«Moderna» ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը
Հուլիսի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 239-ով և դարձել 37 629:
Մահացել է ևս 8 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 719-ի։
Առողջացել է ևս 692 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 27 357։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 158 527 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 061:
«Moderna» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Դրանում ներգրավված է մոտ 30 հազար մարդ, որոնք վարակված չեն կորոնավիրուսով:
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի ընկերությունը ԱՄՆ կառավարությունից հավելյալ 472 մլն դոլար է ստացել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ստեղծմանն աջակցելու նպատակով:
«Ոգևորվելով առաջին փուլերի արդյունքներով՝ լիահույս ենք, որ մեր պատվաստանյութը կօգնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին ՝ կանխելով ապագա բռնկումները», — ասել է ընկերության ներկայացուցիչ Ստեֆանի Բանսելը:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջատարներից է: