«ՌԴ և ԵԱՏՄ որոշ շրջանակներ աջակցում են ՀՀ ընդդիմության գաղտնի պլանին». Փաշինյան
Փաշինյանը՝ ՌԴ և ՀՀ ընդդիմության գաղտնի պլանի մասին
Հայաստանը հասել է մի շատ կարևոր և պատմական փուլի, որի իրականացումը ունենալու է շրջադարձային նշանակություն՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական։ Այսօր Ազգային ժողովում 2027 թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում և դրանից դուրս կան ուժեր, որոնց մեծագույն խնդիրն է, որ այդ պատմական շրջափուլը տեղի չունենա։ Ասում է՝ նման ուժեր եղել են նաև նախկինում՝ սկսած 2018 թ.-ից, սակայն այս տարի «քարտերը բացվել են»։
Հիշեցրել է ընդդիմադիր շրջանակների կողմից բարձրաձայնված գաղտնի պլանի մասին, որի նպատակը, ըստ վարչապետի, մեկն է՝ թույլ չտալ, որ Հայաստանը շարունակի ընթանալ տնտեսական զարգացման ճանապարհով:
«Հայաստանի Հանրապետության ներսում այդ գաղտնի պլանն իրագործելու ռեսուրս չկա, և գաղտնի պլանի հեղինակները պիտի ամեն ինչ անեն արտաքին ռեսուրսներ ներգրավելու համար»,- հայտարարել է նա:
Այսպես կոչված գաղտնի պլանի մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև շաբաթներ առաջ՝ առանց մատնանշելու, թե որ երկրների կամ կառույցների մասին է խոսքը:
«Չեմ ուզում թաքցնել նաև, որ այդ պլանը Եվրասիական տնտեսական միության որոշ շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության որոշ շրջանակներում ունի աջակցություն։ Եվ նաև դրա համար կան պատճառներ, որովհետև Հայաստան գործուղվել են մարդիկ՝ շատ կոնկրետ խոստումներով, երաշխիքներով»,– այս անգամ ընդգծել է նա:
Ելույթում վարչապետն անդրադարձել է նաև մի շարք այլ թեմաների, այդ թվում՝ ընդդիմության կողմից երաշխավորի փնտրտուքին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու ՀՀ նոր Սահմանադրության ընդունմանը, «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրագործմանն ու հայկական երկաթուղում առկա խնդիրներին:
Վերջին շրջանում, այսպես կոչված, «գաղտնի պլանի» մասին խոսում է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոստանալով իշխանափոխության հասնել Հայաստանում։
Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում և երկրից դուրս կան ուժեր, որոնք քայլեր են ձեռնարկում պետության անկախության դե ֆակտո վերացման համար։
Վարչապետը նշել էր, որ վերջին 3 տարիներին նման մի քանի փորձ է գրանցվել, մասնավորապես՝ 2023 թ․-ի իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում, 2026 թ․-ի հունիսի խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա՝ այժմ երրորդ փորձն է նախապատրաստվում: Նկատի ունի, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու դեպքում հնարավոր տնտեսական հետևանքների մասին սպառնալիքները:
«Սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է»,- հայտարարել էր Փաշինյանը:
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Ուղերձ ծանր հարվածների մասին»․ ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության հնարավոր կասեցումը
- «Երկաթուղու կոնցեսիայի շուրջ քննարկումը վերածվում է ՌԴ հետ բանակցային գործընթացի»․ կարծիք
- «Ապագայում կքննարկենք «ամուսնության» հարցը»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին
«ՀՀ քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ միակ երաշխավորը ժողովուրդն է»
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ընդդիմության շատ ներկայացուցիչների երաշխիքներ տվել, ուղարկել էին Հայաստան: Հարցնում է՝ այդ երաշխիքներն ինչո՞ւ չեն կարողում իրագործել: Առաջարկում է հայացք գցել հայ ժողովրդի պատմությանն ու տեսնել՝ այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, ավարտվել է աղետով.
