Ալեքսեյ Նավալնին զրուցել է իր չկայացած մարդասպանի հետ
Ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հրապարակել է Կոնստանտին Կուդրյավցևի հետ իր հեռախոսազրույցի տեսանյութն ու տեքստը։ Նա, Նավալնու պնդմամբ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ութ աշխատակիցներից մեկն է, որոնք չորս տարի շարունակ ամենուր հեևել են իրեն։
Օգոստոսին նրանք Նավալնու նկատմամբ մահափորձ են ձեռնարկել «Նովիչոկ» մարտական թույնի կիրառմամբ։
Լրագրողական հետաքննությունն այն մասին, թե ինչպես է հաջողվել պարզել այդ 8 հոգուն, անցկացրել են և մեկ շաբաթ առաջ միաժամանակ հրապարակել այնպիսի հեղինակավոր մեդիառեսուրսներ, ինչպիսիք են Der Spiegel-ը, CNN-ը, The Insider-ը, El Pais-ը։
- Ֆոտոռեպորտաժ ռուսական գյուղից, որտեղ արտադրել են «Նովիչոկ» մարտական թույնը
- Այժմ Պուտինը Ռուսաստանում հավերժ է, իսկ ռուս ժողովուրդը՝ գլխավորը դաշնությունում։ Սահմանադրությունը փոփոխվել է
Դրանում նշվում է, որ չորս տարի շարունակ ԱԴԾ մի խումբ աշխատակիցներ ամենուր հետևել են Նավալնուն և նվազագույնը երկու անգամ արդեն փորձել են թունավորել։
Նավալնին պնդում է, որ այդ հետաքննության հրապարակման օրը ինքն ու իր համախոհները զանգահարել են ենթադրյալ մահափորձի բոլոր 8 մասնակիցներին։
Նրանցից մեկի՝ ռազմական քիմիկոս և ԱԴԾ աշխատակից Կոնստանտին Կուդրյավցևի հետ խոսել է հենց Նավալնին, որը ներկայացել է որպես Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի օգնական։ Զանգը կատարվել է համակարգչային ծրագրի միջոցով, որը փոխում է հեռախոսահամարները․ իրականի փոխարեն օգտագործվել է ԱԴԾ հեռախոսահամարը, այդ պատճառով Նավալնու զրուցակիցը հավատացել է։
Նավալնին Կոնստանտին Կուդրյավցևին խնդրել է վերլուծել, թե ինչ սխալներ են թույլ տրվել մահափորձի ընթացքում։ Վերջինս հավատացել է և հաստատել Նավալնուն հետապնդելու և նրա նկատմամբ մահափորձի փաստերը։
Նավալնին պնդում է, որ պարզագույն քրեագիտական փորձաքննությունը կհաստատի այդ ձայնագրության իսկությունը։
Ռուսաստանի ԱԴԾ-ում Նավալնու այս հրապարակումն արդեն «պլանավորված սադրանք» են անվանել։