Շտապօգնության բժիշկը Վրաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների թվում է
Կիսվել
Կիսվել
Ապրիլի 4-ին Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման նոր ութ դեպքերի թվում է Թբիլիսիի շտապօգնության բժիշկը:
Ինչպես հայտնում են, նա վարակվել է իր կնոջից: Կինը Ազգային բանկի յոթ աշխատակիցներից մեկն է, ովքեր վարակվել էին կորոնավիրուսով մի քանի օր առաջ: Վարկածներից մեկի համաձայն՝ դա տեղի է ունեցել թղթադրամների հետ շփման արդյունքում:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, որտեղ աշխատել է վարակված բժիշկը, փակ է: Համաճարակաբանները կազմում են այն մարդկանց ցուցակը, որոնց հետ նա շփումներ է ունեցել:
Վարակված բժիշկը մարտի 31-ին ամբողջ օրը հերթապահել է:
Ապրիլի 4-ի առավոտյան Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 79-ամյա մի կին: Նա Վրաստանում պանդեմիայի առաջին զոհն է: Երկրում ընդհանուր առմամբ 156 մարդ է վարակվել, նրանցից 28-ը առողջացել են: 5,526 մարդ գտնվում է կարանտինում, 344-ը հիվանդանոցում հսկողության տակ են:
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի պանդեմիան կանխարգելելու համար: Դադարեցված է ողջ հասարակական տրանսպորտը, ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից: Մարդկանց արգելված է դուրս գալ տանից,եթե չկա խիստ անհրաժեշտություն:
Մարտի 23-ից ելքի և մուտքի համար փակ են Մառնեուլ և Բոլնիս քաղաքները կորոնավիրուսի ներքին տարածման վտանգի պատճառով:
Մարտի 31-ին Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել: