Վրաստանում տեղի կունենա Զատկի պատարագը, պատրիարքարանը չի պատրաստվում չեղարկել այն
Վրաստանի պատրիարքարանը չի պատրաստվում հրաժարվել Զատկի պատարագի անցկացումից՝ չնայած պանդեմիայի պատճառով իշխանությունների հայտարարած համընդհանուր կարանտինին։ Պատրիարքարանն այսօր ևս մեկ անգամ հայտարարել է այն մասին, որ չի պատրաստվում փոփոխություններ մտցնել նաև հաղորդության ծեսում, մասնավորապես, օգտվել այդ ընթացքում մեկանգամյա օգտագործման սպասքից։ Հաղորդությունը կտրվի բոլորին միևնույն գավաթով։
Վրաստանում ապրիլի 3-ին ժամը 10։00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 148 դեպք։ Կարանտինի մեջ է 5550 մարդ, ստացիոնար հսկման տակ՝ 281 մարդ, ապաքինվել է 27 մարդ։
«Եկեղեցիներից ոչ մեկը չի հրաժարվել հաղորդության ժամանակ մեկ գավաթ օգտագործելու գաղափարից։ Սինոդն այդպիսի որոշում է կայացրել, վեճերն ավարտված են», — հայտարարել է պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմայիձեն։ Նա ընդգծել է, որ Զատկի պատարագն ամպայման անցկացվելու է, և պատրիարքարանն ամպայման ի գիտություն է ընդունելու առողջապահության նախարարության հորդորները։
Թե ինչպես է անցկացվելու պատարագը, որպեսզի ոչ հավատացյալները, ոչ եկեղեցին չխախտեն արտակարգ դրության ռեժիմը, պատրիարքարանի ներկայացուցիչը չի պարզաբանել։ Անդրիա Ջագմայիձեն ընթացքում հայտարարել է, որ քահանաներից մեկի այն հայտարարությունը, թե հավատացյալները Զատկի գիշերը եկեղեցում են անցկացնելու, պատրիարքարանի հետ համաձայնեցված չի եղել։
Այդ քահանան Շալվա Կեկելիան է, որը «Ֆորմուլա» հեռուստատեսությանը հայտարարել է, թե հավատացյալները չեն խախտի պարետային ժամը, եթե եկեղեցիներում հավաքվեն դրա մեկնարկից առաջ՝ մինչև 21։00, մեկ ու կես մետր սոցիալական հեռավորություն պահպանեն և եկեղեցիները լքեն պարետային ժամի ավարտից հետո՝ ժամը 6։00-ից հետո։
Մինչդեռ փոխվարչապետ, ենթակառուցվածքի նախարար Մայա Ցկիտիշվիլին հայտարարել է, որ այն քաղաքացիները, որոնք Զատկի գիշերը եկեղեցի կգնան, պարետային ժամը կխախտեն միանգամից երկու կետով. երեք հոգուց ավելի հավաքների արգելքն ու ժամը 21։00-ից հետո տանից դուրս գտնվելը։ Ընդ որում, Ցկիտիշվիլին հասկացրել է, որ պանդեմիայի պատճառով ներմուծված սահմանափակումները վերաբերում են Վրաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ հոգևորականներին։
Իսկ այսօր Մայա Ցկիտիշվիլին, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել են, որ չեն պատրաստվում ներկա գտնվել Զատկի պատարագին։
Կառավարության որոշմամբ՝ պանդեմիային հակազդելու համար Վրաստանում մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է գործում։ Մարտի 31-ից արգելված են երեք և ավելի հոգով հավաքները՝ բացառությամբ խանութների և դեղատների, որտեղ պետք է սոցիալական հեռավորություն պահպանել։ Դադարեցված է հանրային տրանսպորտի բոլոր տեսակների, այդ թվում՝ մետրոյի աշխատանքը։
Արգելված է առցանց առևտուրը՝ բացառությամբ մթերքի և սննդամթերքի։ 21։00-ից մինչև 6։00 պարետային ժամ է գործում։ Այս ամենի ֆոնին Վրաց ուղղափառ եկեղեցու Սինոդը մարտի 20-ի նիստին որոշել է չփոխել հաղորդման ծեսը, որն, ամեն ինչից զատ, եկեղեցում գտնվող բոլոր հավատացյալների համար մեկ գավաթի օգտագործում է ենթադրում։