Ֆրանսիայի Սենատի Ստորին պալատը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին
Ֆրանսիայի Սենատի Ստորին պալատը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին։ Կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ երեքը։
Նոյեմբերի 25-ին նման բանաձև էր ընդունել նաև Սենատի Վերին պալատը։ Սակայն երկրի ԱԳՆ-ն շուտով հայտարարությամբ հանդես եկավ, որ Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Բանն այն է, որ Սենատի երկու պալատների բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում։ Այսինքն՝ նախարարների կաբինետը կարող է բանաձևն ի գիտություն ընդունել և չկատարել դրանք։
Դեկտեմբերի 3-ին Սենատի Ստորին պալատում բանաձևի նախագծի քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանն արդեն հայտարարել է, որ ճանաչումն օգտակար չի համարում բանակցային գործընթացի համար։
Ավելին՝ Արցախի ճանաչումը կնշանակի, որ Ֆրանսիան չի կարող հակամարտությունում որպես միջնորդ հանդես գալ։ Մինչդեռ, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և հենց դրա շրջանակում են ընթանում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները։
- Ֆրանսիայի Սենատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի ճանաչան անհրաժեշտության մասին» բանաձև
- Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն․ ԱԳՆ հայտարարություն
Ինչ է ասվում բանաձևում
Ֆրանսիացի պատգամավորները կողմ են արտահայտվում հակամարտության վերջնական լուծմանը հասնելու անհրաժեշտությանը, ինչը խաղաղ բնակչության անվտանգությունը կերաշխավորի և կայուն խաղաղություն կհաստատի։ Դրա համար նրանք իրենց կառավարությանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղն ու եվրոպական մյուս գործընկերների հետ անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել։
Բանաձևում խոսվում է Թուրքիայի կողմից ռազմական գործողություններում ահաբեկչական խմբավորումներ ներկայացնող վարձկանների ներգրավման մասին։ Եվ այս կապակցությամբ ֆրանսիական խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են վերանայել ԵՄ-ին Թուրքիայի ներգրավման գործընթացը շարունակելու նպատակահարմարությունը։
Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը
Ժան Իվ լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն ու դա Ֆրանսիայից էլ չի խնդրում։
Նախարարն ընդգծել է, որ հասկանում է պատգամավորների դիրքորոշումն ու ինքն էլ է դատապարտում ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ, արգելված զինատեսակների կիրառումն ու սիրիացի վարձկանների օգտագործումը։
Այս առնչությամբ դիվանագետն անդրադարձել է Թուրքիայի դերին, որը վճռորոշ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախում սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում։ Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանի հետ Թուրքիայի մրցակցությունն է հանգեցրել ռազմական գործողություններին և տարածաշրջանում անկայունության հաստատմանը։
«Պատերազմի ժամանակ ռմբակոծությունը չի խնայել ոչ հիվանդանոց, ոչ եկեղեցի։ Հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել հարազատ տները։ Ֆրանսիայում ոչ ոք չպետք է անտարբեր մնա այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Ղարաբաղում», — հայտարարել է Ժան Իվ լը Դրիանը։