Իշխող «Վրացական երազանքը» վրդովված է Իվանիշվիլիի հասցեին հնչած քննադատությամբ
Կիսվել
Կիսվել
Hogan Lovells–ը՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության լոբբիստական ընկերությունը, պատասխան է հրապարակել ամերիկացի կոնգրեսականներին, որոնք ԱՄՆ վարչակազմին հասցեագրված իրենց նամակում կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին անվանել էին «Պուտինի մերձավոր դաշնակից» և կոչ էին արել նրա դեմ պատժամիջոցներ կիրառել։
Պատասխան նամակում ընդգծվում է, որ Իվանիշվիլիի հասցեին հնչած ողջ քննադատությունը մերկապարանոց է և անապացուցելի, իսկ Վրաստանը երբեք այդքան մոտ չի եղել արևմտյան աշխարհին և ԱՄՆ–ին, ինչպես հիմա, ինչը «Վրացական երազանքի» և դրա նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախագահի ավանդն է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական հետազոտությունների կոմիտեն հունիսի 9–ին հրապարակել էր «Ամերիկայի ուժեղացումն ու գլոբալ մարտահրավերների դեմ պայքարը» հաշվետվությունը։ 120-էջանոց փաստաթղթում որպես ԱՄՆ գլխավոր թշնամի էր նշվել Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը, ինչի կապակցությամբ կոնգրեսականներն անհրաժեշտ էին համարել ինչպես այդ երկրների, այնպես էլ այդ պետությունների և նրանց գործընկերների հստակ քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցների խստացումը։
Հաշվետվության «ռուսական մասում» հիշատակվում է Վրաստանը։
«Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանի ամենահարուստ մարդը, Պուտինի մարդն է և աշխատում է Վրաստանի ապակայունացման ուղղությամբ՝ ի շահ Ռուսաստանի», — ասված է հաշվետվությունում, որը ստորագրել է 13 կոնգրեսական։
«Վրացական երազանքը» 2020 թ–ի հունվարի 30–ին մեկ տարվա պայմանագիր է կնքել Hogan Lovells ամերիկյան լոբբիստական ընկերության հետ ամսական ծառայությունների դիմաց 75 հազար դոլար վճարով։ Կուսակցությունը լոբբիստական ընկերության ծառայություններից է օգտվել նաև նախկինում։ Մասնավորապես, 2016 թ–ին՝ նախընտրական փուլում, այն վարձել էր Impact Management Group ընկերությանը՝ 320 հազար դոլարով։