Բելառուսական ցույցերի առաջնորդներից մեկը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Բելառուսական ցույցերի առաջնորդներից մեկին՝ Մարիա Կոլեսնիկովային, բելառուսական դատարանը դատապարտել է 11 տարվա ազատազրկման։ Նրա համախոհ Մաքսիմ Զնակը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Ընդդիմադիրները չեն խոստովանել իրենց մեղքը։
Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն՝ ընդդիմադիրները մեղավոր են ճանաչվել «պետական իշխանության զավթման նպատակով դավադրության», «այնպիսի գործողությունների կոչերի համար, որոնք ուղղված են երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն» և «էքստրեմիստական կազմավորման ստեղծման» համար։
- «Օդահենությունը» և Եվրոպայի պատասխանը․ Բելառուսի հետ ավիահաղորդակցման կասեցում
- Ռուսաստանը կգնի Բելառո՞ւսը։ Փորձագետների կարծիքը
- Սվետլանա Տիխանովսկայա․ Բելառուսի նախագահի ամենաանսովոր թեկնածուն
Կոլեսնիկովան ու Զնակը 2020 թ-ի օգոստոսին աշխատել են նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբում, իսկ նրա կալանքից հետո մասնակցել են բողոքի ակցիաներին։
Կոլեսնիկովան կալանքի տակ է առնվել նախորդ տարվա սեպտեմբերի 8-ին։ Դրանից մեկ օր առաջ անհայտ անձինք առևանգել են նրան Մինսկի կենտրոնում և փորձել երկրից դուրս տանել, սակայն Բելառուսի և Ուկրաինայի սահմանին նա պատռել է իր անձնագիրը։
Կոլեսնիկովայի և Զնակի գործով դատաքննությունը սկսվել է օգոստոսի 4-ին։ Այն կայացել է փակ ձևաչափով, սակայն դատավճռի հրապարակումը բաց էր։ Դրան ներկա էին մեղադրյալների հարազատները, սակայն օտարերկրյա դիվանագետներին թույլ չէին տվել դատարանի դահլիճ գալ։
Կոլեսնիկովան ու Զնակն իրենց մեղքը չեն ընդունել․ ցուցմունք տալիս դատարանում նրանք հետևողականորեն հերքել են բոլոր մեղադրանքները։ Դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել։
Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին 2020 թ-ի օգոստոսի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Ընդդիմությունը մեղադրել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ընտրությունների կեղծման համար։ Իշխանությունը բողոքի ցույցերին պատասխանել էր բռնաճնշումներով․ տասնյակ մարդիկ են մահացել, հազարավորները վիրավորվել են ու ձերբակալվել։
Շատ ընդդիմադիր գործիչներ ու լրագրողներ, որոնք չեն լքել Բելառուսը, մեծ ժամկետներով ազատազրկման են դատապարտվել, կամ նրանց դեմ գործեր են հարուցվել։