«ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների վերլուծություն
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Հրապարակված տվյալների համաձայն՝ ամենաշատ ձայները ստացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49․825% (727․827) ձայն:
Գլխավոր ընդդիմադիր ուժերի ստացած ձայներն են՝
• Միլիարդատեր ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինք — 23․281% (340․088 քվե),
• ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք — 9․934% (145․113 քվե),
• Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն -3․996% (58․378 քվե)։
Այս թվերը քիչ են տարբերվում ավելի վաղ հանձնաժողովի կայքէջում թարմացվող տեղեկատվությունից։ Նախագահ Վահագն Հովակիմյանի պարզաբանմամբ՝ եղած տարբերությունները պայմանավորված են նրանով, որ կայքում ցուցանիշներն ավտոմատ կլորացված են երևում։
Օրենսդրության համաձայն՝ կուսակցությունների համար ԱԺ անցնելու անցողիկ շեմը 4%-ն է, դաշինքների համար՝ 8%-ը։ Ըստ նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ շեմը հաղթահարելու համար: Կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար:
Այսօր և վաղը ԿԸՀ-ն կընդունի մասնակից ուժերի վերահաշվարկի դիմումները, այնուհետև դրանք կդառնան քննության առարկա։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթ անց։
Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «ընտրությունների արդյունքում հաղթելու համար» և հայտարարել, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ջախջախված է»։ Իշխող ուժն այդպես է անվանում ընդդիմադիր 3 ուժերի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Արձագանքելով ԱԺ անցած ուժերի հետ համագործակցության եզրեր գտնելու մասին հարցին՝ Փաշինյանը հայտարարել է, որ խոսքը ոչ թե քաղաքական ուժերի, այլ «քրեաօլիգարխայի» մասին է, որի ունեզրկումը պետք է տեղի ունենա շատ մեծ տեմպերով։
«Նրանք պետք է գործունեության դաշտ չունենան Հայաստանում։ «Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը» պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից։ Քաղաքական դաշտում դա է մեր անելիքը»,- նշել է նա։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքի վրա ազդել են տարբեր գործոններ, այդ թվում՝ քաղաքացիների արևմտամետ/ռուսամետ հայացքները, որոշ խմբի դրսևորած անտարբերությունը, ընդդիմության ընտրակաշառք բաժանելը։
Ասում է՝ շատերն առաջնորդվել են «ընդդեմ քվեարկության» սկզբունքով, այսինքն՝ քվեարկել են «Ուժեղ Հայաստանի» կամ «Հայաստան» դաշինքի օգտին միայն նրա համար, որ Փաշինյանը չշարունակի պաշտոնավարել կամ ընդհակառակը՝ քվեարկել են Փաշինյանի օգտին՝ միայն նրա համար, որ «ռուսամետները հանկարծ չգան իշխանության»։
«Կարելի է ասել, որ այն, ինչ արեց Ռուսաստանը, հակառակ էֆեկտ տվեց։ Էականորեն շատ մարդիկ գնացին ընտրության, ինչպես ժողովուրդն է ասում՝ «թասիբի համար», որ ՌԴ-ից մարդիկ գալիս են, իրենց փոխարեն որոշում են կայացնելու։ Եվ մենք տեսանք, որ մասնակցությունը շատ ավելի բարձր եղավ, քան նախորդ երկու անգամ։ Հենց ընտրությունների արդյունքները ցույց են տալիս՝ ինչպիսին է քաղաքացիների կարծիքը»,- JAMnews-ի հետ զրույցում ընդգծել է Ղևոնդյանը։
Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միանձնյա կառավարելու է Հայաստանը, բայց սահմանադրական մեծամասնություն չի ունենալու։
Հայ փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու համագործակցել խորհրդարան անցած ուժերից որևէ մեկի հետ։
Սահմանադրական մեծամասնությունն իշխող ուժին անհրաժեշտ կլինի երկրում նոր մայր օրենք՝ Սահմանադրություն ընդունելու համար։ Թեև Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, թե դա ՀՀ ներքին գործն է, Բաքուն Սահմանադրության փոփոխությունը համարում է խաղաղության պայմանագրի կնքման նախապայման և բաց տեքստով հայտարարում է այդ մասին։
JAMnews-ը փորձել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ զրույցում պարզել՝ ինչի՞ մասին են վկայում ընտրությունների արդյունքները, ի՞նչ վտանգներ է պարունակում իշխող ուժի՝ սահմանադրական մեծամասնություն չունենալը, ի՞նչ սպասել նոր խորհրդարանից, արդյո՞ք կփոխվի ՀՀ արտաքին քաղաքական կուրսը։
- Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
- «Սենսացիոն, բայց կեղծ»․ կարծիք Հայաստանի քաղաքական ուժերի խոստումների մասին
- «Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
Քանի՞ մանդատ կունենա իշխող ուժը
Խորհրդարան անցած ուժերի մանդատների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել։
«Ազատություն» ռադիոկայանի իրականացրած հաշվարկի համաձայն՝ նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 63 մանդատ։ Սահմանադրական մեծամասնության պարագայում մանդատների թիվը պետք է լիներ 70։
Նիկոլ Փաշինյանը շտապել էր հայտնել հաղթանակի մասին
Հունիսի լույս 8-ի գիշերը, երբ ԿԸՀ-ն հրապարակել էր 2005 ընտրատեղամասերից 477-ում ամփոփված տվյալները, Փաշինյանը շտապել էր հայտարարել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն:
Լրագրողները հետաքրքրվել էին՝ արդյո՞ք խնդրահարույց չէ նման հայտարարությունը․
«Գիտե՞ք, մենք բոլոր ընտրական տեղամասերում ունենք վստահված անձինք, և ունենք արձանագրությունները, և մենք մեր սեփական հաշվարկներն ենք անում»:
Ընտրություններին մասնակցող ուժերը, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքը, «Միասնության թևեր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները քննադատել էին նախքան ընտրությունների ամփոփումը հաղթանակի մասին Փաշինյանի հայտարարությունը։ Նրանք այն որակել էին «իշխանությունը յուրացնելու քայլ», «ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն», «ընտրական օրենսդրության նորմերի ոտնահարում»։
Շեշտել էր՝ իր գլխավորած ուժը ստացել է ավելի շատ ձայներ, քան 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ։
«Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը, և, իհարկե, մենք ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»,- վստահեցրել էր գործող վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել էր, որ արդեն ոչ պաշտոնական հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ: Նախնական արդյունքների հաղորդումից առաջ նա հասցրել էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեից ստանալ առաջին շնորհավորանքը։
«Շարունակելու ենք Եվրամիության հետ մերձեցման կուրսը»․ Փաշինյան
Կեսգիշերից հետո կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են՝ ՀՀ իշխանությունները շարունակելո՞ւ են Եվրամիության հետ մերձենալու կուրսը։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն շարունակելու է Եվրամիության հետ մերձեցման կուրսը, շարունակելու է նաև մասնակցությունն ու անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում։
«Կշարունակենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ։ Մենք, իհարկե, կնպաստենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը»,- շեշտել է Փաշինյանը։
«Հայաստանն ընտրել է իր ժողովրդավարական ուղին»․ շնորհավորանքներ Արևմուտքից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթանակի առիթով շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ X-ի իր էջում նա արձանագրել է՝ 2018 թվականին Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է։
«Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կարծում է՝ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների հետ ավելի ուժեղ համագործակցության վրա հիմնված ապագայի օգտին։ Նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ընդգծել․
«Դուք կարող եք հպարտանալ Հայաստանի դիմակայունությունը, կայունությունը, և բարգավաճումն ամրապնդելու Ձեր դերով։ Հայաստանն ու Եվրամիությունը միասին կառուցում են ավելի ուժեց կապեր մարդկանց միջև և նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։ Մեր ուժեղ համագործակցությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ողջ տարածաշրջանի համար»,- գրել է Կոշտան։
Խորհրդարանական ընտրություններում «համոզիչ հաղթանակի» առիթով Փաշինյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը․
«Ես ուրախ եմ շարունակել Ձեզ հետ աշխատանքը՝ սկսված մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, Հայաստանի խաղաղությունն ու ինքնիշխանությունը սատարելու, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային աջակցելու համար»։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհավորանքում արձանագրել է․
«Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին և ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
Ռուսաստանը ՀՀ ԱԺ-ում «զսպաշապիկ» կունենա
«Ակնհայտ է, որ սա ռուսական «պլան Բ»-ն էր, այսինքն՝ եթե չստացվի իշխանությունը վերցնել, գոնե ԱԺ-ում ունենալ զսպաշապիկ, որի միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ իշխանություններին իրենց ցանկությամբ ու պատկերացումներով ինչ ուզել, անել։ ՌԴ-ն հասավ այդ պլանի իրականացմանը։
Զսպաշապիկ, առաջին հերթին, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցի վերաբերյալ, որ հանկարծ Սահմանադրության մեջ չլինեն այնպիսի դրույթներ, որոնք խնդրահարույց կլինեն Ռուսաստանի համար։ Կամ ընդհանրապես արգելափակել սահմանադրական փոփոխությունները և հնարավորություն չտալ ՔՊ-ին խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև դա չի բխում Ռուսաստանի շահերից։
Բայց նաև ԱԺ-ում թույլ չտալ այնպիսի ուժեր, որոնց հետ ՔՊ-ն կարող է համագործակցել, թույլ չտալ ԱԺ բնականոն աշխատանք և ճգնաժամային իրավիճակներ ստեղծել, ինչպես նախորդ խորհրդարանում անում էին «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը ։ Մի խոսքով՝ այն ամբողջ ծաղկաբույլը, որը մենք տեսել ենք նախորդիվ»։
Չենք տեսնի ընդգծված շարժ դեպի Եվրամիություն
«Այն, ինչ տեղի էր ունենում մինչև հիմա [արտաքին քաղաքականության մեջ], շարունակվելու է։
Բայց անպայման պետք է հաշվի առնել սահմանափակումները, որոնք կլինեն, քանի որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։ Ավելի դանդաղ ընթացք կտեսնենք։
Չենք տեսնի ավելի ընդգծված շարժ դեպի Եվրամիություն հենց այն պատճառով, որ ունենք այպիսի խորհրդարան։
«Քաղաքացիական պայմանագիրը» կփորձի շարունակել իր՝ բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը»։
Ադրբեջանի և Թուրքիայի ուղղութամբ դրական զարգացումներ կլինեն
«Ադրբեջանի և Թուրքիայի մասով, ամենայն հավանականությամբ, զարգացումները կլինեն ավելի արագ, որովհետև նրանք սպասում էին ընտրություններին և դրանց արդյունքներին։ Սպասում էին, որ խաղաղության օրակարգը շարունակող իշխանությունը նորից ընտրվի։
