Հայաստանի իշխող ուժի նախկին պատգամավորը՝ ՍԴ դատավոր․ կա՞ անաչառության և անկախության ռիսկ
ՔՊ նախկին պատգամավորը՝ ՍԴ դատավոր
Հայաստանի խորհրդարանն այսօր փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել իշխող ուժի նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, բոլորը քվեարկել են հենց նրա օգտին։
Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվել էր մեկ շաբաթ առաջ, երբ երկրի նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր նրա թեկնածությունը։ Ավելի վաղ նա դադարեցրել էր նաև իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Վլադիմիր Վարդանյանն ակտիվ պատգամավորական գործունեությամբ էր զբաղվում, գլխավորում էր ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը։
ՀՀ քաղաքացիական հասարակությունը ՍԴ դատավորի պաշտոնում Վարդանյանի ընտրման արդյունքում դատարանի անկախության և անաչառության հետ կապված ռիսկերի առաջացման վտանգ է տեսնում։
Բոլոր մանրամասները՝ հակիրճ
- ՀՀ-ում թանգարանի տնօրենն ազատվել է աշխատանքից Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար
- Ֆիշինգային հարձակում Հայաստանի իշխող ուժի անվան օգտագործմամբ․ ի՞նչ է հայտնի
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
Ի՞նչ է սահմանում օրենքը
Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներն ամրագրված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում։
Օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորը չի կարող՝
- լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր,
- կուսակցությունում պաշտոն զբաղեցնել,
- կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
«Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն», — պահանջում է օրենքը։
Պաշտոնավարման ընթացքում քաղաքական գործունեությամբ զբաղվելու պարագայում ՍԴ դատավորի լիազորությունները ենթակա են դադարեցման։ Ընդ որում, այդ մասին հիշատակում կա նաև երկրի մայր օրենքում՝ գործող Սահմանադրությունում։
Քաղհասարակության ներկայացուցիչները շեշտում են՝ օրենքի դրույթները տարածվում են ընտրվելուն հաջորդող ժամանակահատվածի վրա, սակայն դրանց նպատակը ՍԴ դատավորի՝ քաղաքական ուժերի հետ փոխկապակացվածությունը բացառելն է, դրա արդյունքում դատարանի անկախության և անաչառության հետ կապված ռիսկերից ապահովագրելը։
«Քաղաքական կապերի ընդհատումը երաշխավորված չէ»․ ՀԿ-ների հայտարարությունը
«Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ, նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ»,- ահազանգել են տասնյակից ավելի ՀԿ-ներ։
Արձանագրել են՝ քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը։
Հայտարարությունը հրապարակվել է նախքան ԱԺ փակ քվեարկության անցկացումը։ ՀԿ-ներն Ազգային ժողովին կոչ են արել «ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ քվեարկելուց»։
Քաղհասարակության ներկայացուցիչներն ընդգծել են՝ Վարդանյանի պաշտոնավարման անկախությունն ու անաչառությունը կասկածի տակ դնելու համար ինքնին բավարար է իշխող քաղաքական ուժի հետ «գաղափարական փոխկապակցվածությունը»։
Շեշտել են՝ նման փոխկապակցվածությունը «խիստ բնական երևույթ» է կուսակցական և խորհրդարանական խմբակցության երկարաժամկետ անդամակցության, ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահության պայմաններում․
«Մանդատը վայր դնելը կամ կուսակցության անդամակցության դադարեցումը ողջամտորեն չեն կարող երաշխավորել քաղաքական և կուսակցական կապերի ընդհատումն ու քաղաքական ազդեցությունները»։
Կազմակերպությունները հիշեցրել են, որ նմանատիպ իրավիճակ էր նաև տարիներ առաջ՝ 2018 թ․ին, երբ ՍԴ դատավոր էր ընտրվում Հրայր Թովմասյանը, իսկ այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե նա «Սերժ Սարգսյանի կողմից գործուղվում է Սահմանադրական դատարան»։
Հրաժեշտ նշանակումից առաջ․ նախապատմություն
Ազգային ժողովում ՍԴ դատավորի հարցի քննարկումից մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Վարդանյանը շտապել էր հրաժեշտ տալ իր գլխավորած խորհրդարանական հանձնաժողովի անդամներին։ Հատկանշական է, որ այդ պահին նույնիսկ ընտրության օրվա մասին տեղեկություն դեռ չէր հրապարակվել։
«Տրադիցիայի համաձայն, վերջում էլ պետք է ասեմ՝ ժողովուրդ ջան, ավել-պակասի համար կներեք»,- ասել էր պատգամավորն ու շնորհակալություն հայտնել գործընկերներին շատ ակտիվ համագործակցության համար։
Վարդանյանի թիմակիցներին նույնպես այս հայտարարությունն անակնկալի էր բերել։
«Չարժեր շտապել հրաժեշտ տալ, բայց, լավ»,- արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Ընդդիմադիրների գնահատմամբ՝ իր հրաժեշտով իշխանական պատգամավորն ապացուցեց՝ քվեարկությունը ֆորմալ բնույթ է կրում, տեղի է ունենալու ոչ թե ընտրություն, այլ նշանակում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ իշխող ուժը չի պահում նույնիսկ ձևական կողմը, քանի որ «արդյունքները պարզ են ընտրությունից առաջ»։
«Բոլորը գիտեն, որ առաջադրել են թեկնածու, գալու է, կապ չունի՝ ինչ է խոսելու, ինչ հարց են տալու, ինչ հանրային արձագանք է ունենալու, sms-ը գալու է, իրեն ընտրելու են, որովհետև այդպես են որոշել, որովհետև Սահմանադրական դատարանն էլ ավելի պիտի ենթարկվի իրենց»,- արձանագրել էր ընդդիմադիր պատգամավորը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՔՊ նախկին պատգամավորը՝ ՍԴ դատավոր