«ՀՀ-ին անկախությունից զրկելու հերթական փորձն է նախապատրաստվում»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ՀՀ-ին անկախությունից զրկելու մասին
«Մեր պատմության մեջ առաջին անգամն է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ անուղղակի կերպով ասում է՝ ձեզ կհեռացնենք մեզնից»,- անդրադառնալով ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության ժամանակավոր կասեցման մասին զեկույցին՝ կեսկատակ-կեսլուրջ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շեշտել է՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստորագրված փաստաթղթերի համաձայն՝ անդամ երկրներն իրավունք չունեն մեկ այլ անդամի հեռացնել կազմակերպությունից: Այդ մասին նշված է նաև վերոնշյալ զեկույցում։
Միաժամանակ, զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի հովանու ներքո գործող մեկ այլ կառույցի՝ Հավաքական անվտանգության կազմակերպության հետ։
«Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ անդամ երկրները, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է՝ ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»,- հարցրել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ նախորդող շրջանում ՀՀ նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով չեն հանգեցրել այն հետևանքներին, որոնց ձգտում էին ՀՀ-ում և երկրի սահմաններից դուրս գտնվող շրջանակները:
Խոսքն, ըստ Փաշինյանի, ներքաղաքական անկայունություն հրահրելու և երկիրն անկախությունից զրկելու փորձերի մասին է։
Լրագրողները հստակեցնող հարց են տվել՝ Ռուսաստա՞նն է ապակայունացնում Հայաաստանը։
«Շատ կոնկրետ ասել եմ՝ ՌԴ որոշ շրջանակներ, այո։ Նորությո՞ւն է ձեզ համար»,- արձագանքել է նա։
Ինքը՝ վարչապետը, վստահ է՝ ՀՀ-ն «բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»։
Ճեպազրույցի կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Երկաթուղու կոնցեսիայի շուրջ քննարկումը վերածվում է ՌԴ հետ բանակցային գործընթացի»․ կարծիք
- Սպառնալի՞ք, թե՞ դատարկ հոխորտանք․ արձագանք ՀՀ-ի «ուկրաինացման» մասին Մեդվեդևի հայտարարությանը
- Հայ արտադրողների արձագանքը ռուսաստանյան սահմանափակումներին․ կարծիքներ, թվեր
«Կապրենք, կտեսնենք»․ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին
Լրագրողները փորձել են պարզել Փաշինյանի կարծիքը օրերս հրապարակված զեկույցի մասին, որտեղ մատնանշվում են ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու դեպքում հնարավոր տնտեսական հետևանքները։ Կանխատեսումներին վարչապետն արձագանքել է հակիրճ՝ կապրենք, կտեսնենք․
«Մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունը, մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան։ Մենք գնալու ենք այդ ճանապարհով»։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում և երկրից դուրս կան ուժեր, որոնք աշխատանքային իրավիճակը (նկատի ունի ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա խնդիրները) փորձելու են օգտագործել ոչ միայն երկրում քաղաքական անկայունություն հրահրելու, այլև պետության անկախության դե ֆակտո վերացման համար։
Թե ինչ ուժերի մասին է խոսքը՝ վարչապետը չի հստակեցրել։ Միայն նշել է, որ վերջին 3 տարիներին նման մի քանի փորձ է գրանցվել։ Մատնանշել է, մասնավորապես՝
- 2023 թ․-ի իրադարձությունները Ղարաբաղում` ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում․ «Նպատակն էր մարդկանց հոսքն ուղղել դեպի Հայաստան, զուգահեռաբար քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր էին հնչեցվում հայտնի տեղերից»;
- 2026 թ․-ի հունիսի խորհրդարանական ընտրությունները։
