«Հայաստանը մի կախվածությունը փոխարինում է մյուսով»․ ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը
Հայաստանի ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը
«Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գաղափարն առաջին հայացքից գրավիչ է թվում, սակայն մենք հաճախ ցանկալին շփոթում ենք հնարավորի հետ»,- այս կարծիքին է Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Պնդում է՝ ԵՄ անդամակցության հեռանկարն անիրատեսական է և հակասում է Հայաստանի որդեգրած բանաձևին, այն է՝ քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ։
«Այն ոչ թե իրական այլընտրանք կամ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա է, այլ պարզապես մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու ճանապարհ, ընդ որում՝ ավելի անհեռանկարային և տարածաշրջանային իրողություններից կտրված կախվածությամբ»,- անդրադառնալով ՀՀ եվրաինտեգրման հեռանկարներին՝ գրել է նա։
«Մեդիալաբ»-ում հրապարակված ծավալուն հոդվածում Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ԵՄ անդամակցության օրակարգը Հայաստանին կրկին մղում է դեպի փակուղի՝ ստիպելով վերադառնալ կախվածության այն ձևաչափերին, որոնք «ապացուցել են իրենց անկենսունակությունը»:
«Ինչպես ժամանակին մտածում էինք, որ Ռուսաստանը լուծելու է մեր անվտանգային խնդիրները, այնպես էլ հիմա նույն սխալ ակնկալիքն ունենք, թե ԵՄ-ն լուծելու է տնտեսական խնդիրները, որոնք առաջանալու են ԵՄ անդամակցության ճանապարհին»,- նկատել է նա։
Խոսելով հնարավոր վտանգների մասին՝ նախկին պաշտոնյան նշել է, որ Հայաստանը կարող է կրկին բախվել նույն դաժան իրողությանը, որին բախվեց 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից սկսած։ Ասում է՝ «արտաքին գործընկերը կարող է չստանձնել այն խնդիրների լուծումը, որոնք մենք վերագրում ենք նրան»։
Հոդվածում Գրիգորյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը առանց այն ավելի խորացնելու։ Այդ ենթավերնագրում նա ուղիղ չի պատասխանում իր հարցին, խոսում է ՀՀ ինքնուրույնության մեծացման և ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ համագործակցության խորացման մասին։
Ստորև որոշ կրճատումներով ներկայացնում ենք նախկին ԱԽ քարտուղարի հոդվածը, որը ակտիվ քննարկվում է Հայաստանի քաղաքական շրջանակներում
- «Վերջին քայլը թողնվեց Հայաստանին»․ կարծիքներ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին
- «Դեմոկրատները TRIPP-ը չեն դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի նախագիծ»․ կարծիք Երևանից
- Ադրբեջանի հետ տարաձայնությունների ֆոնին Թուրքիան կբացի՞ ՀՀ հետ սահմանը․ կարծիք Երևանից
Պատմական ակնարկ
«Հայաստանի նորագույն պատմությանը նայելիս մի շատ հստակ և դաժան օրինաչափություն է երևում. ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»։
1990-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ մերձենալու փորձերն ավարտվեցին ՀԱՊԿ-ի անդամակցությամբ և 1997 թ․-ին Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրմամբ՝ ամրապնդելով Հայաստանի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ։
2010-ականներին Սերժ Սարգսյանի իշխանության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու փորձն ավարտվեց 2013 թ․-ի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու որոշմամբ, որին հաջորդեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Այսօր այս նույն պատմությունը կարծես կրկնվում է, բայց շատ ավելի վտանգավոր սցենարով։
ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին և քայլերին զուգահեռ՝ ես տեսնում եմ Հայաստանը ռուս-բելառուսական «Միութենական պետության» մեջ ներքաշելու սպառնալիքի մեծացում»։
Մոսկվայի ճնշումներին դիմակայելու իմունիտետ չունենք
«ԵՄ անդամակցության մասին հայտարարություններն ու քայլերը կտրուկ սրում են հայ-ռուսական հարաբերությունները:
Ռուսաստանի կոշտ և ագրեսիվ հակազդեցության պայմաններում Հայաստանի պետական իմունային համակարգը պարզապես ի վիճակի չէ դիմակայելու Մոսկվայի տնտեսական, քաղաքական և հիբրիդային ճնշումներին:
Արդյունքում, չունենալով Արևմուտքի իրական անվտանգային երաշխիքները՝ Հայաստանը ոչ միայն չի կարողանում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, այլև ավելի խոցելի է դառնում նրա ճնշումների նկատմամբ»։
Եվրաինտեգրման օրակարգը հակասում է տարածաշրջայնացմանը
«ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը հակասության մեջ է մտնում տարածաշրջայնացման բնականոն գործընթացի հետ։ Հայաստանը գտնվում է երեք խոշոր տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերի հատման կետում։ Նրանցից յուրաքանչյուրի հետ Երևանի հարաբերությունները սերտորեն փոխկապակցված են և պահանջում են զգայուն հավասարակշռության պահպանում։
