«Մոսկվան հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»․ արձագանք ՌԴ ԱՀԾ-ին
Ռուսաստանի ԱՀԾ-ն ՀՀ տնտեսական ճգնաժամի մասին
«Բրյուսելը գիտակցում է Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը։
Մոսկվայից հերթական անգամ արձանագրել են՝ չեն պատրաստվում ԵԱՏՄ անդամների հաշվին ապահովել «ԵՄ-ի ուղղությամբ «թիավարող» հայկական իշխանությունների կայունությունը»։
Ուշագրավ է, որ ՌԴ ԱՀԾ-ի այս հայտարարությունը հաջորդել է Փաշինյան — Պուտին հեռախոսազրույցին, որը ռուսական կողմի տեղեկացմամբ՝ կայացել էր Հայաստանի նախաձեռնությամբ։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ զրույցի հիմնական թեմաներից մեկը եղել է ԵՄ անդամակցության հարցով ՀՀ-ում հանրաքվեի հնարավոր անցկացումը։
«Հանրաքվեի կազմակերպման հստակ ժամկետները չեն նշվել, սակայն ընդգծվել է դրա շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը»,- նկատել էր Պեսկովն ու հավելել՝ հարկավոր է հանրաքվեն անցկացնել օր առաջ, որպեսզի պարզ լինի, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո»։
Հայ վերլուծաբանները Պուտինի հետ հեռախոսազրույցն ու Ռուսաստանի ԱՀԾ հայտարարությունը դիտարկում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու համատեքստում։ Արձանագրում են՝ երկկողմ հարաբերություններում ճգնաժամը շարունակվում է, լուծումները դեռևս տեսանելի չեն։ Միաժամանակ նրանց համար անհասկանալի է, թե ինչու է ՌԴ հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միության անունից հանդես գալիս Արտաքին հետախուզության ծառայությանը, այլ ոչ թե ԵԱՏՄ-ն կամ անդամ երկրները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել հուլիսի 27-ին։ Մտքեր էին փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
Փաշինյանը բարձրացրել էր հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումների թեման և ընդգծել, որ դրանք «հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին»։ Վարչապետը խնդրել էր միջոցներ ձեռնարկել խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Ի՞նչ է ասված ՌԴ ԱՀԾ հայտարարության մեջ, փորձագետների և քաղաքացիների կարծիքը
- Ռուսաստանում ոչնչացվել է Բելառուսով տեղափոխվող ենթադրաբար հայկական 40.000 վարդ
- «ԵՄ-ն իր դռները կբացի հայկական արտադրանքի համար». Եվրահանձնաժողովի նախագահի այցը Երևան
- Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
- Տնտեսությունը՝ ազդեցության լծակ․ ընտրություններից առաջ ՌԴ-ն ճնշում է Հայաստանին
Ռուսաստանի ԱՀԾ հայտարարությունը
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն տարածել է «ԵՄ-ն Հայաստանին իր կողմն է գրավում, բայց չի կարող օգնել» վերնագրով հայտարարություն։ Հղում անելով իր ստացած տեղեկությունների վրա՝ ծառայությունն ընդգծել է, որ «եվրասիական ինտեգրմանն ունեցած մասնակցությունից [Հայաստանի] ստացած եկամուտների զրոյացումը թույլ չի տա ԵԱՏՄ անդամների հաշվին ապահովել ԵՄ-ի ուղղությամբ «թիավարող» հայկական իշխանությունների կայունությունը»։
Նշվում է` եվրոպական կառույցներն ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք պայմանավորված են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությամբ և «եվրոպացի բյուրոկրատների՝ Ուկրաինայում ընթացող պատերազմին աջակցելու մոլուցքային ձգտմամբ», Բրյուսելին հնարավորություն չեն տա փոխհատուցել Երևանի միլիարդավոր ծախսերը․
«Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ԵՄ ղեկավարությանը ազդանշան են տվել այն մասին, որ պատրաստ չեն բացելու իրենց շուկաները Հայաստանից ներկրվող ապրանքների համար՝ ի վնաս տեղական արտադրողների»։
