Փաշինյանի դեմ վարույթ չի հարուցվի․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը
ԿԿՀ-ն վարույթ չի հարուցի Փաշինյանի դեմ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթի հարուցումը։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ առկա չեն համապատասխան կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ։
Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հանձնաժողով էր դիմել «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը։
«Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող հանրային խոսույթն ու ձևակերպումները բացահայտորեն խախտում են օրենքով սահմանված բարեվարքության համակարգը և պաշտոնատար անձանց էթիկայի նորմերը»,- պնդել էր նա։
Բաբայանը ներկայացրել էր 11 դրվագներ, որոնցից մեկը Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին վարչապետի հնչեցրած «պիղծ» որակումն է։
Ըստ իրավապաշտպանի՝ «դա վիրավորում է քրիստոնյա հավատացյալների զգացմունքները և խախտում է կրոնական չեզոքության պահանջը»։
ԿԿՀ գնահատմամբ՝ «պիղծ» արտահայտությունը չի հատել խոսքի ազատության իրավաչափ սահմանները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «պիղծ» էր անվանել օգոստոսի 24-ին, երբ ԱԺ ամբիոնից ներկայացնում էր կառավարության 2026-31 թթ․ ծրագիրը։ Փաշինյանն ու թիմակիցներն իրենց ելույթներում Վեհափառին ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան էին անվանում, ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորները ձեռքերով հարվածում էին սեղաններին՝ իբրև բողոքի նշան։
«Պիղծ ա ձեր Վեհափառը, պիղծ ա: Եթե դուք խնդիր չունեք, որ Մայր Աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմփդմփացրեք ինչքան ուզում եք: Երեխա ունենալու ուրիշ մեթոդներ նույնիսկ եկեղեցում չկան: Երեխա ունենալու մի մեթոդ կա՝ սեռական հարաբերություններն են», — հայտարարել էր Փաշինյանը:
- Հայաստանի նոր խորհրդարանը. իշխող ուժի տեխնոլոգիաներն ու ընդդիմության փակուղին
- «Անցում ոչ ճգնաժամային կառավարման»․ Փաշինյանը՝ գործադիրի նոր ծրագրի մասին
- «Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
«Քաղաքական խոսքին հատուկ է»․ «պիղծ» ձևակերպման մասին
Անդրադառնալով կաթողիկոսի հասցեին հնչած «պիղծ» ձևակերպմանը՝ հանձնաժողովը հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և ընդգծել, որ քաղաքական խոսքն օգտվում է պաշտպանության հատկապես լայն շրջանակից։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատմամբ՝ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելի են նաև սուր, չափազանցված կամ անհանգստացնող ձևակերպումներ։
«Քաղաքական բանավեճի շրջանակներում, տվյալ դեպքում՝ խորհրդարանական ամբիոնից հնչող քաղաքական խոսքին հատուկ է չափազանցությունների, ընդհանրական դատողությունների, անգամ ցնցող, ապշեցնող արտահայտությունների կիրառումը»,- ասված է որոշման մեջ։
Բացի այդ, հանձնաժողովը հիշեցրել է ՄԻԵԴ-ի դիրքորոշումը, որի համաձայն՝ արտահայտման ազատությունը վերաբերում է ոչ միայն բարենպաստ կամ անվնաս ընկալվող խոսքին, այլև այնպիսի արտահայտություններին, որոնք կարող են «վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել»։
Հանձնաժողովի որոշման համաձայն՝ վարչապետ Փաշինյանի խոսքը պետք է դիտարկել ամբողջ քաղաքական բանավեճի համատեքստում։
Որոշման մեջ անդրադարձ է արվում է նաև Փաշինյանի օգտագործած «պիղծ» բառի իմաստին։ ԿԿՀ-ն մեջբերել է Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը», ըստ որի՝ բառը հիմնական իմաստով նշանակում է «կեղտոտ, անմաքուր, ապականված», իսկ կրոնական իմաստով՝ «անճիշտ, մոլար, կրոնական տեսակետից՝ անթույլատրելի, անսուրբ»։
