Աբխազիայի Լաբրա գյուղի բնակիչները, որտեղ մեկը մահացել էր կորոնավիրուսից, բողոքում են կարանտինի դեմ
Աբխազիայի Լաբրա գյուղի բնակիչները, որտեղ մի քանի օր առաջ կորոնավիրուսից մահացել է տեղի բնակիչներից մեկը, պահանջում են վերացնել կարանտինը: Դեպքն արձանագրվելուն պես գյուղն ամբողջությամբ փակվել է: Բնակիչները պնդում են, որ իրենք մնացել են առանց սննդի ու ապրուստի միջոցների:
Ամեն ինչ սկսվել է օգոստոսի 22-ին, երբ մահացել է Լաբրայի 52-ամյա բնակիչը (գյուղ Աբխազիայի Օչամչիրա շրջանում): Տղամարդն ինքնաբուժությամբ է զբաղվել երկու շաբաթ, իսկ երբ դիմել է շրջանի հիվանդանոց, նրա մոտ կորոնավիրուս են ախտորոշել:
Բայց հիվանդին չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց. նա մահացել է շտապօգնության մեքենայում: Այնուհետև համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ գյուղում կան ևս մի քանի օջախներ, և դրա հետ կապված Առողջապահության նախարարությունը որոշում է ընդունել գյուղում կարանտին հայտարարել:
• Կարանտինը Ադրբեջանում երկարաձգվել է ևս մեկ ամսով. բացվում են թանգարանները և ցուցասրահները
• Հայաստանում այլևս չի երկարաձգվի կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը
Շուտով այդ որոշումից դժգոհ մի քանի տասնյակ մարդիկ ցույց կազմակերպեցին գյուղապետ Հարություն Մելքոնյանի տան մոտ:
Բնակիչները պահանջում էին ապաշրջափակել գյուղը, ասում էին, որ ոչ ոք իրենց չի ապահովել դեղորայքով, անձնական պաշտպանիչ միջոցներով և սննդով: Գյուղացիների մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և վաճառում է իր ապրանքը շուկայում:
Զրկվելով այդ հնարավորությունից՝ մարդիկ հարց էին տալիս. ո՞վ է ստանձնում իրենց համար պատասխանատվություն կարանտինի ընթացքում: Շատերն ասում էին, որ կասկածում են, թե ընդհանրապես նման հիվանդություն գոյության ունի:
Լրագրողների և Տելեգրամ ալիքների տարածած տեսանյութում ցուցարարները կանգնած են խմբերով, առանց դիմակների: Ցուցարարներից մեկն ասում է.
«Մենք ի՞նչ անենք: Տանը երեխաներ ունենք: Մենք դուրս չենք գալիս, շուկա չենք գնում. ո՞վ է կերակրելու մեր երեխաներին: Ո՞վ է մեզ վճարելու մինիմալ աշխատավարձ, որպեսզի մենք կերակրենք մեր երեխաներին: Գյուղի բնակչությանը որոշել են խեղդել և վերջ»:
Ավելի ուշ Լաբրայի բնակիչների հետ հանդիպել է նաև առողջապահության նախարար Թամազ Ցախնակիան: Ինչպես ավելի ուշ նա տեղեկացրեց լրագրողներին, գյուղացիները կապահովվեն դեղորայքով, Լաբրայում կհերթապահի շտապօգնություն, և մարդիկ առանց խնդիրների կարող են հասնել հիվանդանոցներ և դեղատներ: Եթե գյուղացիների թեստերի արդյունքները բացասական լինեն, կարանտինը կհանվի:
Օգոստոսի 25-ից Լաբրա գյուղը փակվել է երկու շաբաթով:
Օգոստոսի 27-ին մեկ օրում Աբխազիայում կորոնավիրուսային վարակի թեստավորում է անցել 197 քաղաքացի, COVID-19 ախտորոշում հաստատվել է նրանցից 21-ի մոտ: Ներկա պահին Գուդաութայի քովիդ-հոսպիտալում գտնվում են 19 հոսպիտալացված պացիենտներ: Նրանցից 3-ը ծանր և 3-ը միջին ծանրության վիճակում են: Աբխազիայում կորոնավիրուսով հիվանդացության հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն այսօր կազմում է 295 մարդ: Նրանցից 117-ն ապաքինվել է, 4-ը՝ մահացել: