«Հայաստանն իր հայտարարություններով խաթարում է բանակցային գործընթացը», – կարծում է Ադրբեջանի նախագահի օգնականը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կտրուկ քննադատությամբ է արձագանքել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը։
Մնացականյանը հայտարարել է, որ Երևանը «տարածքային զիջումներ Ադրբեջանին չի անելու ղարաբաղյան հարցում», իսկ Հաջիևն ասել է, որ այդ հայտարարությունն ի չիք է դարձնում հակամարտության կարգավորման գործընթացը։
Ապրիլի 21–ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առցանց հանդիպում են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ՝ հերթական անգամ քննարկելով ղարաբաղյան հակամարտությունը։ Ոչ մի նոր բան չի ասվել, սակայն հանդիպումն անցել է հանգիստ, կողմերը պայմանավորվել են չսրել իրավիճակը CОVID-19 պանդեմիայի ընթացքում։
- Ինչպե՞ս է անցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջին առցանց հանդիպումը
- Ղարաբաղյան հարցն անհնար է լուծել առանց Ղարաբաղի․ նորընտիր նախագահի հայտարարությունը
Այդ հանդիպման նախաշեմին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել, որում կողմ է արտահայտվել բանակցությունների նախկին ձևաչափին (առանց Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն կողմի մասնակցության) և հակամարտության փուլային լուծմանը։ Նա առաջարկում է սկսել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների ազատումից, որոնք այժմ Ղարաբաղի վերահսկողության տակ են։
Դրան Մնացականյանը պատասխանել է, որ այդ շրջաններն անհրաժեշտ են Ղարաբաղի բնակչության անվտանգության համար։
«Երևանի նման ապակառուցողական հայտարարությունները լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին և խաթարում են բանակցությունները։ Դա նաև ոչ հարգալից վերաբերմունք է համանախագահների նկատմամբ», – կարծում է Հիքմեթ Հաջիևը։