Պատգարակով՝ դատարանի դահլիճ․ ՊԵԿ նախկին նախագահի կալանավորումը Հայաստանում
ՊԵԿ նախկին նախագահը՝ պատգարակով դատարանում
Հայաստանում ակտիվորեն քննարկում են Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման թեման։ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Նա նաև անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Քննարկման առարկան, սակայն, ոչ թե Խաչատրյանին առաջադրված մեղադրանքներն են, այլ համացանցում հրապարակված կադրերը։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները 71-ամյա Խաչատրյանին անկողնուց պատգարակի վրա տեղափոխում։ Փաստաբանների պնդմամբ՝ իրավապահ մարմինները խոշտանգել են իրենց պաշտպանյալին։
Իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպություններն արձանագրել են՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող անձի տեղափոխումն իրականացվել է ոչ պատշաճ պայմաններում և ուղեկցվել «ակնհայտ ֆիզիկական տառապանքով»։
«Իրավական որևէ ընթացակարգ կամ վարութային անհրաժեշտություն չի կարող արդարացնել մարդու արժանապատվության ոտնահարումը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի ու ֆիզիկական անձեռնմխելիության ստորադասումը»,- հայտարարել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները՝ Գագիկ Խաչատրյանին վերագրվող մեղադրանքները, փաստաբանի և Գլխավոր դատախազության պնդումները, ՄԻՊ-ի հայտարարությունը, մեկնաբանություններ
- Ի՞նչ պայմանավորվեցին Փաշինյանն ու Պուտինը Բիշքեկում. հանդիպում ծայրահեղ լարվածության ֆոնին
- Հայաստանի նոր խորհրդարանը. իշխող ուժի տեխնոլոգիաներն ու ընդդիմության փակուղին
- «Անցում ոչ ճգնաժամային կառավարման»․ Փաշինյանը՝ գործադիրի նոր ծրագրի մասին
Ի՞նչ է հայտնի հարուցված գործի մասին
Քննչական կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
Ավելի ուշ հաղորդվել էր Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, այնուհետև երկու ամսով կալանավորվելու մասին։
Քրեական վարույթների համաձայն՝ Խաչատրյանը մեղադրվում է՝
- «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց գույք ձեռք բերելու,
- «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնման,
- Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմայի,
- ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Խոսքը գնում է 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու մասին։
ՊԵԿ նախկին նախագահն անցնում է նաև Հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 200 անշարժ գույք, տասնյակից ավելի շարժական գույքեր, մասնավորապես՝
- «193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում,
- 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,
- 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:
- 14 շարժական գույք,
- 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր,
- 147.210 ԱՄՆ դոլար ավանդ,
- 23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
- 17.761.537.781 դրամ»։
Փաստաբաններն ու դատախազությունը՝ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ իրականացվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Դրա համաձայն՝
«Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»։
Փաստաբանական թիմը, սակայն, հակառակն է պնդում․ ՊԵԿ նախկին նախագահի առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քննչական գործողություններին։
Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հունիս ամսին ևս Խաչատրյանին պատգարակով տեղափոխել են նախ քննչական մարմին, ապա դատարան։ Այդ ժամանակ, սակայն, դատարանն արձանագրել է, որ «կալանքը կարող է խոշտանգման հիմքեր պարունակել»։
«Այսքան ժամանակ իրենք սպասեցին, իրենց ուզած [դատաբժշկական] եզրակացությունը ստացան, ինչ եղանակով՝ իրենք գիտեն։ Եվ այսօր նորից նույն եղանակով եկել են ձերբակալեն»,- ընդգծել էր Սարգսյանը։
ՄԻՊ-ը քննարկում է հարցը
Տեսանյութի տարածումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ պաշտպանի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ․
«Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանգամանքները պարզելու նպատակով գրասենյակը պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից։
Պաշտպանի աշխատակազմը խոստացել է հրապարակման ենթակա տեղեկությունները ներկայացնել ավելի ուշ՝ ուսումնասիրության ամփոփումից հետո։
Փորձագիտական կարծիքներ
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դատարանի դահլիճից հրապարակված լուսանկարը ոչ թե պարզապես ծանր տեսարան է, այլ պետության կողմից մարդու իրավունքների ոտնահարման մասին վկայություն։
Ասում է՝ լուսանկարում նիստերի դահլիճի կենտրոնում տեսնում ենք 71-ամյա ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդուն՝ պատգարակով, ամբողջ մարմինը ծածկված, իսկ նրա շուրջը՝ դատավարության մասնակիցներ, սեղաններ, խոսափողներ, փաստաթղթեր։
«Մի կողմից՝ պետության կողմից կազմակերպված քրեական դատավարության ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմը, մյուս կողմից՝ մարդ, որն ամբողջովին անտեսված է համակարգի կողմից»,- մանրամասնել է նա։
Շեշտում է՝ խնդիրը պատգարակի վրա պառկած մարդու նկատմամբ խղճահարություն առաջացնելը չէ, ոչ էլ քննարկելը, թե ինչ գործով է նա հայտնվել դատարանում, այլ ստեղծված «վտանգավոր պատկերը»․
«Երբ պետությունը սովորում է մարդու արժանապատվությունը ստորադասել դատավարական ինչ-որ գործընթացի, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն մեկ մարդու իրավունքը, այլև այն սահմանը, որը պետք է իշխանությանը պահի մարդու նկատմամբ անսահման իշխանություն ձեռք բերելուց»։
Հովհաննիսյանը հիշեցրել է՝ մարդու նկատմամբ պետության իշխանությունը սահմանափակված է, մասնավորապես՝ մարդու արժանապատվությամբ և խոշտանգման արգելքով։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը հրապարակել է կազմակերպության հայտարարությունը, ուր մտահոգություն է հնչում Գագիկ Խաչատրյանի փաստաբանների տարածած տեսանյութերի կապակցությամբ։
«Գագիկ Խաչատրյանը, ըստ պաշտպանական կողմի հայտարարության, ունի դեռևս 2015 թ․-ին ախտորոշված ողնաշարի ստենոզ և պարանոցային ողնաշարի հատուկ իմպլանտներ, իսկ տեղափոխումներն իրականացվել են անձի կիսագիտակից վիճակում»։
Կազմակերպության գնահատմամբ՝ ցանկացած իրավական գործընթաց պետք է կառուցվի այնպես, որ բացառվի անձի առողջական վիճակին վնաս պատճառելը կամ նվաստացնող պայմանների ստեղծումը։
Կազմակերպությունը շեշտում է՝ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխումը պետք է իրականացվի բացառապես համապատասխան մասնագիտական ուղեկցությամբ, բժշկական հսկողությամբ և անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովմամբ։
«Անկախ անձին առաջադրված մեղադրանքների բնույթից կամ նրա նախկին պաշտոնեական դիրքից՝ մարդասիրական սկզբունքներն ու ֆիզիկական անձեռնմխելիության երաշխիքները պետք է մնան անխաթար»,- ասված է հաղորդագրությունում։
Կառույցն իրավասու մարմիններին կոչ է արել վարութային գործողությունների կազմակերպման ողջ ընթացքում՝
- առաջնորդվել անկողմնակալ մասնագիտական գնահատականներով,
- ապահովել անհրաժեշտ բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը,
- բացառել անձին ավելորդ ֆիզիկական ցավ պատճառող ցանկացած գործողություն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՊԵԿ նախկին նախագահը՝ պատգարակով դատարանում