Եգիպտական բուրգերը, Ինկվիզիցիան, Ուաթերլոոյի ճակատամարտն ու Նարեկացու տաղերը (ցանկը կարող եք շարունակել ըստ ճաշակի), կարճ՝ համաշխարհային քաղաքակրթությունը ստեղծվել է երկրագնդի ընդամենը 29.2%-ի վրա: Մնացած 70 տոկոսը միայն աղի ջուր է: 29 տոկոսանոց ցամաքն էլ բավական է եղել մարդկությանը՝ կերտելու իր ամոթի ու հպարտության պատմությունը:
Հազարամյակներով, տարեցտարի մարդիկ իրար են փոխանցել պողպատի ձուլման գաղտնիքը, Մոցարտի նոտաները, ժանտախտը, կոկա-կոլայի բաղադրությունը և… բազմաթիվ խնդիրներ: Այս՝ 2016 թվականը իր հաջորդին սկուտեղի վրա փոխանցեց ամենաանտանելի բառերից մեկը: Հայաստանի Հանրապետության օրենքով այն ձևակերպվում է այսպես (կրճատումներով).
ՓԱԽՍՏԱԿԱՆ
ռասայական, ազգային, կրոնական, սոցիալական կամ քաղաքական հետապնդումների պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն:
ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում ավելի քան 21 միլիոն փախստական կա: Միայն սիրիական ճնգնաժամի պատճառով շուրջ 5 միլիոն մարդ փախստական է դարձել: Սփյուռքի նախարարության տվյալներով Հայաստանում սիրիահայերի թիվը առնվազն 12.500 է:
Տարեմուտին իրենց տներում Նոր տարին դիմավորողները սովորաբար դիտում են հեռուստացույցով երկրի ղեկավարի ուղերձն ու տրաքացնում շամպայնը: Փախստականների համար տարվա վերջին րոպեներին այլ են: Նրանք լսում են (եթե սիրտ, հավես, հեռուստացույց ու էներգիա ունեն).
Ա – այն երկրի ղեկավարի ուղերձը, որտեղ իրենք են այդ պահին
Բ – իրենց երբեմնի բնակության վայրի ղեկավարի ուղերձը
Գ – լրացուցիչ — իրենց երկրի հարցերով զբաղվող աշխարհի հզորների ուղերձները:
Այդ ուղերձների հիմնական գաղափարը միշտ այսպիսի է եղել. «Թող վերածնվի և նոր կյանք ստանա մեր հայրենիքը, շնորհավոր Նոր տարի, սիրելի հայրենակիցներ»: Եթե սրան դեռ հավատացող կա, խնդրեմ… նայեք մեռած երկրի ղեկավարի ուղերձը 1991 թվականին:
https://youtu.be/Q2Kf6kHWDE0
Միլիոնավոր մարդկանց արյուն, սով, տառապանքներ պատճառելուց հետո, աշխարհին նոր փախստականներ «մատակարարելուց» հետո տեսեք, թե ինչպիսի բաց ճակատով է դիմում երկրի ղեկավարը իր «թանկագին հայրենակիցներին»:
Մի բան պարզ է, որ հաստատ գալիք 2017-ը փախստականների տարի է լինելու: Եվ այնքան հզոր տարի, որ իր իշխանությունը տարածելու է ոչ միայն 29 տոկոս ցամաքի, այլև մնացած 70 տոկոս աղի ջրերի վրա: Սա էլ ձեզ մի ապացույց: Կարմիր կետը ծովի կապույտի վրա ցույց է տալիս, թե որտեղ է լուսանկարիչ Սերգեյ Պոնոմարյովը «բռնացրել» փախստականներին: