ընդունում այդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում, կարծես թե, վատ չեն զգում։ Մենք էլ ուրախ ենք, ինչպես, իհարկե, նաև մյուս երկրներից եկող զբոսաշրջիկների պարագայում»,- մանրամասնել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին