Ադրբեջանի հետ տարաձայնությունների ֆոնին Թուրքիան կբացի՞ ՀՀ հետ սահմանը․ կարծիք Երևանից
Թուրքիան կբացի՞ սահմանը Բաքվի հետ լարվածության ֆոնին
Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման շուրջ քննարկումները։ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել, որ սահմանը կարող է բացվել նախքան կողմերը կհամաձայնեցնեն հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր հատուկ ներկայացուցիչների նշանակումը։
«Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է։ Միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»,- հայտարարել է նա։
Հայ փորձագիտական համայնքի գնահատմամբ՝ սահմանի բացումը, անշուշտ, շատ կարևոր է Հայաստանի համար, բայց այն համապատասխանում է նաև Թուրքիային։ Ասում են՝ հարևան երկիրը շահագրգռված է սահմանի բացմամբ, քանի որ դա կարող է՝
- ընդլայնել իր առևտրային և տրանսպորտային հնարավորությունները,
- ստեղծել Վրաստանով անցնող առկա երթուղիների այլընտրանք,
- ամրապնդել իր դերը տարածաշրջանային հաղորդակցություններում։
Սակայն, բոլոր վերլուծաբանները չէ, որ կիսում են այս տեսակետը։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը թերահավատորեն է վերաբերվում սահմանի շուտափույթ վերաբացման հեռանկարներին։
JAMnews-ի հետ զրույցում նա անդրադարձել է նաև վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում տիրող լարվածությանը։ Հայաստանում այն դիտարկում են որպես հարաբերությունների արագ կարգավորման օգտին աշխատող գործոն: Որոշ փորձագետներ ակնկալում են, որ այս իրավիճակում սահմանը կարող է բացվել՝ առանց հաշվի առնելու Բաքվի կարծիքն այն մասին, որ Թուրքիան չպետք է իրադարձություններից, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից առաջ ընկնի:
Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է՝ Անկարայի և Բաքվի միջև տարաձայնությունները չեն նշանակում, թե Թուրքիան կվերանայի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Նա կարծում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակում են ռազմավարական նշանակություն ունենալ Թուրքիայի համար, «միայն տնտեսական գործոնները դժվար թե գերակշռեն քաղաքական հաշվարկներին»:
- «Ակնարկ դժգոհության մասին»․ ՀՀ ԱԳ նախարարը չի մեկնել Թուրքիա
- Հայ և թուրք գործարարների ուղերձը սահմանի բացման մասին․ ի՞նչ սպասել
- «Թշնամանքի էջը երկուստեք փակել ենք»․ ՀՀ ԱԺ նախագահի արձագանքը Ֆիդանին
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունը
Որոշիչ դեր ունի ոչ թե եղբայրությունը, այլ ռացիոնալ քաղաքական հաշվարկը
«Ադրբեջանը չափազանց զգայուն է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին՝ դրա փակ լինելը դիտարկելով որպես Հայաստանի վրա ճնշման գործիք։ Այդպես է եղել հակամարտության հենց սկզբից, այդ թվում՝ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ քննարկվում էր սահմանն առանց նախապայմանների բացելու հնարավորությունը։ Սակայն Թուրքիան, ի վերջո, գործընթացը կապեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ՝ հենց ադրբեջանական լոբբիի ազդեցության ներքո։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն անվանում են «ֆուտբոլային դիվանագիտություն», սկսվել է 2008 թվականին։ Այն նախաձեռնել էր այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը։
Սկզբում նրա հրավերով Հայաստան եկավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ ՀՀ նախագահի հետ նրանք դիտեցին երկու երկրների ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղը։ Այնուհետև, 2009 թվականին Սարգսյանը մեկնեց Թուրքիա, որտեղ կրկին պետք է տեղի ունենար ազգային հավաքականների միջև խաղ։
«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունք հանդիսացան, այսպես կոչված, Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվեցին 2009 թվականին արտաքին գործերի նախարարների կողմից։ Այդ փաստաթղթերով նախանշվում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և հարաբերությունների կառուցման սկզբունքները։ Սակայն կողմերն այդպես էլ չվավերացրին արձանագրությունները։
Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակի փոփոխությանը` սահմանը մնում է փակ։ Շարունակում են ներկայացվել պահանջներ, որոնց թվում է նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սա ցույց է տալիս, որ չկա հստակ «կարմիր գիծ», որից այն կողմ ճնշումը կդադարի։ Պահանջներն անընդհատ փոխվում են, և չկա որևէ երաշխիք, որ դրանց իրականացումը կհանգեցնի իրավիճակի փոփոխության։ Ադրբեջանի տեսանկյունից նման լծակի պահպանումը լիովին ռացիոնալ է։
Հայաստանում և Ադրբեջանում ներկայումս ընթացող քննարկումները հիմնականում պայմանավորված են Բաքվի և Անկարայի միջև հրապարակայնորեն դրսևորված տարաձայնություններով։ Պաշտոնական Երևանը, ըստ երևույթին, հույս ունի, որ այդ տարաձայնությունները կթուլացնեն Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա և կդրդեն Անկարային բացել հայ-թուրքական սահմանը՝ չնայած Բաքվի առարկություններին։
Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ սահմանի բացման հավանականությունը մոտ ապագայում մեծ է։ Ընդհակառակը, այն չնչին է։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև հակասություններ միշտ էլ եղել են, բայց նախկինում դրանք պակաս հրապարակային էին և աննկատ էին մնում լայն հանրության համար։
Օրինակ՝ երկու երկրները տարբեր մոտեցումներ ունեն Իսրայելի հետ հարաբերությունների առնչությամբ։ Ադրբեջանի հարաբերությունները բավականին մտերիմ են, մինչդեռ Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ ժամանակի ընթացքում վատթարացել են՝ երբեմն հասնելով լուրջ հակամարտության։ Մեկ այլ օրինակ է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Անկարան բացահայտ կոչ է արել Բաքվին ճանաչել այն, սակայն Ադրբեջանը դա չի արել։
Երկու երկրների միջև առկա տարաձայնությունների, այդ թվում՝ ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի շուրջ վեճի հանդեպ ուշադրության աճը երկարատև լարվածության միայն տեսանելի մասն է։ Այնուամենայնիվ, ես չէի ակնկալի, որ դրանց արդյունքում Բաքուն և Անկարան կդադարեն իրար ընդառաջել։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ իրապես կան, բայց դա չի նշանակում, որ դրանք կհանգեցնեն նրանց հարաբերությունների վերանայման։
Հայաստանի հարցում Թուրքիան մշտապես պահպանել է Ադրբեջանին աջակցելու քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը միայն մշակութային ընդհանրությամբ, «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարով կամ եղբայրական զգացմունքներով բացատրելը մեթոդաբանորեն սխալ է։ Դա ոչ թե զգացմունքի հարց է, այլ ռացիոնալ քաղաքական հաշվարկ, որն ընկած է երկու երկրների միջև հարաբերությունների հիմքում»։
Քաղաքական խոչընդոտներն ավելի շատ են, քան պոտենցիալ տնտեսական օգուտները
«Այն դիտարկումները, թե Հայաստանի հետ սահմանի բացումը զգալի տնտեսական օգուտներ կբերի Թուրքիային, թվում են անազնիվ կամ առնվազն ոչ կոմպետենտ։ Հայաստանը Թուրքիայի համար բավականաչափ մեծ շուկա չէ, որպեսզի սահմանի բացման տնտեսական օգուտները գերակշռեն քաղաքական խոչընդոտներին, որոնք շատ ավելի լուրջ են։
«Ֆուտբոլային դիվանագիտության» փորձը ցույց է տալիս, որ այն ժամանակ Անկարան ակնկալում էր ոչ այնքան Հայաստանի հետ տնտեսական մերձեցում, որքան Արևմուտքի հետ հարաբերություններում քաղաքական դիվիդենտների կորզում։ Այդ ժամանակ հայկական հարցը Եվրոպայի և Եվրամիության հետ հարաբերություններում Թուրքիայի օրակարգի մաս էր կազմում, և Անկարան հույս ուներ դրանից որոշակի քաղաքական դիվիդենտներ ստանալ։ Այժմ Եվրամիության հետ մերձեցման գործընթաց չկա, մինչդեռ Ադրբեջանը գործող և հուսալի գործընկեր է, որի հետ Թուրքիան շահագրգռված է պահպանել հարաբերությունները։
Երբեք մի՛ ասա երբեք։ Սակայն սահմանի արագ վերաբացման հույսերը, ըստ իս, հիմնված են կամ կողմնակալության, կամ իրավիճակի սխալ ըմբռնման վրա։ Նույնիսկ ձեռքբերված համաձայնությունները միշտ չէ, որ իրականացվում են։ Օրինակ՝ Անիի պատմական կամրջի վերակառուցումը քննարկվում է արդեն երեք տարի, և մրցույթային գործընթացի (տենդերի) ավարտը ներկայացվում է որպես մեծ նվաճում։ Հետևաբար, ես քիչ հավանական եմ համարում սահմանի շուտափույթ բացման հեռանկարը»։
Ինչո՞ւ է Թուրքիային անհրաժեշտ ևս մեկ ճանապարհ
«Այն փաստարկը, որ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիային լրացուցիչ մուտք կտա Կենտրոնական Ասիայի շուկաներ, համոզիչ չի թվում։ Արդեն իսկ կա երկաթուղային երթուղի Վրաստանով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը, որը դեռևս լիովին չի օգտագործվում։
Եթե Թուրքիան լրջորեն հետաքրքրված լիներ այս ուղղությամբ փոխադրումների ծավալը մեծացնելով, կարող էր օգտագործել արդեն գոյություն ունեցող երթուղին։ Լիովին պարզ չէ, թե ինչ տեսակի լրացուցիչ բեռնափոխադրումներն են պահանջելու Հայաստանով անցնող նոր երթուղի»։
Սահմանի բացումը չի երաշխավորի հարաբերությունների կարգավորում
«Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է Հայաստանին տնտեսական և քաղաքական առավելություններ տալ։ Առաջին հերթին, դա կհեշտացնի Եվրոպայի հետ հաղորդակցությունը և կնվազեցնի տրանսպորտային ծախսերը։ Թուրքիան մեծ տնտեսություն է և պոտենցիալ նշանակալի շուկա հայկական բիզնեսի համար, չնայած Հայաստանին սահմանակից թուրքական շրջանները երկրի ամենաքիչ զարգացած հատվածներից են։ Այնուամենայնիվ, հայ ձեռնարկատերերը կարող են գտնել հնարավորություններ այնտեղ ապրանքներ և ծառայություններ արտահանելու համար։
Այսպիսով, սահմանի բացումը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար, բայց միայն դա չի նշանակի հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թուրքիան կբացի՞ սահմանը Բաքվի հետ լարվածության ֆոնին