Վրաստանից 2017 թ-ին առևանգված ադրբեջանցի լրագրողը Թբիլիսի է վերադարձել
Թբիլիսիից 2017 թ-ին առևանգված և Ադրբեջանում դատապարտված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Վրաստան է վերադարձել։
Սա Մուխտարլիի առաջին այցն է երկիր իր առևանգման պահից ի վեր։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր լրագրողը, ինքը պատրաստվում էր Վրաստան վերադառնալ՝ ցուցմունք տալու և իր առևանգման գործով քննության հետ համագործակցելու նպատակով։
Սակայն նրան հաջողվեց Վրաստան վերադառնալ միայն երկրորդ փորձից։ Ադրբեջանցի լրագրողը պատրաստվում էր Վրաստան մեկնել Գերմանիայից 2020 թ-ի հոկտեմբերի 9-ին, սակայն Վրաստանի հյուպատոսարանում նրան ասել էին, որ թույլ չեն տա սահմանը հատել՝ փաստաթղթերի բացակայության պատճառով։
- Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին դատի է տվել Վրաստանի իշխանություններին
- «Ադրբեջանում ապրելն իմ իրավունքն է»․ լրագրող, նախկին խղճի գերի Աֆղան Մուխտարլին JAMnews-ին պատմել է ապագայի իր պլանների մասին
Աֆղան Մուխտարլին առևանգվել է օրը ցերեկով, 2017 թ-ի մայիսի 29-ին, Թբիլիսիի կենտրոնական թաղամասերից մեկից։
Նա ընտանիքով Վրաստան էր տեղափոխվել 2014 թ-ին, քանի որ հայրենիքում նրան հետապնդում էին Ադրբեջանի կառավարությանն ուղղված կտրուկ քննադատության համար։
Առևանգման հաջորդ օրը՝ մայիսի 30-ին, Մուխտարլին ադրբեջանական բանտում է հայտնվել։ Այնտեղ նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանություններին չենթարկվելու համար։
Երեք տարի բանտում անցկացնելուց հետո, 2020 թ-ի մարտի 17-ին Մուխտարլին անսպասելիորեն ազատ էր արձակվել և հատուկ չվերթով Գերմանիա ուղարկվել, որտեղ նրա կինն ու դուստրն են ապրում 2019 թ-ից։
Մուխտարլիի առևանգման պահից չորս տարի է անցել, իսկ նրա գործն այդպես էլ չի հետաքննվել Վրաստանում։ Վրաստանի դատախազությունը մինչ օրս ձևականորեն հետաքննում է Մուխտարլիի առևանգման գործը 143-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի ազատազրկում)։