Հայաստանի ՊՆ-ն հաղորդում է Ադրբեջանի ԶՈւ կողմից ԼՂ-ի հայկական գյուղերի ուղղությամբ գրոհի մասին
Ադրբեջանական բանակը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Խծաբերդ և Հին թաղեր (Հին թաղլար) բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Երկու գյուղերն էլ ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել են հայկական կողմի վերահսկողության ներքո: Հադրութի շրջանի մնացած հատվածը գտնվում է Ադրբեջանի ՊՆ վերահսկողության տակ, և դեպի Խծաբերդ ու Հին թաղեր տանող բոլոր ճանապարհները վերահսկվում են ադրբեջանական ուժերի կողմից:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գործողություններ են ձեռնարկում հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:
Այսօր հայկական կողմը արդեն հայտնել էր այն մասին, որ դեկտեմբերի 11-ին ադրբեջանցի զինծառայողները գրոհել են Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերից մեկը: Երեք պահեստազորայիններ վիրավորվել են:
Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ՌԴ խաղաղապահ գործողության մեկնարկից ի վեր Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ խախտվել է զինադադարը:
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է միջադեպին։ Մանե Գևորգյանը գրել է, որ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զորքերի հարձակումը պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին:
Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ից և դադարել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համապատասխան հայտարարության համաձայն: