Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում փաստաբանները ենթարկվում են խուզարկության
Կիսվել
Կիսվել
Փաստաբանների մի խումբ հայտարարում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրենց խուզարկում են, ինչը օրենքի խախտում է: Ընդ որում, երբ փաստաբանը հրաժարվում է խուզարկությունից, նրան արգելում են տեսակցել իր պաշտպանյալին:
Փաստաբան Լուսինե Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ փաստաբանների իրավունքները հետևողականորեն խախտվում են: Ընդ որում, խախտումը բնավ օրենքի չիմացության հետևանք չէ: Պարզապես փաստաբանական պալատը թուլացել է և չի կարողանում պաշտպանել իրենց: «Մենք պայքարելու ենք, որ այդ երևույթը դադարի, որովհետև եթե փաստաբանը չի կարողանում իր իրավունքների համար պայքարել, ապա նա չի կարող պաշտպանել այլ անձանց իրավունքները», — ընդգծել է Սահակյանը:
Հարցի առնչությամբ հանդիպել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ովքեր հետագայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Լուսինե Սահակյանի կարծիքով, այս փաստաթղթը հետընթաց քայլ է, քանի որ ամրագրում է հետևյալ դրույթը՝ փաստաբանին իրավունք ունեն զննելու, սակայն ոչ խուզարկելու. «Փաստաբանների պալատը, որպես կառույց, փոխարենը պաշտպանի իր փաստաբաններին, ամեն կերպ պայքարում է իր փաստաբանների դեմ. հասկանալի է, որ պետական մարմիններն էլ կոտնահարեն փաստաբանների իրավունքները, որովհետև նրանց ձեռնտու չէ ուժեղ փաստաբանական կառույցի գոյությունը»:
Փաստաբանը անհրաժեշտ է համարում օգտագործել իրավական բոլոր ուղիները խուզարկումները դադարեցնելու համար, այլապես ինքն ու իր կոլեգաները ստիպված կլինեն դիմել գործադուլի: