Եվս հինգ հայ գերի հայրենիք վերադարձան Ադրբեջանից
Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս 5 գերի: Այս տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Կա նաև նախնական և դեռ պաշտոնապես չհաստատված տեղեկություն, որ չորսը Գյումրի քաղաքից են, մեկը՝ Մասիսից:
Գերիներին Բաքվից տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ արդեն հավաքվել էին նրանց սպասող հարուրավոր հարազատներ:
Գերիները Երևան ժամանեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Նրանց ուղեկցում էր ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
- 1 : 5. Հայաստանն ու Ադրբեջանը կրկին գերիներով են փոխանակվել
- Հայաստանի 62 քաղաքացի Ադրբեջանում. ռազմագերինե՞ր, թե՞ դիվերսանտներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Այն ժամանակ հինգ հայեր վերադարձան Երևան, մեկ ադրբեջանցի՝ Բաքու: Գերիների նախորդ փոխանակումը ևս տեղի է ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ:
Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստան է վերադարձվել 63 մարդ։ Ըստ իրավապաշտպանների տվյալների՝ Ադրբեջանում դեռ պահվում է գերության մեջ հայտնված մոտ 120 հայ։