«Հիմա երրորդ փորձն է նախապատրաստվում: Սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է»,- ընդգծել է նա՝ առանց մանրամասնելու։
«Գաղտնի պլանի» մասին վերջին շրջանում հաճախ խոսում է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոստանալով իշխանափոխության հասնել Հայաստանում։
Վարչապետի գնահատմամբ՝ գործ ունենք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչի հետ։
«Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է, արդյունքում ՀՀ պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը, այսինքն՝ սկզբից դե ֆակտո, հետագայում նաև դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը»,- կրկնել է նա և հավելել, որ նույն նպատակին են ուղղված եղել նաև վերջին տասնամյակների գործընթացները։
«Ապոկալիպսիս չի լինելու»․ ռուսական գազի թանկացման մասին
Ճեպազրույցում Փաշինյանն ընդգծել է՝ չկա երաշխիք, որ գազը չի թանկանա։ Միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին ութ տարում գազը թանկացել է առնվազն երկու անգամ։
«Գիտե՞ք, որ նախկինում էլ է գազի գինը թանկացել, դուք տեղյակ չեք եղել: 2019 թվականին թանկացել է, հետո չեմ հիշում 23-ին, թե՞ 22-ին։ Ուղղակի ՀՀ կառավարությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի ՀՀ ժողովրդի համար»,- նկատել է նա։
ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ նույնիսկ գազի գնի 69% թանկացման դեպքում ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասվում․
«Ովքեր խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, ուղիղ եմ ասում»։
Ըստ նրա՝ ապոկալիպսիս էին «խոստանում» նաև 2018 թ․-ին, 2019 թ․-ին, 2020 թ․-ին և մինչ օրս։ Պնդել է՝ այդ ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է։
Վերադառնալով գազի գնի բարձրացման թեմային՝ վարչապետը նշել է, որ պետք է նաև հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ հարևան Թուրքիայում և Ադրբեջանում գազը 2-3 անգամ թանկ է, իսկ այնտեղ աճեցրած լոլիկը՝ 2-3 անգամ էժան։
«Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա և լինի մրցունակ»,- հայտարարել է Փաշինյանը։
«Պատմությունից ոչինչ չի ջնջվելու»․ ՌԴ հետ հարաբերությունների մասին
Խոսելով իր և Պուտինի շփումների, ինչպես նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին՝ ընդգծել է՝ հարաբերությունները միշտ էլ դրական են և շարունակելու են մնալ դրական։ Միևնույն ժամանակ նկատել է՝ դա չի նշանակում, որ մեր պատմությունից ջնջվելու է 2020 թվականը, 2021 թվականը, 2023 թվականը։
«Դա չի նշանակում, որ էն, որ մեր փողը վճարած մեր սպառազինությունը մեզ չէր տրվում, մեր պատմությունից անհետանալու է, որ 2022 թ․-ի սեպտեմբերն անհետանալու է մեր պատմությունից։ 2022 թ․-ի սեպտեմբերին [ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ] ՀԱՊԿ-ն իր պայմանագրային պարտավորությունները ՀՀ նկատմամբ չի կատարել՝ սրանից բխող խորքային հետևանքներով»,- մանրամասնել է նա։
Փաշինյանի գնահատմամբ՝ փաստն այն է, որ երբ մենք զենքով, գազով, ծիրանով, կախված ենք մի երկրից, դա սպառնալիք է մեր պետությանը, պետք է այդ սպառնալիքը կառավարել։
«Մենք Հայաստանի անկախության մակարդակը բարձրացնում ենք։ Դիտավորյա՞լ։ Պատկերացրեք՝ այո։ Դիտավորյալ, չարամիտ կերպով ՀՀ անկախության և ինքնիշխանության մակարդակը բարձրացնում ենք»,- հայտարարել է նա։
Ըստ վարչապետի՝ ստեղծված իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան շատերը պատկերացնում են։ Շեշտել է՝ խոսքը Հայաստանի անկախության և պետականության մասին է և հավելել՝ «պետք է դասեր քաղենք պատմությունից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ ՀՀ-ին անկախությունից զրկելու մասին