«Թույլ չենք տա մեզ տրորել»․ Վրաստանի շրջանային հեռուստաալիքի 90 լրագրող գործադուլ է հայտարարում
Վրաստանի Աջարիայի շրջանում Հանրային հեռուստատեսության շուրջ 90 աշխատակից վերջնագիր է ներկայացրել ղեկավարությանը։
Կամ 21 օրվա ընթացքում այն աշխատանքի կվերադարձնի մի քանի հեռացված լրագրողների, այդ թվում՝ լրատվական ծառայության երկու ղեկավարներին, կամ մասշտաբային գործադուլ է լինելու։
Կոլեկտիվի մյուս պահանջների թվում են խմբագրության անկախության երաշխիքներն, աշխատանքային իրավունքների պահպանումը, հեռուստաալիքի զարգացման ռազմավարական պլանի ձևավորումը։
Հեռուստաալիքի լրագրողները հեռացումները կապում են նոր տնօրենի հետ։ Նրանց պնդմամբ՝ նա իշխանությունների դրածոն է և նշանակվել է՝ հեռուստաալիքի անկախ քաղաքականությունը փոխելու և շրջանում հավատարիմ մեդիամիջավայր ստեղծելու համար խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են 2020 թ–ի հոկտեմբերին։
Այս պնդման հետ համաձայն է երկրում գործող տեղի և միջազգային փորձագետների մեծ մասը։
•Վրաստանի իշխանությունները կապված են ֆեյսբուքյան հարյուրավոր կեղծ էջերի հետ
• Թե ինչպես է Վրաստանի գլխավոր օլիգարխը կապված նոր վարչապետի հետ․ բոլոր մանրամասները
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր հատուկ հայտարարությունում արձանագրել է, որ Վրաստանում զգալիորեն ուժեղացել է լրատվամիջոցների նկատմամբ ճնշումը, պայքար է գնում հեռուստաալիքների դեմ, որոնք քննադատաբար են տրամադրված իշխանությունների նկատմամբ։
Սա ավելի տագնապալի է՝ հաշվի առնելով այն, որ Վրաստանի բնակչության 70 տոկոսը տեղեկություններ է ստանում գլխավորապես հեռուսացույցով, իսկ խորհրդարանական ընտրություններին ընդամենն ութ ամիս է մնացել․ դրանցում կորոշվի, թե ով է երկիրը ղեկավարելու հետագա չորս տարում, ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունում։
Հեռուստաալիքի ղեկավարության և կոլեկտիվի միջև բանակցություններում միջնորդի դեր է ստանձնել աշխատանքի և առողջապահության նախարարությունը։
«Լրագրողներ առանց սահմանների»․Վրաստանի իշխանություններն ավելի ու ավելի մեծ վերասկողություն են ստանում լրատվամիջոցների նկատմամբ
Անկախ լրատվամիջոցի շուրջ բռնկված առաջին աղմկահարույց սկանդալը տեղի է ունեցել 2019 թ–ի ամռանը, երբ փոխվեցին Վրաստանում ամենապոպուլյար հեռուստաալիքի՝ ընդդիմադիր «Ռուսթավի–2»–ի սեփականատերերն ու ղեկավարությունը։ Առաջատար պրոդյուսերներն ու լրագրողները հեռացան հեռուստաալիքից և նոր ընդդիմադիր հեռուստաալիք ստեղծեցին «Մտավարի» («Գլխավոր») անվանումով։
Միաժամանակ լրագրողների մեկ այլ խումբ ստեղծեց ևս մեկ ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը։
Այս պահի դրությամբ՝ ընդդիմադիր հեռուստաալիքների գրեթե բոլոր հիմնադիրների, տնօրենների և պրոդյուսերների դեմ կամ քրեական գործեր են հարուցվել, կամ նրանց անընդհատ դատախազություն են կանչում և ժամերով հարցաքննում որպես վկաների։
Այդ թվում․
«Մտավարիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիայի դեմ քրեական գործ է հարուցվել, նրա ընտանիքի անդամներին հետևում են։
Հեռուստաալիքի գլխավոր բաժնետեր Գիորգի Ռորուան նույնպես քննության տակ է հրազենի ապօրինի պահպանման և կրման մեղադրանքով։
Ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաընկերության հիմնադրի հայրը՝ 70-ամյա գործարար Ավթանդիլ Ծերեթելին, նեգրավված է աղմկահարույց գործի մեջ, որը վերաբերում է TBC բանկին, և նրան պարբերաբար հարցաքննության են կանչում դատախազություն։
«Ֆորմուլա» հեռուստաընկերության տնօրենը դատախազություն է հրավիրվել 2019 թ–ի հոկտեմբերի 1–ին՝ եթերում հեռուստաալիքի դեբյուտի օրը։ Նա այնտեղ ինը ժամ շարունակ ցուցմունքներ է տվել, որոնք վերաբերում են «Ռուսթավի–2» հեռուստաալիքին։