Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թվի ռեկորդային աճ է գրանցվել
Սեպտեմբերի 8–ին Վրաստանում գրանցվել է Сovid-19–ով վարակման 45 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Վրաստանում համավարակի մեկնարկից ի վեր։ Սրանից առաջ ռեկորդային էր վարակման 38 դեպքը սեպտեմբերի 2–ին։
Այս 45 դեպքերից 23–ը կապված է Աջարիայի հետ։ Այս շրջանը Վրաստանի մասշտաբներում արդեն «կարմիր գոտի» է դարձել, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան՝ հավելելով, որ «հիվանդության տարածումն ինտենսիվ բնույթ է սկսել կրել, և վերահսկողության հնարավորությունը սկսել է կասկածներ առաջացնել»։
• Աբխազական գյուղի բնակիչները, որտեղ կորոնավիրուսից մարդ է մահացել, համաձայն չեն կարանտին սահմանելուն
Այնուամենայնիվ, ըստ Էզուգբայայի, այս փուլում Աջարիայում կարանտին չի հայտարարվելու․
«Հիվանդության վերահսկման համար լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու, մեծ քանակությամբ թեստավորում է կատարվելու»։
Սեպտեմբերի 8–ի տվյալներով՝ Վրաստանում գրացնվել է կորոնավիրուսով վարակման 1 729 դեպք։ Ապաքինվել է 1 321 մարդ, մահացել է 19–ը։