«Լրտեսական ուժերը ոչնչացվեցին»․ Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Փաշինյանը՝ 2026 թ․-ի ՏԻՄ ընտրությունների մասին
«ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն [իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը] կամ պրոՔՊական թեկնածուները և թիմերը տարան ջախջախիչ հաթանակ»,- իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքներում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, որոնցից 19-ում՝ համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։
Հինգ համայնքներում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին մասնակցել է առանց մրցակից քաղաքական ուժերի։
Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ՔՊ-ն հաղթել է 16 համայնքում, ևս երկուսում՝ «Համերաշխություն» դաշինքը։ Ստեփանավանում առավելագույն ձայները՝ 41,54 տոկոս կամ 5506 ձայն, ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Այդ կուսակցության ցուցակը գլխավորում էր Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որ համայնքի ղեկավար էր ընտրվել 2021 թ․-ին՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։
Փաշինյանը հաղթանակի առիթով շնորհավորել է իշխող ուժի թեկնածուներին և թիմերին։ Ընդգծել է՝ Հայաստանի քաղաքացիների օգնությամբ այս ընտրությունների արդյունքում «լրտեսական ընդդիմադիր ուժերը ոչնչացվեցին»։
Միևնույն ժամանակ նկատել է՝ որպես թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ՝ ամենևին էլ երջանիկ չէ, որ մի շարք համայնքներում ստացել են 90+, 80+ կամ 70+ ձայներ։
«Ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ Դրանք առաջ են բերում նաև ընդդիմության հարցը Հայաստանում։ Մենք պետք է այս իրավիճակը ճիշտ գնահատենք։ Մի կողմից՝ մենք պետք է իսկապես Հայաստանից արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, մյուս կողմից՝ Հայաստանը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- հայտարարել է Փաշինյանը։
Ընտրությունների արդյունքները, հնարավոր իրավախախտումները, Փաշինյանի գնահատականը
- Փաշինյանի աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի. 2027 թ.-ից ՀՀ պաշտոնյաներն ավելի շատ կվճարվեն
- «Անցում ոչ ճգնաժամային կառավարման»․ Փաշինյանը՝ գործադիրի նոր ծրագրի մասին
- Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում․ պաշտոնի խոստում Փաշինյանից բարձրակարգ մասնագետներին
Ընտրողների մասնակցությամբ առաջատարը եղել է Ստեփանավանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրողների մասնակցության վերաբերյալ վերջնական տվյալները։ Մասնակցությամբ առաջատարը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է՝ 68.83%։
Ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև հետևյալ համայնքներում՝
- Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք — 62.56%,
- Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք — 61.78%,
- Սյունիքի մարզ Մեղրի համայնք — 57.97%։
21 համայնքներից մասնակցության ամենացածր ցուցանիշն է ունեցել Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքը՝ 25.39%։
54 ահազանգ է ստացվել․ հնարավոր իրավախախտումների մասին
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 ահազանգ:
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նախաքննական մարմին են փոխանցվել առերևույթ 10 դեպքի հետ կապված փաստաթղթերը, մասնավորապես՝
- քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1,
- ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու՝ 1,
- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 7,
- ընտրակաշառք տալու՝ 1,
Խախտումների մասին ահազանգել են նաև դիտորդները։ «Ականատես» դիտորդական առաքելությունը իր այցելած 407 ընտրատեղամասերից 137-ում արձանագրել է հնարավոր ընտրախախտումների 217 դեպք։
Ընտրախախտումների շարքում եղել են կուտակումներ, քվեարկության գաղտնիության խախտման ռիսկեր, ընտանեկան քվեարկության դեպքեր և այլն։
Ընտրությունների նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել 21 համայնքներից 3-ում ընդդիմադիր թեկնածուների ու նրանց աջակիցների բերման ենթարկման մասին։ Հակակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր, որ կան ձերբակալվածներ, սակայն նրանց ինքնությունը չէր բացահայտել՝ ելնելով նախաքննության շահերից։
«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ»,- հայտնել էին կոմիտեից։
«Լուծել ենք 1 խնդիր, առաջ է եկել 2-3 նոր խնդիր»․ վարչապետի գնահատականը
Հայաստանի վարչապետի խոսքով՝ ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից.
«ՏԻՄ ընտրություններով այս չափով և այսքանով խնդիրը լուծված է»,- նկատել է նա և հավելել, որ այժմ ի հայտ է եկել 3 նոր խնդիր։
Դրանք են՝
- «ինչպե՞ս անել, որ ընտրությունների արդյունքներն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն,
- ինչպե՞ս անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ,
- ինչպե՞ս անել, որ ՀՀ-ում ձևավորվի պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ և միայն սեփական ընտրողների և քաղաքացիների կողմից կառավարվող և ուղղորդվող ընդդիմություն»։
Փաշինյանը շեշտել է՝ կառավարությունը չպետք է մասնակցի նոր ընդդիմության ստեղծմանը, քանի որ դա կլինի «կառավարվող, կեղծ ընդդիմություն»։
Վարչապետի համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ ակտիվանան անկախ քաղաքական ուժերը։ Նկատել է ՝ կառավարությունը չի աջակցի դրանց ձևավորմանը, բայց չի էլ խոչընդոտի․
«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իսկապես ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ, Հայաստանի ժողովրդի շահերի վրա հիմնվելով և հենված է ժողովրդավարական արժեքների ու տրամաբանության վրա, ոչ թե ընտրակաշառքների կամ գողացվածը, թալանվածը քաղաքականության մեջ ներդնելու և քաղաքականությունը թալանվածը պաշտպանելու գործիք դարձնելու ուղղությամբ է գործում»։
Կարծում է՝ պետականակենտրոն ընդդիմությունը նաև «իրական և կառուցողական վերահսկողություն» կիրականացնի իշխանության գործողությունների նկատմամբ։
«Ուզում եմ ասել, որ նաև մեր համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքներով ուժեղ ընդդիմություն չի ձևավորվել, բաց է մնում հանրային վերահսկողության հարցը։ Ես հույս ունեմ, որ հանրային խմբերը, քաղհասարակության ներկայացուցիչները իրենց այս գործառույթը կկատարեն՝ հենվելով ճշմարտության վրա»,- ամփոփել է Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ 2026 թ․-ի ՏԻՄ ընտրությունների մասին