«Լրջագույն ահազանգ»․ կարծիք հայ աշակերտների գրագիտության ցածր ցուցանիշների մասին
ՀՀ աշակերտների գրագիտության խնդիրը
Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշով վերջինն են տարածաշրջանում, նրանք զիջում են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի աշակերտներին։ Խոսքը, մասնավորապես՝ 15 տարեկանների մասին է։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին` PISA 2025 (Programme for International Student Assessment) հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է այս տարիքային խմբի աշակերտների գրագիտությունը մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից։
Հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760․000 15-ամյա աշակերտ։ Արդյունքների համաձայն՝ ողջ աշխարհում վիճակն առանձնապես լավ չէ:
Հայ փորձագետներին, սակայն, մտահոգում է ՀՀ-ում տիրող իրավիճակը։ Ընդ որում, կրթության ոլորտում առկա խնդիրն անհանգստացնում է ոչ միայն նեղ ոլորտային մասնագետներին։
Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը հետազոտության արդյունքները գնահատում է որպես լրջագույն ահազանգ։
«Սա արդեն պարզապես կրթության նախարարության խնդիրը չէ։ Սա Հայաստանի տնտեսական անվտանգության և երկարաժամկետ մրցունակության խնդիրն է»,- շեշտել է նա։
Ջրբաշյանն իր ֆեյսբուքյան էջում թեմային նվիրված մի քանի գրառումներ է հրապարակել, որոնցում խոսել է կառավարության անհապաղ արձագանքի և առաջիկա տարիներին կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին։
Հետազոտության արդյունքները, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի մեկնաբանությունը
- Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում․ պաշտոնի խոստում Փաշինյանից բարձրակարգ մասնագետներին
- ՀՀ-ում Ադրբեջանի հետ սահմանը հսկելու համար սահմանապահներ կպատրաստեն. նախագիծ
- Ժեստերի լեզվի թարգմանիչների պակասի հետևանքով խուլ մարդիկ ՀՀ-ում չեն կարողանում կրթություն ստանալ
Աշխարհի առաջատարներն ու Հայաստանը
Ուսումնասիրության համաձայն՝ կրթական առաջադիմության տեսանկյունից աշխարհում առաջատար են չինական որոշ քաղաքները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրն ու Թայվանը։ Լավագույն տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան և Էստոնիան։
Հայաստանն իր ցուցանիշներով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հայ աշակերտները մաթեմատիկայից, ընթերցանությունից և բնագիտական առարկաներից ստացել են միջինից ցածր միավորներ, մասնավորապես՝
- բնագիտական առարկաներ․ հայ աշակերտները միջինում 28%-անոց ցուցանիշ են գրանցել (OECD-ի միջինը 74% է),
- մաթեմատիկա․ հայ աշակերտները միջինում 28%-անոց ցուցանիշ են գրանցել (OECD-ի միջինը՝ 65%-ն է),
- ընթերցանություն․ հայ աշակերտները 19%-անոց ցուցանիշ են գրանցել (OECD-ի միջինը 67%- է):
Հայաստանում աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, բնագիտական ոլորտում լավագույն արդյունք են արձանագրել ավելի քիչ թվով աշակերտներ։
«Գրեթե ոչ մի աշակերտ ընթերցանության մեջ ցույց չի տվել գիտելիքներ, որոնք վկայում են, որ նա կարող է հասկանալ երկար տեքստեր, գործ ունենալ վերացական կամ հակասական հասկացությունների հետ և տարբերակել փաստը կարծիքից»,- հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։
Մեկնաբանություն