ԱՀԾ դիտարկմամբ՝ ԵՄ-ն կշարունակի Երևանին համոզել իր անվերապահ աջակցության մեջ, իսկ աջակցության տրամադրման դանդաղումը կբացատրի նրանով, որ «ԵՄ անդամակցությունն ամբողջությամբ կախված է Երևանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ՝ Եվրամիությունն արդեն իսկ Փաշինյանի կառավարությանը պահանջներ է ներկայացրել, մասնավորապես՝
- «նվազեցնել ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայությունը,
- խզել Ռուսաստանի հետ մարդասիրական կապերն ու ճնշել դրա դեմ հանդես եկող ներքին հակառակորդներին»։
Հայտարարության համաձայն՝ Հայաստանին խրախուսելու են «վիզայի ազատականացման հեռանկարի շուրջ մանիպուլյացիաներով և «հրաշալի ապագայում» Հայաստանն «աշխարհի բարգավաճող խաչմերուկի» վերածելու խոստումներով»։
«Բրյուսելը չպետք է ակնկալի, որ ԵԱՏՄ անդամ երկրները Երևանի քաղաքական անձնակազմին թույլ չեն տա խեղդվել, կպահեն ջրի երեսին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի Եվրամիություն»,- նկատել են կառույցից։
Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները․ հարցում
ԵԱՏՄ, թե՞ ԵՄ հարցով հնարավոր հանրաքվեի շուրջ քննարկումների ֆոնին հայկական Factor TV-ին որոշել է հարցում իրականացնել։ Հարցը ձևակերպված է այսպես. «Եթե այս կիրակի ԵԱՏՄ-ԵՄ միջև ընտրության հարցի շուրջ հանրաքվե լիներ, ո՞ր միության օգտին կքվեարկեիք»։
Վերջին տվյալների համաձայն՝ արդեն 3300-ից ավելի մարդ է մասնակցել հարցմանը, պատկերը հետևյալն է՝
- 74%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը,
- 21%-ն ուզում է մնալ ԵԱՏՄ-ում,
- 5%-ը դժվարանում է պատասխանել։
Փորձագիտական կարծիքներ
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ Մոսկվայից հնչող հայտարարությունները նորություն չեն և տեղավորվում են ՌԴ երկարամյա գործելաոճի շրջանակում․
«Փորձում են և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին ցույց տալ, որ ինչ-որ գործընթացներ են գնում, որտեղ իրենք ակտիվ դիրքորոշում ունեն և նաև «բացահայտում են ինչ-որ գաղտնի մեխանիզմներ» հետխորհրդային տարածաշրջանի վրա ԵՄ, Արևմուտքի, այսպես կոչված, «վնասակար ազդեցության» վերաբերյալ»։
Հիշեցնում է՝ Մոսկվայի հռետորաբանության մեջ Հայաստանը հաճախ է ներկայացվում ոչ թե որպես ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն, այլ որպես արտաքին ազդեցությունների օբյեկտ։
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն ի՞նչ կապ ունի ԵԱՏՄ երկրների անունից խոսելու հետ։ ԵԱՏՄ անդամ երկրների կամ միության մամուլի քարտուղարությու՞նն է»,- Shant TV-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։
Խուրշուդյանը հարցնում է՝ ի՞նչ է նշանակում մեղադրել Բրյուսելին, որ տանում է Հայաստանի տնտեսությունը կործանման այն դեպքում, երբ հենց Բրյուսելն է փոխհատուցում ՌԴ կողմից սահմանված պատժամիջոցների վնասները։ Նկատի ունի հայկական ապրանքների՝ Ռուսաստան արտահանման սահմանափակումների ֆոնին Եվրամիության աջակցության ծրագրերը։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ի վերջո, ՌԴ-ն հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ռուս սահմանապահներին դուրս բերի Հայաստան-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններից, ինչպես նաև հրաժարվի երկաթուղու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրից։
Ըստ Խուրշուդյանի՝ ստեղծված իրավիճակում Հայաստանն ավելի շատ քայլեր կարող է ձեռնարկել, իսկ ՌԴ-ն արդեն իսկ կիրառել է «իր գործիքակազմի մեծ մասը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուսաստանի ԱՀԾ-ն ՀՀ տնտեսական ճգնաժամի մասին