Ընդգծվում է, որ Փաշինյանի՝ «պիղծ ա ձեր Վեհափառը» ձևակերպման մեջ «պիղծ» բառը կիրառվել է ոչ թե հավատքի կամ կրոնական խմբի դեմ, այլ կոնկրետ հոգևորականի ենթադրյալ վարքագծի գնահատման համատեքստում։
«Փաշինյանի խոսքի առաջնային նպատակը եղել է ոչ թե անձի, այլ կոնկրետ երևույթի՝ կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտման հանգամանքը քննադատելը»,- արձանագրել է հանձնաժողովը։
Հանձնաժողովի դիտարկմամբ՝ «պիղծ» բառն ունի բացասական նրբերանգ, սակայն «չի հատել գռեհկաբանություն կամ հայհոյախոսություն լինելու սահմանը»։
ԿԿՀ-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի խոսքում չեն եղել բռնության կոչեր, սպառնալիքներ կամ ատելության ու թշնամանքի հրահրում։
Ըստ որոշման՝ խոսքի «առաջնային և միակ նպատակը վիրավորելը չէ», այն կրել է «առավելապես քննադատական բնույթ, ինչը բնորոշ է քաղաքական բանավեճին և քաղաքական խոսքին»։
Էլ ի՞նչ դրվագներ էր ներկայացրել իրավապաշտպանը
«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը հոգևոր արժեքների թիրախավորումից՝ կաթողիկոսին «պիղծ» որակելուց բացի հաղորդել էր ևս 10 «կոպիտ խախտումների» մասին։ Դրանք են՝
«Իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում․ «Դատավոր չկա, որ ասածս չանի» հրապարակային պնդումը, որն ուղղակիորեն հարվածում է դատական համակարգի անկախությանը և ժողովրդավարական ինստիտուտների հեղինակությանը։
Վիրավորական բառապաշարի կիրառում․ հանրային հարթակներում ընդդիմախոսների կամ քաղաքացիների հասցեին փողոցային ձևակերպումների օգտագործումը, ինչն ակնհայտորեն անհամատեղելի է բարձրաստիճան պաշտոնյայի էթիկայի հետ։
Անհիմն և «աչքաչափով» գնահատականներ․ Կոռուպցիայի և կաշառակերության տոկոսային ցուցանիշների կամայական հնչեցումը (70% կամ 100%)՝ առանց պաշտոնական կամ հաստատված փաստացի տվյալների։
Հանրային վստահության դեգրադացիա․ Պետական բարձրագույն ամբիոնից հնչող սպառնալիքների և պառակտող հռետորաբանության կիրառումը, որը նպաստում է հանրության մեջ անհանդուրժողականության տարածմանը։
Ասֆալտին փռելու և պատերին տալու սպառնալիքներ․ իրավական ընթացակարգերից դուրս, ուժային հարկադրանքի անձնավորված և պատժիչ հրապարակային հրահանգները։
«Վնգստացող դատավորներ» որակումը․ դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվության նվաստացումը և համակարգային վարկաբեկումը։
Քաղաքական հայացքների համար քաղաքացիներին «ծնկի բերելու» հայտարարություններ․ հանրային ծառայողին ոչ հարիր, ուժի և հրամանի դիրքերից խոսելու մշակույթի արմատավորումը։
«Ծագումով հայեր» ձևակերպմամբ հայրենակիցների տարանջատումը․ ազգային միասնության սկզբունքի խախտումը և հանրության արհեստական բաժանումը։
Սեփական թիմի նկատմամբ կանխակալ և արտոնյալ մոտեցումների դրսևորումը․ բարեվարքության հավասարության սկզբունքի խախտումը՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
Բարեվարքության և պետական այրի կերպարի նսեմացում․ հանրային խոսույթում մարգինալ, հեգնական և ագրեսիվ տոնայնության պահպանումը, որը տապալում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի օրինակելիության պարտականությունը»։
Վերոնշյալ դրվագներից ոչ մեկում հանձնաժողովը առերևույթ խախտման հատկանիշներ չի նկատել, ուստի վարույթի հարուցումը մերժվել է։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԿԿՀ-ն վարույթ չի հարուցի Փաշինյանի դեմ