«Հետքերը տանում են դեպի Ադրբեջան և Իսրայել»․ կարծիք ՀՀ դեմ հաքերային հարձակումների մասին
Հաքերային հարձակումներ ՀՀ պետական կառույցների դեմ
Հայաստանի մի շարք պետական կառույցներ ենթարկվել են հաքերային հարձակման։ Հարձակումները հայտնաբերել է կանադական Citizen Lab-ը։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ, CyberHUB.am-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ վարակումները կատարվել են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ թիրախային։ Դրանք ուղղված են եղել ընդդեմ կոնկրետ անձանց և կազմակերպությունների։ Խոսքը, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի, Կենտրոնական բանկի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին է։
Հայտնի է, որ վարակողը եղել է իսրայելական Candiru ընկերությունը։ Դեռևս 2021 թ․-ին այս նույն ընկերությունը համակարգիչների վարակման միջոցով ՀՀ դեմ հարձակումներ էր գործել՝ ծառայություններ մատուցելով Ադրբեջանին։
Թե որ երկիրն է կանգնած հաքերային հարձակման հետևում այս անգամ՝ Սամվել Մարտիրոսյանը դժվարանում է ասել։
«Ամենայն հավանականությամբ, վարակողը կամ Ադրբեջանն է, կամ հենց Իսրայելը, կամ երկուսը միասին։ Ուրիշ շահագրգիռ կողմ, որը նաև կկարողանար այդ ծառայությունները գնել, չեմ կարծում, որ կա, որովհետև Իսրայելի բանակը պիտի թույլտվություն տա իրականացնել նման տիպի հարձակումներ»,- յութուբյան էջում հրապարակած տեսանյութում նկատել է փորձագետը։
Այս պահին անպատասխան է նաև հարցը, թե ինչ տվյալներ և բովանդակություն են կարողացել կորզել հաքերային հարձակումների արդյունքում։
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
- Երկու «հակադիր» խմբերի հիբրիդային հարձակումներ Հայաստանի վրա․ բացահայտում
- «ՀՀ-ում թափթփված վերաբերմունք կա անձնական տվյալների նկատմամբ»․ փորձագետ
Մեկնաբանություն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ կանադական Citizen Lab-ի բացահայտել է հարձակումներ, որոնք արձանագրվել են նաև նախկինում։ Մինչ այս, սակայն, դրական «զրոյական քլիքով» չէին տեղի ունենում։
Ասում է՝ իսրայելական Candiru ընկերությունը ՀՀ պետական կառույցների դեմ հաքերային հարձակումներ է իրականացրել նաև նախկինում։ Այս անգամ գործընթացը տեղի է ունեցել ոչ միայն համակարգիչների, այլև գովազդի միջոցով վարակելու ձևով։
«Իրենք գործարքի մեջ են մտել մի գովազդային ցանցի հետ։ Դա շատ տարածված բան է, երբ կայքն իր մոտ դնում է գովազդային ցանցի ծրագիրը, իսկ գովազդային ցանցը գովազդ է դնում ու ցուցադրում կայքերի վրա, կայքն էլ դրանից ստանում է տոկոս։ Ու այս գովազդային մեծ ընկերությունը, փաստացի, մտել է գործարքի մեջ Candiru-ի հետ և գովազդի միջոցով մարդկանց վարակել»,- մանրամասնել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ վարակումները եղել են Windows համակարգիչների դեմ, բայց թիրախավորվել են նաև բջջային հեռախոսներ։ Ըստ նրա՝ դեռ հասկանալի չէ՝ հավաքագրվե՞լ է խորացված տեղեկատվություն հեռախոսների վերաբերյալ, թե՞՝ ոչ, սակայն կարելի է ենթադրել, որ դա օգտագործվելու է «ուրիշ տիպի» հարձակումների մեջ։
Տեղեկատվության անվտանգության փորձագետի գնահատմամբ՝ հարձակումները կրել են շատ զանգվածային բնույթ։
«Հայաստանում ամենաշատն օգտագործվել է mamul.am կայքը։ Բացարձակ չմտածեք, թե այդ կայքն ինչ-որ ձևով ներգրավված է, մեղավոր է և այլն․ պարզապես իրենց մոտ են տեղադրված եղել այդ գովազդային ցանցի բաներները։ Մոտ 1 միլիոն անգամ ցուցադրվել են գովազդները, որից 100,000-ը գնահատվում են որպես թիրախային, հարձակողական տվյալ հավաքող կամ հարձակողական ցուցադրումներ»։
Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրել ան հանգամանքի վրա, որ իսրայելական Candiru ընկերության հետ կապված հաքերային հարձակման բացահայտումը վերջին շրջանի միակ դեպքը չէ։ Մասնավորապես՝ Cisco Talos և Recorded future ընկերությունները հրապարակել են զեկույց ՀՀ դեմ գործող մեկ այլ հաքերային խմբի մասին։
Ելնելով խմբի ակտիվություններից, այլ հաքերային խմբերի հետ գործակցությունից և ժամային գոտու հետ կապակցումից՝ վերոնշյալ ընկերությունները ենթադրում են, որ այն կապ ունի Ղազախստանի հետ։
«Ռուսալեզու են այդ հաքերները, չի բացառվում, որ նաև կարող են լինել ռուսաստանյան, որոնք փորձում են քողարկվել և ներկայանալ որպես Ղազախստանում գործող»,- ընդգծել է փորձագետը։
Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Ղազախստանն «անսովոր դերակատար է»։ Չի բացառում նաև, որ նրա հետևում կանգնած են «ուրիշ ուժեր, որոնք փորձում են գործել ղազախական դրոշի ներքո»։
Այս հաքերային խմբի կողմից 2026 թ․-ի սկզբին հարձակման է ենթարկվել ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Հայաստանը, սակայն, միակ թիրախը չէ։ Հաքերային խումբը գործում է նաև Տաջիկստանում, Բելառուսում և Ռուսաստանում։
«Վախենալու գործիքներ չեն, որ զրո քլիքով լինեն։ Ֆիշինգով են աշխատում, հետո փորձում են դրա միջոցով ներմուծել վիրուսներ համակարգիչների մեջ»,- հավելել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հաքերային հարձակումներ ՀՀ պետական կառույցների դեմ