Տնտեսագետ, «Ամերիա» բանկի կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի փոխանցմամբ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության PISA հետազոտությունը գնահատում է ոչ այնքան այն, թե ինչ գիտեն 15-ամյա երեխաները, որքան այն, թե որքանով են նրանք կարողանում իրենց գիտելիքը կիրառել՝ հասկանալ տեքստը, վերլուծել և խնդիրներ լուծել։
«Մեր 15-ամյա երեխաներից նվազագույն՝ երկրորդ բազային մակարդակին հասնում են՝
- մաթեմատիկայից՝ 28%-ը,
- բնագիտությունից՝ 28%-ը,
- ընթերցանությունից՝ ընդամենը 19%-ը։
Այսինքն՝ մեր 15-ամյա երեխաներից 5-ից 4-ը չեն հասնում նույնիսկ ֆունկցիոնալ ընթերցանության բազային մակարդակին»,- նկատել է նա։
Զեկույցի տվյալներով՝ ընթերցանության բազային մակարդակին հասնում են Վրաստանում՝ 39%-ը, Ղազախստանում՝ 36%-ը, Ադրբեջանում՝ 35%-ը, Հայաստանում՝ 19%-ը։
Տնտեսագետի գնահատմամբ՝ որքան էլ խոսենք ԱԲ և բարձր տեխնոլոգիաների մասին, առանց մարդկային կապիտալի այդ ամենը կմնա ծրագրի մակարդակում։
«Եթե մեր 15-ամյա երեխաների՝ խնդիր լուծելու կարողության զանգվածային մակարդակով Հայաստանը երրորդն է վերջից, ապա AI-ի և high-tech-ի մասին մեր հավակնությունները չեն կարող սահմանափակվել ներդրումներով, սարքավորումներով և ենթակառուցվածքներով»,- մանրամասնել է նա։
Ջրբաշյանն ասում է՝ վերջին տարիներին ՀՀ-ում դպրոցներ են կառուցվում, վերակառուցվում և վերազինվում, ինչն անհրաժեշտ ներդրում է կրթության որակի համար։ Մյուս կողմից նկատում է՝ անհրաժեշտ է փոխել այն, թե ինչով ենք չափում կրթական քաղաքականության հաջողությունը։
Առաջարկում է չափել նաև այն, թե՝
- ներդրումների արդյունքում ինչպե՞ս փոխվեց երեխաների ընթերցանության, մաթեմատիկական և բնագիտական կարողությունների մակարդակը,
- որքանո՞վ նվազեց բազային մակարդակին չհասնողների բաժինը,
- որքանո՞վ աճեց բարձր արդյունք ցուցաբերողների բաժինը։
Պնդում է՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է կառավարության անհապաղ արձագանքը՝ հասկանալու համար, թե կրթական շղթայի որ հատվածում և ինչու ենք կորցնում արդյունքը, սահմանել չափելի նպատակներ 2028 և 2031 թվականների համար և հետևել դրանց։
«Անգործության գինը PISA-ում վատ տեղը չէ։ Գինը Հայաստանի կորցրած տնտեսական աճն ու մրցունակությունն է գալիք տասնամյակների համար»,- նկատել է նա։
Ըստ փորձագետի՝ PISA 2025-ի արդյունքները վկայում են այն մասին, որ կրթության ոլորտում առկա խնդրի մասշտաբն այլևս չի համապատասխանում մեր արձագանքի արագությանը, ուստի «սովորական տեմպով բարեփոխումները բավարար չեն»։
«Ես կառաջարկեի կրթությունը հայտարարել ազգային արտակարգ առաջնահերթություն և 3–5 տարով սահմանել հատուկ կառավարման ռեժիմ»,- հայտարարել է Ջրբաշյանը։
Շեշտում է՝ արտակարգ ռեժիմը պետք է նշանակի ոչ միայն ավելի արագ որոշումներ և ավելի շատ ռեսուրս, այլև շատ ավելի բարձր պատասխանատվություն արդյունքի համար։
Ինքը՝ Ջրբաշյանը, այս հարցի շուրջ ազգային մոբիլիզացիայի կարիք է տեսնում։
Կարծում է, որ կրթական քաղաքականության հաջողությունը պետք է չափել ոչ միայն հերթական PISA-ի ժամանակ։
«Պետք է ստեղծել ազգային պարբերական գնահատման համակարգ, որը թույլ կտա ամեն տարի տեսնել՝ որտեղ ենք առաջ գնում, որտեղ՝ ոչ, և համապատասխանաբար փոխել քաղաքականությունը»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ աշակերտների գրագիտության խնդիրը