«Ես ուղղակի գործընկերային ծառայություն եմ մատուցում մեր ընդդիմադիր գործընկերներին, ասելով, որ նրանք դեռևս ունեն ժամանակ այդ աղետից խուսափելու համար: Խոսքը քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների ձեզ հայտնի քաղաքական աղետից խուսափելու մասին է։ Եվ նրանք կօգտվեն այդ հնարավորությունից»:
Հիշեցրել է՝ նախկինում ևս ընդդիմությանն առաջարկել է մի կողմ թողնել երաշխավորներին, կենտրոնանալ և աշխատել ի շահ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և բարեկեցության։ Այդ ժամանակ, սակայն, իր առաջարկն արձագանքի չի արժանացել։
«Ըստ էության, լռությամբ մերժվել է: Կարծում եմ՝ այդ ժամանակը դեռ սպառված չէ։ Ի վերջո մեր քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ կարող է լինել միայն մի երաշխիք, և այդ երաշխիքը Հայաստանի ժողովուրդն է»,- ընդգծել է նա:
«Մեր ամենակարևոր անելիքը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է»
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է՝ ՀՀ կառավարության առաջիկա ամենակարևոր անելիքն ու գլխավոր նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է:
Ադրբեջանը Հայաստանի հետ պայմանագրի կնքման նախապայման է համարում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը: Բաքուն խնդրահարույց է համարում, մասնավորապես՝ հղումը Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
Սահմանադրության նախագիծն Արդարադատության նախարարությունը դեռևս չի հրապարակել: Հայ պաշտոնյաները, սակայն, բազմիցս հայտարարել են՝ հռչակագրին հղում նոր մայր օրենքում չպետք է լինի: Միաժամանակ, նրանք հերքում են, թե Սահմանադրության փոփոխության են գնում Ադրբեջանի պահանջով: Պնդում են՝ սա ՀՀ ներքին խնդիրն է, որը չեն քննարկում որևէ երրորդ երկրի հետ:
Պայմանագրի ստորագրման համատեքստում Փաշինյանն անդրադարձել է երկրում նոր Սահմանադրության ընդունմանը: Վարչապետի խոսքով՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրները մի շարք լեգիտիմ հարցադրումներ են արել, որոնք պետք է ստանան կոնկրետ պատասխաններ, մասնավորապես՝
- «երբ Հայաստանն ընդունի նոր Սահմանադրություն, արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի,
- արդյո՞ք ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ տեղի է ունենալու համապարփակ խաղաղություն, և Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կոնֆլիկտային օրակարգեր այլևս չեն լինելու»։
Շեշտել է՝ առաջիկայում գործադիրի ջանքերն ուղղված են լինելու այս հարցերի պատասխանները ստանալուն։
Վստահ է՝ եթե նոր Սահմանադրության ընդունման գործընթացը տեղի ունենա հստակ և դրական պատասխանների առկայության պայմաններում, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ընթացքում «կողմ» կքվեարկի նոր Սահմանադրությանը։
Փաշինյանի խոսքով՝ եթե այդ իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնի նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը․
«Այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ: Հայաստանի կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի»:
Վարչապետը շեշտել է՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իր վստահությունը և լավատեսությունը շարունակաբար աճում են։ Ըստ նրա՝ գործ ունենք մի գործընթացի հետ, որը միանշանակ պսակվելու է կոնկրետ արդյունքով՝ «ՀՀ և ժողովրդի շահերից բխող» արդյունքով:
«TRIPP-ը տարածք չունի, տարբեր տեղերում կարող են իրականացվել նախագծեր»
Խոսելով տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման մասին՝ Փաշինյանը նշել է՝ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրագործումը գործնականում մեկնարկել է:
Տեղեկացրել է նաև, որ նախքան TRIPP զարգացման ընկերության ձևավորումը կառավարությունը պատրաստվում է իր նախաձեռնությամբ մեկնարկել TRIPP նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի նախագծի պատվիրելու աշխատանքները:
«Երբ TRIPP զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին արդեն կատարված աշխատանքն ուղղակի ՀՀ կառավարությունը կփոխանցի ընկերությանը։ Այսինքն՝ այն պահին, երբ ընկերությունը պատրաստ կլինի այդ աշխատանքը վերցնել և իրականացնել»,- պարզաբանել է նա:
Վարչապետի դիտարկմամբ՝ TRIPP նախագիծը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի համար.
