ՀՀ քաղաքացիություն ստանալը` ավելի դժվար և 5 անգամ ավելի թանկ․ ՆԳՆ նոր նախագիծը
ՀՀ քաղաքացիություն ստանալու նոր պայմանները
Հայաստանի քաղաքացիություն ստանալը կարող է դառնալ ավելի բարդ և անհամեմատ ավելի թանկ։ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է 5 անգամ թանկացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և 10 անգամ՝ դրանից հրաժարվելու պետական տուրքը:
Մասնավորապես՝ նախագծի ընդունման պարագայում Հայաստանի քաղաքացիություն ստանալու պետական տուրքը կդառնա 250.000 դրամ՝ ներկայիս 50.000 դրամի փոխարեն: Քաղաքացիությունից հրաժարվելու պարագայում քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 1.5 մլն դրամ՝ ներկայիս 150.000 դրամի փոխարեն:
Գերատեսչությունն առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում է քաղաքացիության ինստիտուտի «բովանդակային վերաիմաստավորմամբ»։
«Վերջին տարիներին աճել է այն մարդկանց թիվը, որոնք Հայաստանի հետ բավարար փաստացի կապ չունեն, երբևէ չեն գտնվել կամ երկար ժամանակ չեն բնակվել ՀՀ-ում, սակայն ստանում են ՀՀ քաղաքացիություն, այդ թվում՝ ճանապարհորդական կամ այլ գործնական առավելություններից օգտվելու համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված են ինչպես պետական տուրքի փոփոխությանն առնչվող կետեր, այնպես էլ ընթացակարգային և բովանդակային փոփոխություններ: Գործադիրը նախատեսում է, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2028 թ.-ի հունվարի 1-ից:
2021 թ.-ի հունվարի 1-ից 2026 թ.-ի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիություն է ստացել 110.219 մարդ։
Վերջին 15 տարիներին ՀՀ քաղաքացիություն է ստացել շուրջ 250 հազար մարդ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։
- Հայաստանի նոր խորհրդարանը. իշխող ուժի տեխնոլոգիաներն ու ընդդիմության փակուղին
- «Անցում ոչ ճգնաժամային կառավարման»․ Փաշինյանը՝ գործադիրի նոր ծրագրի մասին
- Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում․ պաշտոնի խոստում Փաշինյանից բարձրակարգ մասնագետներին
Քաղաքացիությունից հրաժարված անձինք 5 տարի չեն կարող դիմել և նորից ՀՀ քաղաքացի դառնալ
Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դրանից հրաժարվելու համար դիմումները նախ կներկայացվեն էլեկտրոնային եղանակով։ Դրանից հետո անհրաժեշտության դեպքում անձը կկարողանա հերթագրվել և փաստաթղթերը ներկայացնել անձամբ։
Քաղաքացիություն ստանալու նոր կարգի համաձայն՝ անձը պետք է վերջին 5 տարիներին օրինական բնակված լինի Հայաստանում և այդ ընթացքում առնվազն 915 օր փաստացի գտնված լինի երկրում։
Ազգությամբ հայերի համար սահմանվել են ավելի մեղմ պայմաններ․ վերջին 2 տարվա օրինական բնակության և առնվազն 366 օր փաստացի ներկայության պահանջ։
Ընդ որում ազգությունը հաստատելու է ՆԳՆ հատուկ հանձնաժողովը՝ փաստաթղթերի, արխիվային տվյալների և եկեղեցական կամ համայնքային վկայականների հիման վրա:
«Նախկինում քաղաքացիությունը դադարեցրած անձինք դրա վերականգնման համար կարող են դիմել միայն 5 տարի անց՝ դիմելու պահին վերջին 2 տարում առնվազն 366 օր Հայաստանում բնակված լինելու պայմանով»,- տեղեկանում ենք հիմնավորումից:
Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած անձը կարող է այն վերականգնել՝ առանց նվազագույն սպասման ժամկետի։
Ասվում է նաև, որ քաղաքացիություն շնորհելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու 1 տարվա ընթացքում՝ երդման տեքստը ստորագրելու պահից: Երդման արարողությունը պետք է անցկացվի բացառապես Հայաստանի տարածքում։
Ըստ հիմնավորման՝ օրենսդրական կարգավորման բացակայության հետևանքով մինչ այս գրանցվել են դեպքեր, երբ անձը նախագահի հրամանագրից հետո տարիներով չի ներկայացել երդման արարողությանը։
Շեշտվում է նաև, որ նախագահի որոշումը ենթակա չի լինի վարչական կամ դատական կարգով փոփոխման, եթե քաղաքացիության տրամադրումը մերժվել է պետական անվտանգության կամ հասարակական կարգի սպառնալիքի հիմքով: Դա, սակայն, դեռևս չի նշանակում դատական վերահսկողության լիակատար բացառում։
Դատարանը կարող է ստուգել օրենքի և ընթացակարգերի պահպանումը, փաստերի պատշաճ պարզումը, նախագահի կողմից հայեցողության սահմանների չգերազանցումը և լիազորության օրենքով նախատեսված նպատակին համապատասխան կիրառումը։
«Կնպաստի քաղաքացիության ինստիտուտի կայունությանը»
Նախագծի հեղինակները շեշտել են՝ արձանագրվում են դեպքեր, երբ քաղաքացիությունից հրաժարվելուց կարճ ժամանակ անց անձը փորձում է վերականգնել իր քաղաքացիությունը: 5 տարվա սահմանափակում մտցնելը հիմնավորել են՝ նշելով, որ քաղաքացիություն վերականգնելը չպետք է վերածվի «իրավիճակային կամ գործիքային մեխանիզմի».