Փաստացի այդ իշխանությունը մենք ունենք։ Կարծում եմ՝ արագ զարգացումներ կարելի է սպասել կարճ ժամկետում։
Առաջին հերթին Թուրքիայի հետ սահմանի բացումը, հետո նաև Ադրբեջանի հետ որոշակի գործընթացները, օրինակ՝ TRIPP-ի կառուցման սկիզբը, որ հուսով եմ՝ մոտակա ամիսներին կտեսնենք։
Կարող են լինել սահմանի այլ հատվածներում Ադրբեջանի հետ համագործակցության այլ ձևատեսակներ։ Օրինակ՝ Տավուշի սահմանազատված և սահմանագծված հատվածում բեռների փոխադրումներ կամ նմանատիպ ինչ-որ զարգացումներ»։
Կա հավանականություն, որ Սահմանադրությունը չի փոխվի
«Ամենայն հավանականությամբ, սահմանադրության փոփոխության գործընթաց նախաձեռնել կամ չի ստացվի, կամ էական վերափոխումներով հնարավոր կլինի։
Արդեն այս պահին հասկանալի է, թե ինչու ՔՊ-ն չհրապարակեց նոր Սահմանադրության նախագիծը։ Եթե Սահմանադրության տեքստը հրապարակված լիներ, փոխելը շատ բարդ կլիներ, իսկ այն տեքստը, որը կար, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէր լինի համաձայնեցնել այս քաղաքական ուժերի հետ։
Գուցե սահմանադրական փոփոխություններ ունենանք, բայց տեքստը բացարձակապես այլ կլինի, քան այն, ինչը պատկերացնում էր ՔՊ-ն։
Բայց կա նաև հավանականություն, որ Սահմանադրությունը չի փոխվի, ինչը նշանակում է՝ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի։
Կարծում եմ՝ եթե չստացվի Սահմանադրությունը փոխել, ապա կարգավորման գործընթացներն էլի որոշակի զարգացում կունենան, բայց առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման, ավելի դանդաղ, ավելի բարդ ընթացակարգերով»։
Ընդդիմությունը հետընտրական պայքարի ռեսուրս չունի
«Քաղաքական ուժերը, որոնք կցանկանային հետընտրական զարգացումներ իրականացնել, չունեն բավարար ռեսուրս, բավարար հնարավորություններ։
Մենք տեսանք, թե ինչ ռեսուրսի են տիրապետում, օրինակ՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հանրահավաքի ժամանակ, ինչքան մարդ են կարողանում փողոց հանել։ Դա ակնհայտորեն անբավարար է ցանցային պայքար իրականացնելու համար։
Ուղղակի դուրս գալ փողոց, հանրահավաք անել և հետո գնալ մանդատները վերցնելու, կարծում եմ՝ դա է նրանց միակ տարբերակը»։
Իշխող ուժը չի փորձի ընդդիմությանը դուրս թողնել քաղաքական գործընթացներից
«Խորհրդարանում նույն պատկերն է լինելու, ինչ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո։
Ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր գնում ենք խորհրդարան «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստանի» ցուցակներով, գնում են այնտեղ ոչ թե աշխատելու, այլ թույլ չտալու, որ ՔՊ-ն աշխատի, խնդիրներ ստեղծելու, ավելի բարդ դարձնելու գործընթացները։ Սա նշանակում է՝ նախորդ 5 տարվա իրավիճակը կրկնվելու է ևս 5 տարի։
Չեմ կարծում, թե երբ իշխանությունները խոսում են «պատերազմի եռագլուխ կուսակցությունը ՀՀ-ից արմատախիլ անելու» մասին, նրանց խոսույթի հետ համընկնում է քաղաքական նպատակահարմարությունը։
ՔՊ-ին ձեռնտու է նման ընդդիմություն ունենալը։ Այդ ֆոնին նրանք մշտապես կկարողանան մեծամասնություն ձևավորել և մնալ իշխանության ՀՀ-ում, եթե էական փոփոխություններ չլինեն։
Պետք չէ կարծել, թե քայլեր են ձեռնարկելու, որ այդ ուժերին դուրս դնեն քաղաքական գործընթացներից։
Բայց դա չի նշանակում, թե կոնկրետ անձանց նկատմամբ գործընթացներ չեն լինելու։ Շատ հնարավոր է, որ կոնկրետ անձինք, որոնք մի շարք հանցանքներ են գործել, կենթարկվեն պատասխանատվության։ Այդ համատեքստում, սակայն, քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ չեն կորցնի իրենց դիրքերը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների վերլուծություն