«Սա գործնականում նշանակում է, որ ավելի քան 30 տարի Հայաստանի Հանրապետության շարունակվող շրջափակումը հաղթահարվում է»:
Փաշինյանի փոխանցմամբ՝ այս ուղղություններով ապաշրջափակումը չի նշանակում, թե բոլոր ենթակառուցվածքները, բոլոր ուղղությունները լինելու են TRIPP նախագծի շրջանակում և նախագծի մաս։
«Այս պահին հստակ գիտենք, որ TRIPP նախագծի մաս են կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, և այնտեղ նաև էլեկտրական հաղորդման գծեր, ճանապարհ, ավտոճանապարհ»:
Ասում է՝ ավելի ուշ կքննարկեն նաև գազամուղի, նավթամուղի և այլ թեմաներ:
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է՝ TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ ողջ տարածքում՝ տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր։
«Եթե համոզմունք ունենք, մի օր Հայաստանով անցնի տարանցիկ գազամուղ, ամենևին փաստ չէ, որ այդ գազամուղն անցնելու է ՀՀ հարավով, կամ երբ ՀՀ-ով անցնի նավթամուղ, ամենևին էլ փաստ չէ, որ այդ նավթամուղն անցնելու է Հայաստանի հարավով»,- մանրամասնել է նա:
Միևնույն ժամանակ նկատել է՝ ամենևին էլ փաստ չէ, որ երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ում միջազգային նշանակություն ունեցող միայն TRIPP նախագծի շրջանակում են երկաթուղիներ կամ երկաթուղի գործելու կամ TRIPP նախագիծը երկաթուղի ունենալու է միայն Հայաստանի հարավում։
«Երկաթուղու վերականգնման համար մեծ ներդրումներ են պետք»
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր ունի կարևոր և նույնիսկ պատմական հնարավորություն. երկրի հյուսիսով է անցնում արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհը, այն է՝ ամենամեծ շուկաների կապն ամենամեծ շուկաների հետ․
«Ակնհայտ է, որ մենք այս ուղղությամբ պետք է ամեն ինչ անենք մեծ ներդրումներ ներգրավելու համար։ Առաջին հերթին, իհարկե, մեր կենտրոնացվածությունը երկաթուղիների, երկաթուղու և ավտոճանապարհների մասին է»:
Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է հայկական երկաթուղում առկա խնդիրներին: Նշել է, որ երկաթուղին, ընդհանուր առմամբ, շատ լավ վիճակում չէ, իսկ հենց հյուսիսային հատվածում, մասնավորապես՝ Հաղարծին գյուղի հատվածում առկա է սողանք, որն «անհնար է դարձրել երկաթուղու աշխատանքը»:
Նրա փոխանցմամբ՝ երկաթուղու վերականգնումը մեծ ներդրումներ է պահանջում, որոնք կարվեն միայն այն պայմաններում, երբ որոշակի վստահություն լինի՝ ներդրումը շահույթով կվերադառնա։
Կարևորել է նաև Իջևան-Հրազդան և Վանաձոր-Գյումրի երկաթուղային գծերը միացնելը, Երասխի, Ախուրիկի հատվածներում երկաթուղու վերականգնումը:
Հիշեցրել է՝ ՌԴ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են և հավելել՝ առաջիկա 3 ամսում պետք է կողմնորոշվենք:
«Հարցի պատասխանը, թերևս, պետք է լինի հետևյալը, թե ով և ինչպես է անելու և ինչ ժամկետներում իմ նշած ներդրումները։ Ինձ համար միանշանակ է, որ մենք չենք կարող բաց թողնել Հայաստանի համար պատմական այս հնարավորությունը, և մենք այստեղ պետք է գնանք լուծումների»,- ամփոփել է Փաշինյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ ՌԴ և ՀՀ ընդդիմության գաղտնի պլանի մասին