ՀՀ բանակում տարեսկզբից 31 մահվան դեպք է գրանցվել, որից 27-ը՝ խաղաղ պայմաններում
Մահվան դեպքեր հայկական բանակում
Տարեսկզբից մինչ օրս Հայաստանի բանակում զինծառայողների մահվան 31 դեպք է գրանցվել, որից 27-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Վերջին դեպքի մասին Պաշտպանության նախարարությունը հայտնեց նախորդ շաբաթ․ «ՊՆ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով»։ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով»։
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի խոսքով՝ վերջին երեք տարիներին Հայաստանի զինված ուժերում մահերի գրեթե 70 տոկոսը գրանցվել է հենց խաղաղ պայմաններում։
Չնայած իշխանությունները պարբերաբար հայտարարում են բարեփոխումների իրականացման մասին, սակայն, ըստ իրավապաշտպանի, զինված ուժերում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։
Ինքնասպանության հասցնելու 6 դեպք է գրանցվել
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին զինծառայողին ինքնասպանության հասցնելու 6 դեպք է գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր նման 10 դեպքի մասին։
«Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի զգալի մասը կազմում են ինքնասպանության և սպանության դեպքերը»,- «Ազատության» եթերում նշել է իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։
Մահվան դեպքեր են գրանցվում նաև վարժական հավաքների ընթացքում
Մովսեսյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խնդիրներ են լինում նաև վարժական հավաքների ընթացքում։
Ասում է՝ հավաքների մասնակիցներին ներգրավում են միայն մարտական հերթապահություն իրականացնելու համար։
«Այս տարի արդեն մեկ պահեստազորային է մահացել [դիրքի կացարանում չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով — JAMnews], 2023 թ․-ին՝ 5, որից 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով»,- նկատել է նա։
Միշտ չէ, որ թափանցիկ քննություն է ընթանում
Իրավապաշտպանն ասում է՝ ոչ միշտ է, որ հարուցված քրեական գործերի քննությունը թափանցիկ է ընթանում։ Հիշեցնում է՝ 2024 թ․-ի հուլիսի ինքնաթիռի կործանման դեպքն ու հավելում՝ մինչ օրս կործանման պատճառներն անհայտ են։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հուլիսի 19-ին հաղորդել էր, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ, զոհվել է երկու անձ՝ մեկը՝ կուրսանտ, մյուսը՝ ավագ լեյտենանտ։ Այլ մանրամասներ դեռևս չկան։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 539 հոդվածի 4-րդ մասով` ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մահ:
Ի՞նչն է մահվան պատճառ դառնում
Ըստ իրավապաշտպանի՝ հաճախ զինծառայողների մահվան պատճառ են դառնում բանակում քրեական բարքերի առկայությունը, զինվորների ու սպաների միջանձնային խնդիրները․
«Տարեցտարի չնվազող այս դեպքերը վկայում են այն մասին, որ բարեփոխումներն այնքան էլ արդյունավետ կերպով չեն ընթանում»։
Զինված ուժերում առկա խնդիրների մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են նաև իշխանությունները։
Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի ուղերձում Հայաստանի վարչապետը մատնանշել էր նաև միջանձնային հարաբերություններով պայմանավորված խնդիրները։
«Զինվոր-զինվոր, զինվոր-սպա, սպա-սպա հարաբերությունների լրջագույն ճեղքեր ունենք, որ պիտի լրացնենք: Բանակը բաց կամ կիսաբաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկ դարձնելու բոլոր փորձերն ու գործոնները պետք է արմատախիլ անել հետևողական ու վճռական քայլերով»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել էր, որ համակարգում կան բազմաթիվ բացեր և հավելել․
«Ակնկալում եմ, որ վճռական որոշումներով այդ պրոբլեմները լուծվեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մահվան դեպքեր հայկական բանակում