Իրանը բազմիցս հայտարարել է իր կարմիր գծերի մասին՝ դեմ արտահայտվելով տարածաշրջանում արևմտյան ուժերի ռազմաքաղաքական ներկայության ընդլայնմանը։ Արևմուտքի հետ լարված հարաբերությունների պայմաններում Թեհրանը ԵՄ-ն դիտարկում է որպես հավաքական Արևմուտքի մաս։
Հայաստանի՝ ԵՄ անդամակցության փորձերը կարող են վտանգել Իրանի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Իսկ Իրանը Հայաստանի համար պարզապես հարևան չէ, այլ կենսական նշանակություն ունեցող շնչառական ուղի։
Թուրքիան, թեև ՆԱՏՕ-ի անդամ է, բայց վարում է ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականություն։ Ադրբեջանի հետ միասին Անկարան ձգտում է, որ տարածաշրջանի խնդիրները լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Դրա օրինակներից է «3+3» ձևաչափը։
Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում ընդլայնելու Երևանի փորձերը կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Ռուսաստանը ԵՄ անդամակցության Հայաստանի օրակարգը դիտարկում է որպես սպառնալիք տարածաշրջանում իր շահերին և դրան արձագանքում է կոշտ հակազդեցությամբ»։
ՀՀ-ն կարող է կորցնել տնտեսական կայունության հենարանները
«Տիեզերագնացության մեջ հրթիռը Երկրի ձգողականության դաշտից դուրս գալու համար պետք է հասնի երկրորդ տիեզերական արագությանը՝ 11,2 կմ/վ։ Եթե այն չի ապահովում անհրաժեշտ արագությունը, ապա ոչ թե մնում է օդում, այլ ձգողականության ուժի ազդեցությամբ հետ է ընկնում։
Հայաստանը չունի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի տնտեսական ձգողականության դաշտից դուրս գալու համար անհրաժեշտ «արագություն»։
ԵՄ անդամակցության երկարատև ու դանդաղ գործընթացում հայտնվելով «միջանկյալ» վիճակում՝ Հայաստանը կարող է կորցնել տնտեսական կայունության ներկայիս հենարանները՝ էժան էներգակիրներն ու ռուսական շուկան, և ավելի ցավոտ հետ ընկնել դեպի Ռուսաստանից լիակատար կախվածություն»։
ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցները կհայտնվե՞ն Երևանի օրակարգում
«ԵՄ անդամակցության ճանապարհին Հայաստանը կանգնելու է նաև Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներին միանալու խնդրի առաջ։ Սա կարող է լրջորեն վնասել այդ երկու երկրների հետ հարաբերություններին, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության և տնտեսության համար։
Ռուսական գազի հնարավոր թանկացման, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մատակարարումների դադարեցման մասին խոսակցությունների ֆոնին Հայաստանում ավելի ակտիվ են քննարկվում Իրանից գազի ներմուծումն ավելացնելու հնարավորությունները։ Սակայն այստեղ առաջանում է մի կարևոր հակասություն։
Եվրամիությունը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով արգելում է իրանական բնական գազի գնումը, ներմուծումն ու փոխանակումը։ ԵՄ անդամակցության և եվրոպական օրենսդրությանն ու արտաքին քաղաքականությանը համապատասխանեցման ճանապարհին Հայաստանը որոշակի փուլում ստիպված է լինելու իր օրենսդրությունն ու արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել նաև այս պահանջներին։
Սա նշանակում է, որ Հայաստանը կանգնելու է Իրանից գազի ներմուծումը դադարեցնելու անհրաժեշտության առաջ։ Հարցականի տակ է հայտնվելու նաև Հայաստանի և Իրանի միջև գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։
Ստացվում է հակասական իրավիճակ. երբ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար մեզ անհրաժեշտ են մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, իսկ ԵՄ անդամակցության ճանապարհին կարող ենք սահմանափակել նաև իրանական գազից օգտվելու հնարավորությունը»։
Պետք է խորացնել գործակցությունը ոչ միայն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ
«Հնարավոր է զարգացնել քաղաքական, տնտեսական և անվտանգային համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ՝ առանց ԵՄ անդամակցությունը դարձնելու արտաքին քաղաքականության նպատակ։
Մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանից կախվածությունը մեկ այլ կենտրոնից կախվածությամբ փոխարինելն է, այլ Հայաստանի ինքնուրույնությունը մեծացնելը։
Մենք կարող ենք խորացնել համագործակցությունը ոչ միայն ԵՄ-ի և ԱՄՆ-ի, այլև Հնդկաստանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի պետությունների, Պարսից ծոցի երկրների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ գործընկերների հետ առանձին օրակարգերով։
Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները չեն սահմանափակվում երկու աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ընտրությամբ։
Որքան բազմազան լինեն մեր տնտեսական, քաղաքական և անվտանգային կապերը, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենանք հավասարակշռելու արտաքին կախվածությունները»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանի ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը