Բեսլանի ահաբեկչության 22-րդ տարելիցը. ի՞նչ առաջընթաց է գրանցել հետաքննությունը
Քսաներկու տարի է անցել Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից, որը Հյուսիսային Օսիայի ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկն է։
Հանրապետությունում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ, սակայն դեռևս չկա լիարժեք հստակություն, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրը։
«Երեք օր դժոխքում». ահաբեկչական հարձակման ժամանակագրությունը
2004 թվականի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները պատանդ էին վերցրել Բեսլանի թիվ 1 դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, այդ թվում՝ առաջին դասարանի աշակերտներին, նրանց ծնողներին և նրանց հետ գտնվող նորածիններին։
Առաջին ժամերին ահաբեկիչները գնդակահարել էին բոլոր չափահաս տղամարդկանց։ Մյուսներին երեք օր պահել էին դպրոցի մարզադահլիճում՝ զրկելով նույնիսկ խմելու ջրից։ Ահաբեկիչները հնչեցրել էին քաղաքական պահանջներ, այդ թվում՝ «զորքերի դուրսբերում Չեչնիայից»։
Ահաբեկիչները նաև պահանջել էին, որ Հյուսիսային Օսիայի այն ժամանակվա նախագահ Ալեքսանդր Ձասոխովը, Ինգուշեթիայի նախագահ Մուրատ Զյազիկովը և ԱՊՀ գործադիր քարտուղար և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն ներկայանան։ Նրանցից ոչ մեկը չէր կատարել պահանջը։
Հյուսիսային Օսիայի իշխանությունները փորձել էին բանակցություններ վարել պատանդների ազատ արձակման հարցով, բայց ապարդյուն։
Սեպտեմբերի 2-ին Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշևին հաջողվել էր համաձայնության գալ ահաբեկչական խմբավորման ինգուշ անդամների հետ. նրան թույլատել էին մտնել մարզադահլիճ և այնտեղից դուրս բերել մոտ 20 կանանց՝ նորածին երեխաների հետ։
Երրորդ օրը՝ կեսօրին, մարզադահլիճում երկու պայթյուն էր լսվել։
Ըստ որոշ պատանդների վկայությունների և պաշտոնական վարկածի՝ պայթել էր ահաբեկիչների կողմից պատերին փակցված պայթուցիկներից մեկը։ Մարզադահլիճում հրդեհ էր բռնկվել, ահաբեկիչները սկսել էին կրակել պատանդների վրա։
Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ պայթյունն ու հրդեհն առաջացել էին արտաքին միջամտության արդյունքում՝ դպրոցի շենքի վրա կրակ էր արձակվել «Շմել» նռնականետից։
Այս վարկածը մնում է վիճահարույց, չնայած Հյուսիսային Օսիայի և Ռուսաստանի իշխանությունները, որպես կանոն, այն կողմնակալ են համարում։ Հետագայում շտապ Բեսլան էին կանչվել ԱԴԾ հատուկ նշանակության ուժերը, որոնք պայթյունի պահին հարևան գյուղում հարձակման պլան էին մշակում։ Ահաբեկիչների հետ մարտ էր սկսվել, արդյունքում պատանդների մեծ մասն ազատ էր արձակվել։
Սակայն կորուստները հսկայական էին։ Ահաբեկչության հետևանքով զոհվեց 334 մարդ՝ 314 պատանդ և 20 աշխատակից ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատից, ՆԳՆ-ից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Վիրավորվեց 783 պատանդ։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ ահաբեկիչները եղել են 32-ը, բոլորը ոչնչացվել են, բացառությամբ մեկի՝ Նուրփաշի Կուլաևի, որը կալանավորվել և դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Այնուամենայնիվ, ահաբեկչական հարձակումից անմիջապես հետո հարուցված քրեական գործը մնում է չբացահայտված։
Զոհերի հարազատները համաձայն չեն եղել կառավարության պաշտոնական վարկածի հետ և պահանջել են «օբյեկտիվ և արդար հետաքննություն»։ Որոշ պատանդների խոսքով՝ եղել է ավելի քան 32 ահաբեկիչ, հնարավոր է՝ նրանցից մի քանիսը փախուստի են դիմել։
Նաև եղել են պնդումներ, որ հանցագործները նախապես զենքի պահեստներ են ստեղծել դպրոցի շենքում, իսկ ահաբեկիչներից մի քանիսը նախկինում էլ մուտք են գործել շենք՝ որպես վերանորոգողներ։

22 տարի անց
2026 թ․-ի սեպտեմբերի 1-ին «Բեսլանի մայրեր» հասարակական կազմակերպությունը անցկացրեց իր ամենամյա մամուլի ասուլիսը։
Կազմակերպության ղեկավար Սուսաննա Դուդիևան հայտնեց քրեական հետաքննության որոշակի առաջընթացի մասին, որը, նրա խոսքով, հնարավոր դարձավ երկու տարի առաջ՝ ահաբեկչական հարձակման 20-ամյակի նախօրեին Բեսլանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Դուդիևայի խոսքով՝ Պուտինը համապատասխան հանձնարարականներ է տվել Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին։
Մամուլի ասուլիսում Դուդիևան հայտնեց, որ հետաքննությունը պարզել է, որ ահաբեկիչների թիվն իրականում գերազանցել է 32-ը, և քրեական գործը չի փակվել, քանի որ ոչնչացված ահաբեկիչներից ոչ բոլորն են նույնականացվել։ Մասնավորապես՝ չի հաջողվել նույնականացնել նրանցից մեկին, ով Սաուդյան Արաբիայի քաղաքացի է եղել․ այդ երկրի իշխանությունները չեն համագործակցում ՌԴ քննչական մարմինների հետ։
Մամուլի ասուլիսի հիմնական թեմաներից մեկը նախկին պատանդների առողջությունն էր։ «Բեսլանի մայրեր»-ը հասել է նրան, որ ահաբեկչական հարձակման զոհերն ու նրանց ընտանիքները ստանում են համակարգված սոցիալական և բժշկական օգնություն։ Ահաբեկչական հարձակումից տուժածների համար նախատեսված համալիր վերականգնողական ծրագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ Նրանց բուժմանն ուղղվող միջոցներն ավելացել են։
«Ես կասեի, որ առողջարանային վերականգնումը հաջողությամբ է ընթանում: Կան որոշ խնդիրներ և նրբերանգներ, բայց դրանք բոլորը լուծելի հարցեր են: Շատ ուրախալի է, որ այժմ վերականգնողական բուժում են ստանում նաև նախկին պատանդների երեխաները, որոնք ծվել են ահաբեկչական հարձակումից հետո: Նման վերականգնողական ծրագիր չի գործում Ռուսաստանում տեղի ունեցած այլ ահաբեկչական հարձակումների զոհերի համար»,- պատմել է Սուսաննա Դուդիևան։
Զոհերի իրավական կարգավիճակի հարցը մնում է արդիական: Համապատասխան օրենքի ընդունումը կբացի սկզբունքորեն նոր հնարավորություններ զոհերի և նույնիսկ նրանց երեխաների աջակցության համար։
«Բեսլանի մայրեր» կազմակերպության անդամ Էլվիրա Տուաևան ասում է, որ իրենք շարունակելու են պայքարել ահաբեկչական հարձակման զոհերի վերաբերյալ օրենքի ընդունման համար, ոչ միայն Բեսլանի հարձակման, այլև Ռուսաստանի Դաշնությունում երբևէ տեղի ունեցած բոլոր ահաբեկչական հարձակումների վերաբերյալ։