«Քաղաքացիությունը միայն ձևական իրավական կարգավիճակ չէ, այլ պետության և անձի միջև երկարաժամկետ իրավաքաղաքական կապ»:
Որպես օրինակ մատնանշվում է այն դեպքը, երբ ծնողը հրաժարվում է քաղաքացիությունից՝ արական սեռի երեխաների քաղաքացիության դադարեցման կամ պարտադիր զինվորական ծառայության պարտավորություններից խուսափելու նպատակով:
Ավելի ուշ, սակայն, փորձում է վերականգնել քաղաքացիությունը և կրկին օգտվել դրանից բխող իրավունքներից ու արտոնություններից:
Առաջարկվող փոփոխությունների փաթեթով պետությունը փակում է այդ հնարավորության պատուհանը:
Փաստաթղթի հեղինակների դիտարկմամբ՝ 5 տարվա սահմանափակումը պետք է՝
- «նպաստի քաղաքացիության ինստիտուտի կայունությանը,
- կանխի դրա իրավիճակային օգտագործումը,
- ամրապնդի քաղաքացիության՝ որպես պետության ու անձի միջև երկարաժամկետ կապի ընկալումը»:
Նշվում է, որ քաղաքացիության վերականգնման տարբեր սահմանափակումներ կիրառվում են մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում և սկանդինավյան երկրներում։
Ազգությամբ հայ լինելու ստուգում կիրականացնի մասնագիտացված հանձնաժողովը
Նախագծից տեղեկանում ենք, որ գործադիրը նախատեսում է փոփոխվել նաև քաղաքացիության վերաբերյալ որոշումների ընդունման գործող համակարգը։ Մասնավորապես՝ առաջարկվում է դադարեցնել քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը։
Ներքին գործերի նախարարության գնահատմամբ՝ այդ հանձնաժողովը գործնականում էական հավելյալ արդյունք չի ապահովում. բացասական որոշումների վերանայման կամ վարչական մարմնի նախնական դիրքորոշումը փոխելու դեպքեր գրեթե չեն լինում։
Միջգերատեսչական հանձնաժողովի փոխարեն կստեղծվի մասնագիտացված հանձնաժողով միայն մեկ խնդրի՝ անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատելու նպատակով։
Հանձնաժողովի գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու է ՀՀ կառավարությունը։ Մինչ օրս ազգությունը հաստատելու համար որպես հիմք է ընդունվել միայն առանձին փաստաթղթերի առկայությունը: Նախագծի համաձայն՝ այդ փաստաթղթերը միշտ չէ, որ հնարավորություն են տալիս վստահորեն հաստատել անձի հայկական ծագումը։
Արձանագրվել են դեպքեր, երբ ազգությամբ հայի համար նախատեսված պարզեցված կարգից օգտվելու նպատակով ներկայացվել են կեղծված կամ փոփոխված փաստաթղթեր:
ՆԳՆ փոխանցմամբ՝ 2023-2026 թվականներին նման 71 դեպք է բացահայտվել։ Ընդ որում, տարեցտարի նկատվում է դեպքերի աճ:
«Եթե 2023 թ.-ին արձանագրվել է 5 դեպք, ապա 2024 թ.-ին՝ 21, 2025 թ.-ին՝ 26, իսկ 2026 թ.-ի առաջին կիսամյակում՝ արդեն 19 դեպք»,- հայտնել է գերատեսչությունը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ քաղաքացիություն ստանալու նոր պայմանները