ԱՄՆ–ն կարող է 15 տոկոսով կրճատել Վրաստանին հատկացվող օգնությունը
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած օրինագծի համաձայն՝ Վրաստանին 2021 թ–ի հատկացվելիք ամերիկյան օգնության 15%–ը կարող է կասեցվել այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի կառավարությունն արդյունավետ քայլեր չի ձեռնարկել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մասնավոր հատվածի համար օրենքի գերակայության՝ ներառյալ արտասահմանյան գործարարների իրավունքների, նրանց ֆինանսական շահերի ու ներդրումների պաշտպանության ապահովման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ–ն պլանավորում է Վրաստանին 132 մլն դոլար տրամադրել։ Համապատասխանաբար, Վրաստանը կարող է զրկվել 20 միլիոնից։
Օրինագծում խոսվում է նաև, որ օգնության կասեցումը չի տարածվում այն ծրագրերի վրա, որոնք նպաստում են ժողովրդավարությանն, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակությանը կամ գենդերային բռնության դեմ պայքարին։
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը սահմանափակումների կիրառումից հրաժարվելու իրավունք ունի, եթե ապացուցի, որ դա անհրաժեշտ է ԱՄՆ ազգային շահերին։
Օրինագծում խոսվում է նաև, որ այդ օրենքի համաձայն ներկայացված ոչ մի օգնություն չի տրամադրվելու այն երկրի կառավարությանը, որը պետքարտուղարը կբնորոշի որպես երկիր, որը ճանաչում կամ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի օկուպացրած Աբխազիայի և Ցխինվալի շրջանների հետ։