Վրաստանի խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1–ը
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի պատճառով ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանի խոշոր քաղաքներում հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1–ը։
Այսպիսով, Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Փոթիում, Բաթումում և Քոբուլեթիում ուսումնական տարվա մեկնարկը, որը պլանավորվում էր սեպտեմբերի 15–ին, երկու շաբաթով հետաձգվել է։
«Դասապրոցեսն այդ քաղաքների բուհերում և դպրոցներում կսկսվի հոկտեմբերի 1–ին։ Այս ժամանակն անհրաժեշտ է՝ ճիշտ գնահատելու համար այսօր գոյություն ունեցող ռիսկերը։ Դրա համար մեզ պետք է երկու շաբաթ՝ երեխաների վերաբերյալ լրացուցիչ որոշումներ կայացնելու համար», — հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան։
Նրա խոսքով՝ այս որոշումը հավասար կերպով տարածվում է և պետական, և մասնավոր, ինչպես նաև միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա։
Բացի այդ, վարչապետն առողջապահության նախարարությանը հանձնարարել է մոտակա օրերին լրացուցիչ տեղեր նախապատրաստել կորոնավիրուսով հիվանդների ընդունելու համար։
«Մոտակա օրերին անհրաժեշտ է ամբողջությամբ նախապատրաստել 3000 հիվանդամահճակալ, որպեսզի հիվանդների թվի ավելացման դեպքում հնարավոր լինի մարդկանց բուժել արագ և արդյունավետ», — ասել է Գախարիան։
Գախարիան նշել է, որ, չնայած վարակման դեպքերի աճին, խուճապի առիթ չկա, և երկրում հիվանդության հայտնաբերման և բուժման մեխանիզմն անխաթար է աշխատում։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը չորս օր շարունակ աճում է։
Սեպտեմբերի 11–ին, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, ինչն ամենաբարձր օրական ցուցանիշն է երկրում փետրվարի 26–ի համավարակի մեկնարկից ի վեր։